Վիլյամ Սարոյանի առանձնատունը կվերակառուցվի որպես տուն-թանգարան

Վիլյամ Սարոյանի առանձնատունը կվերակառուցվի որպես տուն-թանգարան

Ամերիկահայ գրող, դրամատուրգ և վիպագիր Վիլյամ Սարոյանի տունը գնած «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը հայտարարում է, որ առանձնատունը կվերակառուցվի որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ: Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, մեծանուն գրողի տունը գտնվում էր ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն: 20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանն ապրում և ստեղծագործում էր Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած 2729 Գրիֆիֆ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը :

Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ զարկ է տվել հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Tert.am-ը, «Ինտելեկտուալ Ռենենսանս» հիմնադրամը մշակում է, և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Հիմնադրամն առաջարկում է բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց գաղափարներն՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին: «Մենք մեծ ուրախությամբ կքննարկենք բոլոր առաջարկները»,- նշբած է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում