ԱՄՆ-ում ներկայացվել են Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները

ԱՄՆ-ում ներկայացվել են Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ փետրվարի 27-28-ին Հայաստանը և Արցախն առանձին տաղավարով ներկայացվել են ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` «LA Travel and Adventure Show»-ին, որն այս տարի տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ի թիվս զբոսաշրջային ցուցահանդեսի հարյուրավոր մասնակիցների, այցելուներին են ներկայացվել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում ԼՂ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանից ժամանած Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի պատվիրակությունը:

Հայկական տաղավարը ցուցահանդեսի հազարավոր այցելուներին ներկայացվել է Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաև առաջարկում էին Հայաստան և Արցախ ճամփորդելու փաթեթներ:«LA Travel and Adventure Show»-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանն է հանձնել լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում