Թուրք-իրանական հարաբերությունները առերես ջերմացում են ապրում

Թուրք-իրանական հարաբերությունները  առերես ջերմացում են ապրում

Թուրք-իրանական հարաբերություններն անակնկալ ջերմացում են ապրում: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյանները բազմաթիվ փոխայցելություններ են կատարում: Մարտի յոթին էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով եղել Թեհրանում, և արդեն մարտի 19-ին, Իրանի արտգործնախարար Զարիֆը մեկնել է Թուրքիա:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի Թեհրան կատարած երկօրյա պաշտոնական այցը իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո առաջինն էր: Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, հանդիպմանը քննարկվել են Սիրիայում զինադադարի հարցը և Սիրիայի քրդական տարածքները փաստացիորեն կառավարող «Ժողովրդավարական միություն կուսակցության» խնդիրը: Չնայած քաղաքական հարցերի հրատապությանը` դատելով Իրան ժամանած թուրք պաշտոնյաններից, հասկանալի է դառնում, որ հանդիպման առանցքում հիմնականում եղել են տնտեսական համագործակցության խորացումը: Այսպես Դավութօղլուի գլխավորած պատվիրակության կազմում են եղել էկոնոմիկայի, մաքսային և առևտրի, էներգետիկայի և բնական պաշարների, տրասպորտի, ծովագնացության և կապի նախարարները:

Թուրք-իրանական սահմանը, որն ունի 499կմ երկարություն 17-րդ դարից ի վեր Մերձավոր Արևելքի ամենաերկար խաղաղ սահմանն է` չնայած, որ թուրք-իրանական հարաբերությունները երբեք էլ միագիծ չեն եղել: Դրանք նմանվում են զիգզագաձև շարժման, որոնք պարբերաբար աչքի է ընկնում համագործակցային և մրցակցային դրսևորումներով:

Երբ դիտարկում ենք թուրք-իրանական հարաբերություններում առկա խնդիրների ողջ սպեկտորը թվում է` անհնարին է, որ այս երկու նախկին կայսրությունները կարողանան հաշտության եզրեր գտնել և խաղաղ գոյակցել միմյանց հետ: Չնայած առկա տարաձայնությունների տրցակին, այնուամենայնիվ, կան նաև ոլորտներ, որտեղ տարածաշրջանային դերակատարների շահերը համընկնում են:

 «Իրանը Թուրքիայի համար դարպաս է դեպի Ասիա, իսկ Թուրքիան Իրանի համար՝ճանապարհ դեպի Եվրոպա»,- ասել է Դավութօղլուն: Պատժամիջոցների չեղարկումից հետո Թուրքիան Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելու լավ հնարավորություն է տեսնում: Թուրքիան ձգտում է ոչ միայն գրավել իրանական հսկայական շուկան, որտեղ արդեն իսկ իր ուրույն տեղն ունի, այլ նաև դուրս գալ դեպի ավելի մեծ` արևելյան շուկաներ: Դավութօղլուն այցի շրջանակներում հույս է հայտնել, որ երկու երկրների առևտրաշրջանառությունը կաճի` հասնելով երեսուն միլիարդ դոլարի: Նման նշաձող նախորդ տարի դրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապրիլին Իրան կատարած այցի ժամանակ: Հարկ է փաստել, որ Իրանի հետ առևտրաշրջանառությունը շեշտակիորեն աճել է Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո: Այսպես, 2002-2012թթ-ին այն 1.25 միլիարդ դոլարից հասավ 21.5 միլարդ դոլարի, սակայն ոսկու առևտրի նկատմամբ սանկցիաների կիրառման հետևանքով ` նվազել էր հասնելով 14.6 միլարդ դոլարի:

Իրանը նաև Թուրքիայի երկրորդ խոշոր գազի մատակարարն է` ապահովելով տարեկան գազի սպառման ծավալների 15%-ը: Թուրքիան ամենաթանկ գազը ստանում է հենց Իրանից և թուրքական կառավարությունն առայժմ անարդյունք ջանքեր է գործադրում` հասնելու գազի գների նվազեցմանը: Էներգետիկ խնդիրները եղել են նաև Դավութօղլուի և Իրանի փոխնախագահի հանդիպման օրակարգում:

Ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետևանքով անկում ապրող Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը հայացքն ուղղել է դեպի Իրան` հույս ունենալով մեծացնել իրանցիների համար Թուրքիայի զբոսաշրջային գրավչությունը: Մանավանդ որ նախորդ տարվա արդյունքներով Իրանից Թուրքիա է մեկնել 2.5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը բավականին մեծ թիվ է:

Անդրադառնանք նաև քաղաքական ոլորտին, որտեղ թուրք-իրանական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն ընթանում: «Արաբական գարունը» բարիկադների տարբեր կողմերում կանգնեցրեց հարատև ախոյաններին: «Արաբական գարնան» դեռևս վաղ փուլը Թուրքիան փորձեց ծառայեցնել ի նպաստ իր աշխարհաքաղաքական շահերի` Մերձավոր Արևելքում տարածելու «թուրքական մոդելը»: Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Սիրիայի հարցում թուրքական հաշվարկները ձախողվեցին: Սիրիան Իրանի հզոր հենասյունն է Մերձավոր Արևելքում, որտեղ ալավիական իշխող վերնախավի դիրքերի պահպանումը մեծագույն կարևորություն ունի շիական հսկայի համար:

Այս հարցում, երբ կողմերից յուրաքանչյուրն իր հաստատակամ դիրքորոշումն ու ընգծված շահերն ունեն դժվար է պատկերացնել, որ նույնիսկ քաղաքական երկար ձգվող երկխոսությունը որևէ արդյունք կտա, սակայն հանուն տարածաշրջանային կայունության Թուրքիան և Իրանը պատրաստ են համագործակցության: Այս ամենին բավականին խելամիտ ձևակերպում է տվել Թուրքիայի վարչապետը. «Մենք կարող ենք հակառակ տեսակետներ ունենալ, բայց մենք չենք կարող փոխել մեր պատմությունը կամ աշխարհագրությունը»:

Թուրքիա կատարած այցի ժամանակ Զարիֆը հայտարարեց, որ իր երկիրը մտադիր է առաջին հերթին ավելացնել Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը և նոր շուկաներ գրավել: Զարիֆը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային պատժամիջոցների կիրառման ժամանկ Իրանի կողքին լինելու համար: Զարիֆի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը շեշտը դրել է իսլամաֆոբ ուժերի դեմ միասնաբար պայքարելու հանձնառությունը:

Ապրիլին սպասվում է նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանի այցը Թուրքիա, որը գուցե հստակություն մտցնի տարածաշրջանային երկու ուժերի հարաբերություններում:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում