Թուրքիան ՌԴ ՀՕՊ համակարգերի ներկայությամբ մի ճանճ էլ չի կարող մտցնել Սիրիա. առճակատում ունի նաև ԱՄՆ-ի հետ

Թուրքիան ՌԴ ՀՕՊ համակարգերի ներկայությամբ մի ճանճ էլ չի կարող մտցնել Սիրիա. առճակատում ունի նաև ԱՄՆ-ի հետ

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը և Սիրիայի տարածքում  ռուսական ինքնաթիռի կործանման փաստին անդրադառնալիս,  պետք է ուշադրություն դարձնել հետևյալ  հանգամանքների վրա, այն է՝ թուրքական ուժերի կողմից Սու-24 ինքնաթիռը խոցվեց այն տարածքում, որտեղ բնակվում են թուրքմեններ, որոնց ուղղությամբ  ՌԴ-ը գործողություններ էր սկսել, երկրորդ՝ ՌԴ ավիախումբը ոչնչացրել էր նավթամթերք տեղափոխող  շարասյուններ, որոնք թուրքական վերահսկողության տակ էին և թուրքերը մեծ եկամուտներ պիտի դրանից ունենային: Այսինքն՝ ՌԴ-ը սիրիական գործողություններով մեծ վնաս հասցրեց Թուրքիայի՝ ԻՊ-ի հետ  նավթային ապօրինի առևտրին: Այս մասին «Մեծ տերությունները և Մերձավոր Արեւելքի արդիաշխարհաքաղաքական իրավիճակը» երևանյան դասախոսությանը նկատեց  Փարիզի Սորբոնի համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Ռայմոն-Հարություն Գևորգյանը:

Այս համատեքստում անդրադառնալով  Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում  անվտանգության գոտի ստեղծելու և Սիրիա ներխուժելու Թուրքիայի նկրտումներին, Սորբոնի համալսարանի պրոֆեսորը նկատեց. «ՌԴ ՀՕՊ համակարգերի ներկայությամբ Թուրքիան հիմա օդով անգամ մի ճանճ չի կարող մտցնել Սիրիա»: Միաժամանակ, Գևորգյանը զարմանք հայտնեց, որ ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի կողմից սիրիական քրդերի նկատմամբ բռնարարքներին՝ ակնարկելով, որ քրդերի հետ կապված հարցերում  ԱՄՆ-ն և ՌԴ-ն միակարծիք են և համագործակցում են շատ լավ:

Times.am-ի հակադարձմանը, որ ժնևյան բանակցություններին ՌԴ-ը կողմ էր քրդերի մասնակցությանը, ինչը չի կարելի ԱՄՆ-ի դեպքում ասել, Գևորգյանն արձագանքեց.«Թուրքիայի ճնշման տակ քրդերը չկարողացան սիրիական ընդդիմության հետ մասնակիցը լինել ժնևյան բանակցություններին, ինչից հետո քրդերը հայտարարեցին իրենց կիսաանկախության մասին, որովհետև  մերժվեցին այս հարցում, ինչը տարօրինակ է, քանի որ ռազմականապես ամենաշխույժ ուժն են: Մյուս կողմից՝ Թուրքիայի համար քրդական հարցն առավել առաջնային է, քան ԻՊ-ի դեմ պայքարը»:

Լրացմանը՝ փաստորեն Թուրքիային չնեղացնելու համար ԱՄՆ-ն չցանկացավ քրդերին տեսնել բանակցային սեղանին, պրոֆեսորն ակնարկեց.«Դրսից չենք կարող հասկանալ, բայց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առճակատում կա, նշաններն ակնհայտ են, սակայն չեն հրապարակայնացնում»:

Վերադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին, Ռայմոն-Հարություն Գևորգյանը նշեց՝ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարելով, որ Սիրիայում իրենց առջև դրված խնդիրները կատարել են, ուստի աստիճանաբար դուրս են բերելու ռազմական ռեսուրսները, իրականում մեսիջ ուղարկեց Արևմուտքին, որպեսզի ուկրաինական հակամարտության ֆոնին իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները  հանվեն:

«Վերջին շաբաթներին ԱՄՆ-ն և ՌԴ-ն միևնույն սեղանի շուրջ ակտիվորեն փորձում են լուծել մերձավորարևելյան խնդիրները: Ի վերջո, միայն ռազմական, քաղաքական հարց չէ այստեղ, այլ տնտեսական: Օրինակ՝ Ֆրանսիան և Գերմանիան,  որոնք  ՌԴ-ի հետ մեծ առևտուր ունեին, չեն ցանկանում, որ այս իրավիճակը  շարունակվի: Ամերիկան ճնշում է գործադրում, որ եվրոպական երկրներից շատերը արագ կապ չհաստատեն ՌԴ-ի հետ, բայց ըստ իս, այդ ճնշումները կնվազեն, և գուցե մի քանի ամսից Ուկրաինայի հարցը մարսված կլինի ու  կհամագործակցեն»,-ընդգծեց նա: 

Այս մտքի շրջանակում Գևորգյանը հավելեց, որ Ֆրանսիան ժամանակին ընդգծված «արևելյան քաղաքականություն» էր վարում, իսկ այսօր սիրիական հակամարտության հարթությունում հստակ դիրքորոշում չունի, ուստիև՝ դերակատարում. «Ֆրանսիան հետևում է ԱՄՆ-ի որոշումներին, ինչից միայն տուժում է»:

Իսկ թե ինչ դիրք պիտի բռնի Հայաստանը, արդյո՞ք կարող է օգտվել ռուս-թուրքական, ռուս-ամերիկյան  տարաձայնություններից, Սորբոնի համալսարանի պրոֆեսորը հիշեցրեց. «Փոքր երկիր ենք՝ մեծերի որոշումներից կախված, մեծ-մեծ չպետք է երազել, իհարկե, Թուրքիայի հետ ռուսական լարվածությունը մեզ համար դռներ կբացի, բայց պիտի իրատես լինել: Չպետք է տրվել զգացմունքներին՝ պահելով երկրի անվտանգությունը»:

Ի դեպ,  Գևորգյանը նկատեց, որ Թուրքիան քրդերի նկատմամբ վարում է նույն քաղաքականությունը, ինչը 1915-ին հայերի դեպքում. աշխարհին հայտարարում է, որ քրդերն ահաբեկիչ են՝ հող պատրաստելով ոճրագործությունների համար, որոնք եթե տեղի որոշվեն, տեղի կունենան թուրքաշատ շրջաններում, որտեղ քրդերը քիչ են, ոչ թե քրդաբնակ բնակավայրերում:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում