Սիրիայում Քրդստանի «շինարարության» մեկնարկը պաշտոնապես տրվեց

Սիրիայում  Քրդստանի  «շինարարության» մեկնարկը պաշտոնապես տրվեց

Մարտի երկրորդ տասնօրյակը Մերձավոր Արևելքում նշանավորվեց մի քանի կարևոր իրադարձություններով: ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության եկան Սիրիայում զինադադար հաստատելլու վերաբերյալ, Ռուսաստանը հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մտադրության մասին և Սիրիայի քրդերը բարձրաձայնեցին Սիրիայում համադաշնության ստեղծման և մասնավորապես քրդական ինքնավարության հասնելու վերաբերյալ: Վերը նշված բոլոր իրադարձություններն էլ շաղկապված են միմյանց, սակայն անդրադարձ կկատարենք սիրիական քրդերի ինքնավարության ստեղծմանը:

Oրեր առաջ Սիրիայի հյուսիսարևելյան Ռումեյլան քաղաքում տեղի է ունեցել Քրդական գերագույն խորհրդի հիմնադիր նիստ, որի արդյունքով հռչակվել է Հյուսիսային Սիրիայի Դաշնությունը: Փաստացի քրդերն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում` Աֆրինում, Քոբանիում և ալ-Հասաքայում հայտարարել են ինքնավարություն ստեղծելու մասին, որը չի պատրաստվում, որպես առանձին միավոր անջատվել Սիրիայից; Այս կերպ քրդերն իրենց զայրույթն են հայտնել այն հանգամանքին, որ իրենց չեն թողել մասնակցել Ժնևում ընթացող միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլին: Բնականաբար, քրդերի բանակցություններին դեմ է արտահայտվել պաշտոնական Անկարան, որի ճնշման ներքո էլ ԱՄՆ-ն ևս խոչընդոտել է Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) ներկայացուցիչների մասնակցությունը:

PYD-ն ներկայումս Սիրիայում գործող քրդական ուժերի համակարգողն է, որն էլ կանգնած է ինքանավորություն հռչակելու ակունքներում: PYD-ի ռազմական թևը` «Ժողովրդական պաշտպանության ուժերը»՝ YPG-ն, ներկայումս Իսլամական պետության դեմ կռվող ամենաարդյունավետ ուժերից են: Թուրքիան YPG-ն համարում է PKK-ի սիրիական մասնաճյուղ, որը Թուրքիայում և որոշ երկրներում մտնում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկը: Ահմեդ Դավութօղլուն, ով դեռևս զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը թուրք-սիրիական քրդական առնչությունների վերաբերյալ հայտարարել էր. Թուրքիան և Սիրիան նման են ծղոտե տնակների, որից մեկում բռնկված հրդեհը կտարածվի նաև մյուսում: Այս դեպքում հրդեհը քրդական շարժումն է և հատկապես ինքնավարության ստեղծումը, որը տենդի նման կարող է տարածվել նաև Թուրքիայում:

Սիրիայում քրդերի քանակի վերաբեյալ տարբեր վարկածներ կան, սակայն միջինացված ցուցանշով նրանց թիվը հասնում է 2.5 միլիոնի: Նրանք հիմնականում բնակվում են Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջաններում: Ժամանակին քրդերը բավականին ճնշված էին ապրում Սիրիայում և զրկված էին նույնիսկ տարրական իրավունքներից, այդ թվում նաև քաղաքացիության, կրթության, ամուսնության, սեփականության և աշխատանքի իրավունքներ:

Ընդամենը երեք տասնամյակ առաջ նրանք իրավունք չունեին նշելու նույնիսկ Նովրուզը: Արաբա-քրդական բախումները երբեմն Սիրիայում դառնում էին քրդական բազմահազարանոց բողոքի ակցիաների պատճառ: Իրավիճակը այսպես երկար կարող էր շարունակվել, սակայն արաբական գարունը բարիկադների նույն կողմում կանգնեցրեց երբեմնի հակառակորդներին: Սիրիայում, երբ մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը, Ասադի կառավարությունը մի քանի հարյուր հազար քրդերին երկրի քաղաքացիություն շնորհելով փորձեց իր կողմը գրավել: Քանի որ հակաասադական ուժերը հիմնականում թուրքամետ էին, քրդերին այլ ելք չէր մնում, քան գործող իշխանությունների հետ համագործակցությունը: Ներկայումս քրդերը հայտարարում են, որ իրենք ցանկանում ենք Սիրիայի կազմում լայն ինքնավարություն ստանալ, և ամենևին էլ չեն ձգտում անկախության, սակայն հասկանալի է, որ իրավիճակի հանդարտվելուց հետո Սիրիայի քրդերը ևս ձեռնամուխ կլինեն անկախ Քրդստանի իրենց հատվածի շինարարությանը:

Ռուսական օդուժը բավականին մեծ աջակցություն էր ցուցաբերում քրդերին և նրանց հեռանալուց հետո միայն ցամաքային գործողություններով դժվար կլինի նախկին հաջողությունները պահպանել կամ նոր հաջողություններ արձանագրել, և թվում է ռուսներն իրենց հեռանալով կարծես թե ցույց տվեցին, որ չեն ցանկանում լինել Սիրիական Քրդստանի անկախացման ճարտարապետը: Քրդերը, փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել, ի հեճուկս Ժնևյան բանակցությունների, հայտարարեցին ինքնավարության ստեղծման մասին, սակայն այս հայտարարությունը հնարավոր է ծառայի ոչ այնքան հօգուտ իրենց: Ստացվում է կոնֆիկտային գոտում, ստեղծվում է պետականանման մի նոր չճանաչված միավոր, որի հետ շատ արտաքին ուժեր չեն ցանկանա համագործակցություն ծավալել: Մասնավորապես` ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին նշել է. «Կցանկանամ մեկ անգամ էլ նշել, որ մենք չենք ճանաչում ինքնավարություններ Սիրիայի սահմաններում գտնվող տարածքներում»:

Ստացվում է, արտաքին ուժերը կզգուշանան քրդերին օգնելուց, իսկ Ասադը բավականաչափ հզոր չէ նրանց ռազմական աջակցություն ցուցաբերելու համար: Քրդերի այս քայլը այնքան էլ լավ հաշվարկված չէր և հետևանքները շուտով իրենց զգացնել կտան: Թուրքիան, որն արդեն զգում է քրդական պայթյունի հետևանքները կրկին ամեն ինչ կանի կասեցնելու շարժման տարածումը Թուրքիայի տարածքում: Ամեն դեպքում Քրդստանի ստեղծումը ժամանակի հարց է, սակայն հաջողության հասնելու համար այդ ժամանկը ևս պետք է ճիշտ հաշվարկվի, քայլերը պետք է լինեն, ոչ թե պահի ազդեցությամբ և տակտիկական նպատակաուղղվածությամբ, այլ ռազմավարական նշանակության: Հակառակ դեպքում ձեռք բերված հաջողությունները կարող են չեզոքացվել:

Աննա   ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում