Ռամազոտիի համերգի հրավիրատոմսեր չեն լինելու

Ռամազոտիի համերգի հրավիրատոմսեր չեն լինելու

Էրոս Ռամազոտիի համերգի հրավիրատոմսեր չեն լինելու: Այս մասին Times.am-ին տեղեկացրեց Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության տնօրեն Զառա Մխեյանը՝ հավելելով, որ համերգի բոլոր տոմսերը հանդիսանում են համերգի պատվիրատու «Global Communications» մոսկովյան ընկերության սեփականությունը, և Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերությունը լինելով ընդամենը համերգի կազմակերպիչը, իրավասու չէ տնօրինել համերգի տոմսերը:

«Խոսքս հատկապես ուղղում եմ չինովնիկներին, գործարարներին, օլիգարխներին և տեղեկացնում, որ այս համերգի համար հրավիրատոմսեր նախատեսված չեն և չեն լինելու: Տոմսերը վաճառվում են, դրանք կարող եք ձեռք բերել երևանյան բոլոր տոմսարկղերում»,– ասաց Մխեյանը: Հիշեցնենք, որ Ֆորպոստարտ Պրոդաքշընը կազմակերպել էր Ալլա Պուգաչովայի, Իրինա Ալլեգրովայի, Ստաս Միխայլովի, Գրիգորի Լեպսի, Մաքսիմ Գալկինի համերգները,«Սառույցի թագավորները» սառցե շոուն, իսկ Ռամազոտիի համերգը   խոստանում են, որ կլինի այս տարվա իրադարձությունը:

Նշենք, որ սիրված երգչի համերգը կկայանա ապրիլի 26-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որը տեղի կունենա  երգչի «Perfetto» համաշխարհային տուրի շրջանակներում: Էրոս Ռամազոտին համերգային շրջագայության ընթացքում կտա 55 համերգ բազմաթիվ երկրներում. Իտալիայից մինչև Պորտուգալիա: Իսկ Հայաստան նա կժամանի ՌԴ Կրասնոդարի մարզից:

Վառ, խարիզմատիկ, տաղանդավոր իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի յուրաքանչյուր բեմելը հմայում է ամենախստապահանջ հանդիսատեսին: Նա աշխարհի լավագույն համերգասրահների ցանկալի հյուրն է: Նա իր կենսագրության ընթացքում համագործակցել է աշխարհահռչակ լավագույն երգիչների հետ, ինչպիսիք են՝ Անդրեա Բոչելի, Թինա Թյորներ, Շեր, Ռիկի Մարտին:   Ռամազոտին իր կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 40 միլիոն ձայնասկավառակ և այս պահին համարվում է երաժշտական աշխարհի ամենահաջողակ իտալացի երգիչներից մեկը:

«Ռամազոտիի յուրաքանչյուր համերգ՝ Մոսկվայում, Հռոմում, Նյու-Յորքում կամ այլ ցանկացած քաղաքում, անկրկնելի է: Նրա շոուները ապշեցնում են իրենց հուզականությամբ և գունեղությամբ: Ես վստահ եմ, որ այն Երևանի համար կդառնա ջերմության և բարության տոն: Ես հրճվում եմ, երբ մեր համերգների ընթացքում հայ հանդիսատեսը ասես գտնվում է այլ հարթությունում, այլ մոլորակում:  Ես վստահեցնում եմ, որ Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը պահանջված են ամենուր: Համերգը դեռ չավարտված, հանդիսատեսն անհամբերությամբ սպասում է իր կուռքի նոր ելույթին: Բոլորը, որոնք ձեռք են բերում Ռամազոտիի համերգի տոմս, վստահ են, որ իրենց սիրելի արտիստը երգելու է յուրաքանչյուրի համար՝ շռայլորեն նվիրելով հանդիսատեսին իր իտալական տաքարյուն խառնվածքը, արվեստն ու տաղանդը: Կարծում եմ` Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը հազիվ թե երկար մնան վաճառքում. չէ որ Երևանում նա ելույթ է ունենալու առաջին անգամ: Շքեղ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը»,- նկատեց  Զառա Մխեյանը:

Շքեղ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը, մասնավորապես,  2012-ին թվականին  թողարկված «Noi» ալբոմից: Իսկ նրա շոուն առանձնանում է իր  տեխնիկական բացառիկությամբ, որի ձևավորման համար օգտագործվելու են փողոցային հին լապտերներ, ճաքճքված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ էլեմենտներ, ինչպես նաև պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որտեղ համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր և ուղիղ միացումներ համերգից: Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում