Խրամչիխինի հոդվածը չպետք է մտահոգի, իսկ մատակարարումների գաղտնազերծումից պետք է հետևություն անել

Խրամչիխինի հոդվածը չպետք է մտահոգի, իսկ մատակարարումների գաղտնազերծումից պետք է հետևություն անել

ՌԴ ռազմա­քաղաքական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը որևէ լուրջ փաստ իր մեջ  չի ներառում, գաղտնիություն չի պարունակում, միջազգային նորմերին համապատասխան ցանկացած երկիր ամեն տարի հրապարակում է սովորական սպառազինությունների մասին զեկույց, որը ներկայացվում է միջազգային կառույցներին: Այս մասին Times.am-ի հարցին ի պատասխան  հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Խրամչիխինի զեկույցը  միջազգային կառույցներին ներկայացված փաստերի հրապարակումն է,  որևէ  լուրջ  մտահոգություն չպետք է  այն ներկայացնի մեր իշխանությունների, բանակի, հասարակության համար: Հրապարակվեց նաև ավելի լուրջ քաղաքական վերլուծաբան Ցիգանյոկի  վերլուծությունը, թե դրան լուրջ վերաբերել  չի կարելի, բայց չմտահոգվել՝ նույնպես: Չի  բացառվում, որ կոնկրետ երկրի,  կառույցի  հանձնարարական է՝ ստվերելու հայ-ռուսական հարաբերությունները: Այս առումով սա պետք է մտահոգի և Հայաստանին, և Ռուսաստանին, քանի որ այդ հոդվածը փորձ է՝ փչացնել մեր հարաբերությունները, որն այսօր գտնվում է բարձր մակարդակում»,-շարունակեց նա:

Times.am-ն այստեղ հիշեցրեց, որ ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվեց 200 մլն դոլարի վարկով Հայաստանին վաճառվող սպառազինությունների  ցանկը, երբ դրանից 2 օր առաջ ՀՀ պաշտպանության նախարարը չցանկացավ գաղտնազերծել այն:  Այսինքն՝ առանց ՀՀ-ի հետ խորհրդակցելու  հրապարակել են  մեզ մատակարարվելիք սպառազինության ցանկը, սա  փաստորեն վատ նախադեպ  հանդիսացավ:

«Իմ ասածը վերաբերում էր Խրամչիխինի հոդվածին, բայց ասել, որ մատակարարման հետ կապված տվյալների հրապարակումը  մեզ չի մտահոգում, դա այդպես չէ: Կարծում եմ լուրջ եզրակացություն կարվի, ՀՀ նախագահն այս հարցը կբարձրացնի: Բայց կրկնում եմ՝  Խրոմչիխինի հոդվածի մասով պետական մակարդակով արձագանքել պետք չէ, դա շատ ցածր է»,-պատասխանեց Գագիկ Մելիքյանը:

Անդրադառնալով մարտի 10-ին Մոսկվայում ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած մտքին, թե «մեր հարաբերությունները զարգանում են և զարգանում են հաջող, բայց  կան նաև օբյեկտիվ բնույթի խնդիրներ», ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց՝ դրանք վերաբերում են մաքսատուրքերի որոշմանը, ինչպես նաեւ ապրանքաշրջանառությանը, քանի որ Ռուսաստանը  համարվում է տնտեսական պատժամիջոցների տարածք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում