Սեպուհ Արք. Չուլջյանը կառաջադրվի Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին

Սեպուհ Արք. Չուլջյանը կառաջադրվի Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին

Նախորդ շաբաթ համայնքային կարևոր իրադարձություններից մեկը դատական որոշումով  Մեսրոպ Բ. Պատրիարքի ժառանգորդ-խնամակալ նշանակելու  հարցն էր, ինչը կրկին օրակարգ բերեց պատրիարքական ընտրության խնդիրը: Վերջին զարգացումների ֆոնին «Ակոս» թերթը զրուցել է Գուգարաց թեմի առաջնորդ  Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ:

Ակոս- Սրբազա՛ն, վերջին շրջանի կարևոր զարգացումներից է Մութաֆյան պատրիարքի ժառանգորդ-խնամակալ նշանակելու հարցը: Ըստ Ձեզ՝ սա  պատրիարքի ընտրություն անցկացնելու հարցում խթան կհանդիսանա՞:

Սեպուհ Սրբազան- Մեսրոպ Սրբազան Պատրիարքի խնամատար նշանակելու խնդիրը Թուրքիայի Հայոց պատրիարքական ընտրության տանող ճանապարհներից մեկն  է։ Թեև այս վիճակից դուրս գալու բազմաթիվ այլ ճանապարհներ արդեն կային, որոնց սակայն համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները չդիմեցին։ Փաստորեն, ցավոք սրտի, դատական կարգով հաստատվեց Մեսրոպ Պատրիարքի ոչ գործունյա վիճակը։ Սակայն արհեստականորեն, մեր իսկ անմիաբանության պատճառով  ձգձգված պատրիարքական ընտրությունների համար այս տարբերակը ևս կարող ենք ելք համարել, անշուշտ, եթե համայնքում հեղինակություն ունեցող ներկա հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները լսեն պոլսահայերի ձայնը և տեսնեն նրանց վատթարացող վիճակը:

Ակոս- Արդենութ տարի է պատրիարքարանը մնացել է առանց Պատրիարքի, ո՞վ է սրա պատասխանատուն։

Սեպուհ Սրբազան-Պատրիարքի ընտրության շուրջ ձևավորված այս քննադատելի վիճակն անշուշտ ունի մեղավորներ և  պատասխանատուներ, նրանք հայտնի են բոլոր նրանց, որոնք քիչ թե շատ ծանոթ են այդ թեմային: Ավելին ասեմ՝  անգամ  Հայաստանում և Սփյուռքում այդ խնդիրը շատերի համար պարզ է: Ամենամեծ պատասխանատվությունն անշուշտ կրում են նրանք, որոնք այս տարիներին անտրամաբանական տարբեր եղանակներով հետաձգում էին այս հարցը՝ երբեմն անգամ դիմելով  ստախոսության: Սակայն, ի վերջո նրանց ամենամեծ պատասխանատվությունը և մեղքը Աստծո, հայ համայնքի և Պոլսո Սուրբ Աթոռի առջև է, քանի որ այդ ամենն ամենաշատը վնասում է համայնքին և Աթոռին: Անցած ութ տարիներին  համայնքը շատ բան կորցրեց, երիտասարդ սերունդ մեծացավ  առանց պատրիարքական շնչի ու հովվապետի հայրական խնամքի: Պատմությունն անշուշտ արդար դատավոր է այդ ամենին, մանավանդ որ նման նախադեպեր 1923-1927 և 1944-1950 թթ-ին արդեն իսկ պատրիարքության դեպքում արձանագրվել են: Բայց մեր խնդիրն է ոչ թե դատապարտել այն բոլոր մարդկանց, որոնք ունեն դիրք, պաշտոն, լիազորություն և կոչված են այդ խնդիրը լուծել, բայց անում են ճիշտ հակառակը, այլ շարունակել հորդորել նրանց, որ համայնքի շահը գերադասեն նեղ անձնական շահերից:

Ակոս – Ի՞նչ է հուշում անցյալը:

Սեպուհ Սրբազան-Մենք վաղուց պետք է ընտրած լինեինք մեր Պատրիարքին: Բոլոր հիմքերն ու պատճառներն ունեինք աթոռակից  կամ նոր պատրիարք ընտրելու։ Շատ մեծ բան չէր պահանջվում,  իհարկե, եթե այդ ամենի մեջ չլիներ անթաքույց անձնական շահախնդրություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգևոր խորհրդի ժողովներում  բազմիցս Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին՝ իբրև փոխանորդի, որ պետք է պատրիարքական ընտրության կազմակերպման համար համապատասխան աշխատանքներ տանի, սակայն ձայն բարբառո անապատի…

Ակոս-Պատրիարքական ընտրությունների անցկացման համար հայ համայնքը ի՞նչ պետք է անի:

Սեպուհ Սրբազան-Սթափվել է պետք: Մի  կողմ թողնել նեղ անձնական շահերը։ Պատրիարքության ընտրության հարցը Թուրքիայի  հայ համայնքի լինել-չլինելու հարցն է։ Հայ եկեղեցու դարավոր այս Սուրբ Աթոռի փրկության համար պետք է յուրաքանչյուր բարեպաշտ հայ իր արդար ձայնը բարձրացնի այս անորոշ և կործանարար դավադիր լռության դեմ։ Ես կողջունեմ հայ համայնքի բոլոր ազնիվ ջանքերը, որոնք ուղղված են իրենց պատրիարքին ընտրելուն, քանի որ սա նրանց իրավունքն է՝ և որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ե՛ւ որպես Թուրքիայի քաղաքացիներ։

Ակոս-2009-ին առաջադրել էիք Ձեր թեկնածությունը, հավանական ընտրության դեպքում կրկին կառաջադրվե՞ք:

Սեպուհ Սրբազան- Ինչպես հայտնի է, ես՝ որպես Թուրքիայում ծնված հոգևորական, պատրիարքի թեկնածու առաջադրվելու իրավունք ունեմ: Արդեն նախկին ընտրություններից մեկում  կիրառել եմ այդ իրավունքը։ Այսինքն՝ կա նախադեպ և որևէ արգելք հիմա էլ  չկա թեկնածությունս առաջադրելու համար։ Ես վճռական եմ Պոլսո հայ համայնքի և Պոլսո պատրիարքության խնդիրների  լուծման ճանապարհին իմ անմնացորդ ներդրումն  ունենալ և  ծառայել այդ աթոռին ու համայնքին, եթե համայնքը հարմար համարի իմ անձը, ապա այդ համարելով բարձր առաքելություն և գոհունակություն հայտնելով Աստծուն՝ ես պատրաստ եմ ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն ու համայնքին այդ պատասխանատու պաշտոնում ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում