«Լավագույն երիտասարդական ներկայացման» դերասանը լավ զինվոր է. դիվերսիա է կանխել

«Լավագույն երիտասարդական ներկայացման» դերասանը լավ զինվոր է. դիվերսիա է կանխել

Թատրոնի միջազգային օրվանից  մեկ օր  առաջ հայտնի դարձան այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը. այն այս տարի նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: Նշենք, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ, մրցանակաբաշխությունն անցկացվում է  1996-ից:

ՀԹԳՄ գործող  նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորական իր խոսքում ակնարկեց, որ  պետությունը թատրոնի կողքին է,  հսկայական գումարներ են տրվում և պետք է, որ թատերաշխարհի մարդիկ էլ իրենց աշխատանքով  հավասարաչափ «փոխհատույց լինեն»՝ հավելելով, որ վերջին մի քանի տարիներին «Արտավազդն» իրականացվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի  և  Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ինչևէ, այս տարվա թատերական գլխավոր մրցանակները տրվեցին 13 անվանակարգում.

«Լավագույն ներկայացում» ճանաչվեցՎանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեկ ժամ հիշողություն»-ը, որը բեմադրել է Վահե Շահվերդյանը:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգը ևս երկու հաղթող ունեցավ՝  Հ. Ղափլանյանի անվան դրամատիկականթատրոնի «Մեդեա»-ն՝ բեմադրությամբ Գրիգոր Խաչատրյանի, և Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորական պատմություն»-ը՝ բեմադրությունը` Արմեն Բայանդուրյանի: Իր խոսքում Արմեն Բայանդուրյանը շեշտեց, թե սա իր համար «Օսկար» է, և որ Թբիլիսիիում միշտ հայկական թատրոն պիտի լինի: Իր հերթին ԳրիգորԽաչատրյանը հայտարարեց, որ դերասանական կազմից  երկուսը զինծառայող են, ավելին՝ նրանցից մեկը ադրբեջանական դիվերսիա է կանխել:

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեցՆորա Գրիգորյանի «Մոխրոտը» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն):

«Լավագույն ռեժիսուրա»-ի համար մրցանակ հանձնվեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամսոն Մովսեսյանին` «Վհուկը» ներկայացման համար:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» հայտարարվեց Կարապետ Բալյանը («Չմարդիկ» ներկայացում, Թատրոն 8),

«Լավագույն կին դերակատար»-ը «Շատերից մեկը» ներկայացման համար դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է (ՀԹԳՄ), 

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթողները երկուսն են՝  Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Արամ Կարախանյանը («Я здес’Ь» ներկայացում) և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից Լիպարիտ Ավետիսյանը («Կարմեն»):

«Լավագույն երիտասարդ դերասանը» Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամվել Թադևոսյանն է («Էգոիստ» ներկայացում),  «Լավագույն երիտասարդ դերասանուհին» Պատանի հանդիսատեսի թատրոնից Նառա Սարգսյանն է («Մերսեդես» ներկայացում):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակ չշնորհվեց, փոխարենը «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» հայտարարվեց Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Էրվին Ամիրյանը («Խնջույք ամառանոցում»):

Լավագույն երաժշտական ձևավորման համար մրցանակը Վահան Արծրունունն է («Մերսեդես», Պատանի հանդիսատեսի թատրոն), ով այն ՀՀ-ում չլինելու հանգամանքեվ պայմանավորված անձամբ ավելի ուշ կստանա:

«Լավագույն սցենոգրաֆիա»-ի համար մրցանակ հանձնվեց Շամիր Շահիրյանին` «N707» ներկայացման համար (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն):

«Լավագույն պիես»-ի համար մրցանակ շնորհվեց Սամվել Կոսյանի «Դեռ վերջը չէ» գործին: Ի դեպ, այս տարի  փոփոխություն է կատարվել   «Լավագույն պիես» անվանակարգի որոշման կայացման առումով. վճռորոշ է եղել Կարինե Խոդիկյանի՝ «Դրամատուրգիա» գրական հանդեսի կողմից կազմված խմբագրակազմի եզրակացությունը: Դրամատուրգիայի հանձնաժողովը կազմում են՝ «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյան, Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան:

Թատերական ներկայացումների հանձնաժողովում ընդգրկված են  ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, բեմանկարիչ Մերի Սարգսյանը, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյանը, թատերագետ Ռուզաննա Առաքելյանը:

«Արտավազդ» հատուկ մրցանակն այս տարի Վարդուհի Վարդերեսյանի անվան էր. այն շնորհվեց  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ալլա Վարդանյանին: Բացի այս, «Արժանապատիվ ծառայության համար» հատուկ մրցանակների արժանացան ՀՀ ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյանը, Հրաչյա Գասպարյանը, Արմեն Խանդիկյանը, հանձնվեցին նաև այլ հատուկ, խրախուսական մրցանակներ` երիտասարդներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում