Պլյուշենկոն խոստացավ բարձրակարգ շոու, հեղինակը «գաղտնազերծեց» նպատակը՝ ճանաչեն հային

Պլյուշենկոն խոստացավ բարձրակարգ շոու, հեղինակը «գաղտնազերծեց» նպատակը՝ ճանաչեն հային

Մարտի 5-ին մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» շոուից  առաջ  աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն այսօր հանդիպել է լրագրողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին:

«Մենք կներկայացնենք բարձրակարգ շոու: Մի քանի տարի առաջ Երևանում ելույթ եմ ունեցել, երկու շոու ենք ունեցել, որոնք անշլագային են եղել, մեծ հաջողությամբ անցել: Ես կարծում եմ, որ այդ ժամանակվա համեմատ աճել ենք, հիմա  ավելի մեծ փորձ ունենք նման միջոցառում կազմակերպելու համար: Շուտով մարտի 8-ն է, և այս շոուն շատ լավ նվեր է կանանց համար: Մենք ցանկանում ենք ուրախություն պարգևել մարդկանց, սրա համար շնորհակալություն Արի Զաքարյանին, քանի որ այսօրվա ճգնաժամային պայմաններում նման մեծ շոու դժվար է կազմակերպել»,– ասաց նա:

«Սառույցի թագավորները» նախագծի մտահղացման հեղինակ, պրոդյուսեր Արի Զաքարյանն իր հերթին խոստացավ, որ շատ անակնկալներ են լինելու, իսկ նպատակը մեկն է. «Լինելով հայ` ուզում եմ,  որ մեր ժողովուրդը պարծենա, որ հայ ենք: Ուզում եմ, որ իմանանք, թե ինչքան ուժեղ ենք և շնորհքով, իմ խմբում շատ հայեր կան:  Եվ ուզում եմ իմանաք, որ հայերին շատ սիրելով, այսօր աշխարհի լավագույն մարդիկ Հայաստանում են: Ես նախագիծն ընդլայնեցի, որ ամբողջ աշխարհն  իմանա, թե ով ենք, որտեղից ենք, ինչ կարող ենք անել»:

Հիշեցնենք, որ «Սառցե շոու»-ի պրոդյուսեր Արի Զաքարյանը հատուկ Հայաստանի համար փոխել է նախագծի ձևաչափն ու ստեղծագործական միտքը: Հատուկ հայ հանդիսականի համար շոուի հյուրն է հռչակավոր ջութակահար Էդվին Մարտոնը, ով նվագում է մեծանուն Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին ստեղծված ջութակով: Հանրահայտ կոմպոզիտորն արժանացել է EMMY մրցանակի՝ աշխարհի հռչակավոր գեղասահորդների, օլիմպիական չեմպիոնների օլիմպիական ծրագրերի լավագույն երաժշտության համար. նրանց թվում են Եվգենի Պլյուշչենկոն, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը:

Ըստ այսմ՝ Հայաստանում առաջին անգամ կներկայացվի բեմական համար՝ հոյակապ եռյակի կատարմամբ. երգիչ Դիմա Բիլանը, ջութակահար Էդվին Մարտոնը, ով կպարգևի  ջութակի յուրահատուկ հնչողություն, և Ռուսաստանի տաղանդավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ով առաջին գեղասահորդն է, որ մրցաշարերում իրականացրել է քառակի պտույտ ցատկ, եռակի պտույտ-ցատկ, եռակի հրում-ցատկ (2002 թվականի Ռուսաստանի գավաթ), տղամարդկանց շրջանում դարձել է առաջինը՝ կատարելով Բիլմանի պտույտը (պտույտ մեկ ոտքի վրա՝ երկրորդ ոտքը գլխավերևում), եռակի ակսել (երեքուկես պտույտ-ցատկ)-եռակի ֆլիպ ցատկ (2001):

Ծրագրին մասնակցում են՝  Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնիջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը,Այդաս Ռեկլիսը և այլոք: «Սառույցի թագավորները» շոուն կտևի ավելի քան երկուսուկես ժամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում