Ա. Աշոտյանի ջավախքյան հաշվետվությունը

Ա. Աշոտյանի ջավախքյան հաշվետվությունը

Վերջին օրերին հասարակական և լրատվական տարբեր շրջանակներում քննարկվեցին ՀՀ կառավարական մի քանի գերատեսչությունների ղեկավարների փոփոխությունների հարցը, և մի շարք դեպքերում այդ քննարկումները մշակվեցին՝ վերածվելով հաշվետվությունների: Հանրությունն իրավացիորեն գնահատականներ հնչեցրեց, որոնց հասցեատերերը պաշտոնից հեռացած այս կամ այն նախարարներն ու մարզպետերն էին: Գաղտնիք ասած չենք լինի, որ քննարկվողների մեջ առաջին տեղում էին երկրի գիտակրթական համակարգն ու վերջինիս պատասխանատուն՝ նախարար Արմեն Աշոտյանը:

Սույն ակնարկը ևս հաշվետվության նման մի բան է և վերաբերում է ՀՀ սահմաններից դուրս ապրող հայության, կամ, ավելի կոնկրետ, ջավախահայության շրջանում նախարար Ա. Աշոտյանի կատարած քայլերին: Միանգամից նշեմ՝ մի քիչ երկար եմ մտածել, թե ինչպես արտահայտվեմ, որ ընթերցողն ինձ ճիշտ հասկանա: Ի վերջո՝ իմ հայրենի ջավախահայության ներկա դժվարին վիճակն ու ՀՀ պաշտոնյաների շրջանում համատարած անտարբերությունն այդ վիճակի հանդեպ ինձ բերեցին այն համոզման, որ պետք է գրել, պետք է գնահատել ՀՀ պաշտոնյաների կողմից այս հողի վրա իրականացված անգամ ամենափոքր քայլը՝ հուսալով, որ այն դրական ազդակ կդառնա և կմղի բոլորին իրենց պաշտոնավարման շրջանում ինչ-որ բան թողնել նաև Ջավախքում, հիշարժան ու գնահատելի բան:

Երախտապարտ ջավախահայության մոտ ոչ ոք չի մոռացվում և ոչինչ չի մոռացվում. իմ արխիվում մինչև օրս խնամքով պահվում է «MEDICUS» ուսանողական ամսաթերթի 2001 թ. սեպտեմբերի համարը, որտեղ հոդվածագիր Ս. Չոբանյանն առանձնակի հուզմունքով է ներկայացնում Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հայր Բաբգէն վրդ. Սալբիյանի (այն ժամանակ՝ աբեղա) հրավերով Համահայկական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ջավախքում իրականացված 10-օրյա բժշկական անվճար աջակցության ծրագիրը: Ջավախքի հեռավոր ու լեռնային գյուղերում՝ Գանձայում, Փոկայում, Արագովայում ու Մեծ Սամսարում, 1000-ից ավելի հիվանդների սպասարկման համար “դեղատուն”, “հիվանդասենյակներ”, “վիրահատարաններ” ու շարժական կաբինետներ հիմնողը և համապատասխան մասնագիտական խմբի ղեկավարը ԵՊԲՀ Կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ Արմեն Աշոտյանն էր:

ԱԺ պատգամավորության տարիներին Ա. Աշոտյանը հանդես եկավ ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ (2008 թ. աշուն), որով նախատեսվում էր արգելել բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում ուսումնառող Վրաստանի Ջավախք նահանգի և Արցախի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Թեև մեր պահանջն էր, որ ՀՀ-ում արտոնությունների փոխարեն աշխատանքներ տարվեն հենց Ջավախքում հիմնելու ՀՀ պետական բուհ, այդուհանդերձ, առկա վիճակում նախաձեռնությունը նյութական ու բարոյական տեսանկյունից անչափ կարևոր էր:

Նախարարի պաշտոնավարման շրջանում ևս Ջավախքի հանդեպ ուշադրությունը չնվազեց. 2008 թ. Տ. Սարգսյանի կաբինետի ձևավորումից մինչ օրս Ա. Աշոտյանը միակ նախարարն է, որը Ջավախքում է գտնվել երկու անգամ (այս ընթացքում մեկական անգամներ Ջավախքում են գտնվել Սփյուռքի և Առողջապահության նախարարներ Հ. Հակոբյանն (Տերյանական ավանդական օրվա շրջանակներում) ու Ա. Մուրադյանը): Ամենակարևորը՝ Ա. Աշոտյանը 2010 և 2015 թթ. Ջավախք է այցելել ոչ թե պաշտոնական այցով (որի պարագայում սովորաբար հայ պաշտոնյաները “գերեվարվում են” Վրաստանի կառավարական մարմինների կողմից և ջավախքահայությունը գրեթե չի շփվում վերջիններիս հետ), այլ հենց այնպես, արձակուրդի ընթացքում մի քիչ մածուն ուտելու և շփվելու հայրենակիցների, ընկերների հետ: Նախարար Ա. Աշոտյանը այցի շրջանակներում հանդիպեց բազմաթիվ մարդկանց հետ, անցավ մեծն Թումանյանի ճամփաներով՝ լինելով գեղատեսիլ Փարվանայի ափին, Քռի անդնդախոր կիրճերով բարձրացավ մինչ Թմկա անառիկ բերդի կատար, վայելեց ջավախքցու հյուրասիրությունն ու սերը: Եվ իսկապես, արձակուրդի մի քանի օրը գեղատեսիլ Ջավախքում անցկացնելը, մտավորականության, ուսուցիչների, գործիչների, Ջավախքի խնդրով մտահոգ մարդկանց և պարզապես հասարակության կողքին գտնվելը չէր կարող չդրսևորվել բարոյահոգեբանական դրական լիցքերի տեսքով (մենք այդ մասին ժամանակին հայտնել ենք մամուլի միջոցով):

Ա. Աշոտյանի երկրորդ այցը Ջավախք 2015-ին էր: Նա այս անգամ ևս հնարավորինս շփվեց ազգաբնակչության հետ, հատուկ այց կատարեց Ախալքալաքի ու Նինոծմինդայի կրթամշակութային-երիտասարդական կենտրոններ, ծանոթացավ սաների՝ կարնո տարազով պատրաստված ձեռագործ աշխատանքների հետ և պատիվ ունեցավ նվեր ստանալու դրանցից, դիտեց ներկայացումներ և, ինչպես միշտ, վայելեց ջավախքցու հյուրասիրությունը: Չմոռանանք նշել, որ կենտրոններին ու ուսուցիչներին նվիրաբերելու համար յուրաքանչյուր այցի ժամանակ Ա. Աշոտյանի կողմից Ջավախք էին տարվում գեղեցիկ գրքեր ու մշակութային առարկաներ, որոնք, ինչպես հայտնի է, վերջին տարիներին դժվարությամբ են անցկացվում ՀՀ-Վրաստան սահմանով: Հավելենք, որ նախարարի վերջին այցին առանձնակի սիրալիրությամբ միացել էին Ջավախքի տարածաշրջանային ուժային կառույցների ղեկավարները: Այդուհանդերձ, փաստենք, որ անգամ վերջիններիս անբաժան ներկայության պայմաններում Ա. Աշոտյանը ամեն տեղ խոսել է ջավախահայությանը հուզող խնդիրներից (գրքերի, ՀՀ-ի հետ մշակութային շփումների արգելք և այլն), խոնարհվել է ջավախքցու հպարտ կեցվածքի առաջ, սեղաններին եղել է պատվավոր թամադա ու հոտընկայս խմել այսօր Ջավախքում ապրող և արարող հայի կենացը: Որպես ջավախքցի՝ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ փաստել, որ Ջավախքում ապրող որևէ հայ դժվար թե ՀՀ որևէ պաշտոնյայից ավելին պահանջի:

Որպես ջավախահայությանը հուզող հարցերով զբաղվող մասնագետ՝ անկարող եմ չավելացնել, որ նախարարական ողջ պաշտոնավարման ընթացքում Ա. Աշոտյանը անարձագանք չի թողել Ջավախքից տարբեր հարցերով ՀՀ ժամանած մեր ընկերների ոչ մի հեռախոսազանգ, չի մերժել ոչ մի հանդիպման ու հարցի քննարկման առաջարկ և գրեթե ցանկացած ժամի ընդունելություն է կազմակերպել է իր հարկի տակ: Օրինակ, մինչ 2012 թ. Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, վաստակավոր ուսուցիչներին Ջավախքի դպրոցներից վտարման, ինչպես նաև գրականության արգելքի հարցը նախարար Ա. Աշոտյանը բազմիցս բարձրացրել է վրացի գործընկերների առջև (հիմնականում այս մասին մամուլում չի հրապարակվել):

Ընթերցողն իրավամբ հարց կտա՝ եթե այսքան սրտացավ մարդ է եղել Ա. Աշոտյանը, հապա ինչու՞ չի լուծել ոչ մի խնդիր, և հուզող հարցերը գնալով շատացել են: Համաձայն ենք՝ խնդիրները շատ են և լուծման կարոտ: Ավելին՝ բոլոր հարցերը պահանջում են համակարգային մոտեցում և կախված են երկու պետությունների բարձր ղեկավարների ցուցաբերած կամքից: Իհարկե Ա. Աշոտյանը կարող էր ավելին անել կամ անել բաներ, որոնք չարեց (հատկապես Ջավախքում հայ-վրացական պետական բուհի բացակայությունը եղել է մեր քննադատության առանցքում), իհարկե Ա. Աշոտյանի այցերը ոսկի սարեր չեն տվել Ջավախքին, և առկա պայմաններում դժվար էլ է հավատալ, որ առանց համակարգային տեղաշարժերի հնարավոր է հասնել որևէ հարցի լուծման: Իրականում մեր այս ակնարկի ենթատեքստը, ինչպես վերևում նշեցինք, բոլորովին այլ է, և, եթե մեր մտքերը կարողանան ներկայիս կուսակցական գործիչ Ա. Աշոտյանի մոտ առաջացնել ջերմ հիշողություններ, իսկ նրա նախկին շատ գործընկերների մոտ՝ մրցակցության առողջ զգացումներ, լիովին գոհ կլինենք:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում