Արցախյան ազատամարտ. Պատմում է Կարմեն Ավետիսյանը

Արցախյան ազատամարտ. Պատմում է Կարմեն Ավետիսյանը

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Կարմեն Ավետիսյանը.

Կյանքը լի է անբացատրելի, անհավատալի երևույթներով: Հրաշք ասեմ, թե պատահականություն, բայց պատերազմի ժամանակ բազմաթիվ անգամ համոզվել ենք, որ իրականում անհնարին ոչինչ չկա:

Աղդամի ուղղությամբ ֆերմաներ կային` «մեծ կոմպլեքս» էինք ասում: Մարտի գնալուց, քանի որ առողջությունս լավ չէր, մեր գումարտակի հարամանատարն ինձ հանձնարարեց թիկունքում մնալ, կապի ու սննդի հարցերով զբաղվել: Վաշտս առանց ինձ գնաց: Կապի մոտ հետևում էի մարտի ընթացքին, ուշք ու միտքս տղաների հետ էր: Մարտը թեժ էր, մեր վիճակն այնքան էլ լավ չէր: Այլևս անհնար էր թիկունքում մնալ: Վեր կացա ու հաց տանող ՈՒԱԶ մեքենայով դիմեցի մարտադաշտ: Տղաներից մեկը ծանր վիրավորվել էր, պետք էր դուրս հանել: Վիրավորին չորս հոգով բերում էին: Մեքենայից իջանք, վազեցինք` տղաներին օգնելու: Մոշի թփերով ու մոլախոտերով ծածկված ճանապարհն ամեն քայլի հետ, կարծես, ավելի էր երկարում ու ծանրանում: Ինչքան շատ էինք շտապում, այնքան երկարում էր ճանապարհը: Ժամանակ շահելու համար` առաջարկեցի դուրս գալ ասֆալտն ու մաքուր ասֆալտով գնալ: 10-15մ անցնելուց հետո թշնամին նկատեց մեզ և ուղիղ նշանառությամբ` ինտենսիվ կրակ բացեց: 400-500մ ճանապարհ էր մեզ բաժանում մեր մեքենայից: 400-500մ ուղիղ ասֆալտ, բաց տարածություն, կրակի տարափ: Մի պահ մտածեցինք նորից մտնել մացառուտի մեջ: Բայց մեր ընկերը գլխից էր վիրավորվել, ամեն վայրկյանը թանկ էր ու կարող էր որոշիչ լինել նրա համար: Երկար մտածելու բան չկար, ավելի ճիշտ, ժամանակ չկար` ինչ լինում է, թող լինի: Որքան կարող էինք, քայլներս արագացրինք: Անվերջանալի թվացող ճանապարհը 15 րոպեում անցանք: Թշնամական ինքնաձիգների ու գնդացիրների ճրթճրթյունները ձգում-երկարեցնում էին ժամանակն ու ճանապարհը… Ու, պատկերացնու՞մ եք, ոչ մի գնդակ ոչ մեկիս չկպավ… Մեր շորերին կպավ, կոշիկներին` կպավ: Բայց մեզ` ոչ: Վեց հոգով հանեցինք մեր վիրավոր ընկերոջը: Նրան տանում էինք ոչ այնքան մեր ձեռքերով, որքան մեր ոգով: Աստված ինքն էր մեզ օգնում, պաշտպանում, փրկում…

Երբեմն ֆիլմերում նման տեսարաններ տեսնելուց` մտածում ենք, թե ռեժիսորի հորինածն է, թե նման բան չի կարող լինել: Այնինչ իրականությունն ավելի զարմանահրաշ է ու անմեկնելի, քան մարդկային միտքը:

Ուսանողական տարիներին ինձ փորձուսուցման ուղարկեցին շինարարություն: Երկու պատշար վարպետի համար ցեխ էի շաղախում: Ճաշից առաջ երկու ազատ րոպե ունենալով` սկսեցի զբաղեցնել ինքս ինձ: Պատի վրա սանհանգույցի խողովակի անցք կար, փոքրիկ քարեր էի նետում անցքի միջով, ստուգելու, թե որքանով եմ դիպուկ: Բայց, որքան փոքր քար էի ընտրում և ուղիղ նշան բռնում, այնքան հարվածս ավելի շեղ էր ստացվում: Ինքս ինձ վրա ջղայնացած, որոշեցի վերջին փորձն անել: Բայց ձեռքս ընկած քարը մեծ էր: Վերցրի ու առանց երկար-բարակ մտածելու` նետեցի: Կասկած լինել չէր կարող, որ իմ նետած քարը պիտի դեմ առներ պատին ու ընկներ, բայց որքան մեծ էր իմ զարմանքը, երբ տեսա, որ քարն անցել է անցքով: Հավատս չէր գալիս: Գնացի, կողքի սենյակում գտա նետածս քարը: Որքան ուզում էի նորից, առանց նետելու, ուղակի անցքի միջով անցկացնել այն, չէր ստացվում, մեծ էր: Բայց ո՞նց էր անցել: Չգիտեմ: Դա առաջին դեպքն էր, երբ ես առնչվեցի հրաշք կոչվածին: Հրաշք, որ պատերազմի ողջ ընթացքում մեր ուղեկիցն էր, երբ մենք, իրականում, զգում էինք հրաշքների կարիքը: Տիգրանակերտի բարձունքի ազատագրումն էլ` կատարյալ հրաշք էր:

Տիգրանակերտի բարձունքին հպարտ բազմած Վանքասարը շատերս առաջին անգամ տեսանք փոքր և մեծ Ջիննի գյուղերի ազատագրումից հետո: Գիտեինք, որ պիտի ազատագրենք բարձունքն ու մեր գերեվարված սպիտակափայլ եկեղեցին, ամեն օր սպասում էինք այդ օրվան, բայց հրամանն ուշանում էր: Մի օր` երեկոյան կողմ մեր գումարտակի հրամանատարը դիրքերը հանձնեց մեզ ու գնաց` շտաբից կանչել էին:

1993թ հուլիսի 4-ն էր, ամառային օրն աշնանային մառախուղով ու տհաճ մաղվող անձրևով էր բացվել: Գիշերվա կեսին` լուսաբացից առաջ հրամանատարը եկավ ու կանչեց ինձ: Եղանակի պես մռայլ էր նա: Ասաց, որ տղաներին մարտի պատրաստեմ: Հանձնարարությունը Չուլի գյուղի ազատագրումն էր, լավագույն դեպքում` նաև 610 բարձունքի ազատագրումը, բայց ոչ Տիգրանակերտը: Ակնհայտ էր, որ միայն ես չեմ դժգոհ մարտական առաջադրանքից, այլև հրամանատարս: Հետախուզությունից ստացված տվյալների համաձայն Տիգրանակերտում թշնամին ահագին ուժեր էր կուտակել ու այդ պահին Տիգրանկերտի առումը հնարավոր չէր թվում: Որոշեցինք` տղաների ոգին ու տրամադրվածությունը չկոտրելու համար առաջադրանքը նրանցից գաղտնի պահել:

Չուլի գյուղն առանց որևէ դժվարության, եթե կարելի է այդպես որակել առանց կորուստների ունեցած մարտը, ազատագրեցինք: Դեռ առավոտ էր, ժամը 11-ի կողմերը: Մենք էլ` ոգևորված ու եռանդուն: Առջևում 610 բարձունքն էր, ու ես միտք էի անում այդ բարձունքը գրավելու մասին: Ի՞նչ էր տալու մեզ այդ բարձունքը` ոչինչ: 610 բարձունքի հետևից տանկ ու ՀՄՄ էր աշխատում դեպի մեզ: Նախ, մենք պետք է երկար բաց ճանապարհ հաղթահարեինք դեպի այն, ու հետո էլ` բարձունքն անտառապատ չէր, էլի թշնամու ափի մեջ պիտի լինեինք ու, դրանից բացի, իրավիճակին չէինք տիրապետելու, ավելին, շրջապատված ու խոցելի ենք լինելու: Այդպես, մինչ տղաները կհանգստանային, փորձում էի մտքերս կարգի բերել ու ներկայացնել հրամանատարությանը, երբ ինձ մոտեցան մեր երկու Արմենները: Արմեն Հայրապետյանը առաջին վաշտի հրամանատարն էր, Արմեն Գասպարյանը` սպառազինության գծով հրամանատարի տեղակալն էր, ես էլ երկրորդ վաշտի հրամանատարն էի: Ասացի, տղերք, ի՞նչ անենք, մենք մեր առաջադրանքն արդեն կատարել ենք, իսկ 610-ը գրավելն ինձ անիմաստ է թվում: Արմեն Գասպարյանի զարմացած հարցը հրամանի պես հնչեց. «Բա Տիգրանակերտ չե՞նք բարձրանում»: Ասացի` դուք որոշեք, ձեզնից է կախված: Մեր առաջադրանքը միայն այսքանն էր: Ինչպես որոշեք, այնպես էլ անում ենք: Որոշումը շատ հեշտ ընդունեցինք. Վանքասարը մեզ էր սպասում:

Մինչ այդ ես ուսումնասիրել էի Տիգրանակերտի դիրքն ու գիտեի, որ եկեղեցու մոտ ինչ-որ նոր, մինչ այդ մեզ չհանդիպած ականանետ կա, թուրքական զենք, որ միանգամից երկու ական էր խփում: Գյուղից ցաքհատներ վերցրինք` դեպի բարձունք բարձրացող հին ջրատար անցքը մոշի թփերից մաքրելու և, անհրաժեշտության դեպքում, այնտեղ թաքնվելու համար: Մեր ծրագիրը համարձակ էր նախ և առաջ այն պատճառով, որ մենք բավականին մեծ բաց տարածություն պիտի անցնեինք դեպի մի բարձունք, որտեղ մինչև ատամները զինված թշնամին մեզ հսկելու և ոչնչացնելու բոլոր հնարավորություններն ուներ: Քարտեզի վրա թշնամու դիրքերն ուսումնասիրելուն զուգընթաց` փորձում էի նրա դիրքերից մտածել: Հաստատ կարելի էր ասել, որ թշնամին մեր առաջխաղացումը տեսել էր, նույնքան վստահ կարելի էր պնդել, որ նրանք անհավանական էին համարել դեպի Տիգրանակերտ մեր գրոհն ու, ամենայն հավանականությամբ, կարծել են, թե մենք գնում ենք Խաչենի գումարտակին օգնության: Մեր կեսժամյա հանգիստը նույնպես դա էր ապացուցում: Արմեններին ասացի, որ իրենք մնան ներքևում` տղաների մոտ, իսկ ես հինգ հոգու հետ բարձրանամ վերև: Բայց նրանք պնդեցին, որ գալիս են ինձ հետ: Սկսեցինք երեք հոգով բարձրանալ:

Քանի գնում, համոզվում էինք, որ ժայռափոր խրամատներից մեր ընթացքը թաքցնել հնարվոր չէ: Այդ ճանապարհն անվտանգ անցնելու միակ պայմանը կլիներ այն, որ թշնամին ուղակի թաքնվեր ու մեզ չտեսներ: Նույն պահին լուծումը ծագեց գլխիս մեջ: Կեսօր էր արդեն: Սովածանում էինք: Նկատեցինք, որ թշնամու խրամատներում շարժ է սկսել: Հաստատ հերթափոխով ճաշի էին գնում: Խրամատներից երկու-երեք հոգի գնում, մեկը վերադառնում էր: Դա մեր միակ հնարավորությունն էր: Ճաշից հետո զինվորի ուշադրությունն անպայման թուլացած կլիներ, նա պետք է որ զգոնությունը կորցրած լիներ: Իսկ եթե այդ պահին նաև տանկն օգտագործենք, խուճապն անխուսափելի կլինի:

Ամենամեծ վտանգը եկեղեցուց էր գալիս, որն ասկյարների որջի էր վերածվել: Ես կապի միջոցով մերոնց ասացի, որ տանկով խփեն եկեղեցու ուղղությամբ: Առաջին երկու հարվածները եկեղեցուց ներքև էին` ժայռերի վրա: Թուրքերն իսկույն թաքնվեցին խրամատներում` մեզ առաջանալու հնարավորություն տալով: Երրորդ արկը, խնդրեցի, որ եկեղեցու մեջ գցեն: Զգացմունքներն ու համոզմունքները մի կողմ` եկեղեցում ահագին զենք ու զինյալներ կային, որոնց պետք էր ոչնչացնել: Մեր տանկիստները փայլուն գործեցին` արկը պատուհանով ուղիղ եկեղեցուց ներս գցելով: Պատուհանի մոտ միայն մի փոքր վնասվածք ստացավ մեր ձյունաճերմակ Վանքասարը: Թեպետ զգացմունքները մարտադաշտում տեղ չունեն, պետք է ասել, որ պահն անչափ հուզիչ էր: Դա մարտի որոշիչ պահն էր: Դրանից հետո տանկը 4-5 անգամ ևս կրակեց` ապահովելով մեր առաջընթացը:

Ինձ թվում է, որ վախն ու խուճապը թույլ չի տվել թշնամուն` նկատելու մեր առաջխաղացումը: Նրանք ուղակի թաքնվում էին: Երբ հասանք ժայռերին, ասացի, որ տանկն այլևս չաշխատի, որովհետև արդեն կարող էր մեզ վնասել: Բաց տարածությունը որոշեցինք վազելով անցնել: Երբ Հայրապետյան Արմենը հասավ եկեղեցու մոտ, կապվեց գումարտակի հրամանատարի հետ. «Բարձունքը մերն է, մենք արդեն եկեղեցու մոտ ենք»: Ես սաստեցի նրան ասելով. «Մի՛ շտապիր, հարսանիքը դեռ նոր է սկսում»: Եվ, իսկապես, թուրքերը միայն այդ ժամանակ նկատեցին մեզ: Նրանց մոտ նորից իրարանցում սկսեց: Մենք թեկուզ երեք հոգով էինք, այնպես էինք կրակ վարում, որ նրանց թվում էր` շատ հոգով ենք: Երկու ասկյար այն աստիճան լեղաճաք եղան, որ նստեցին ԶԻԼ մեքենան, ու այնպիսի արագությամբ փախան, որ շրջադարձին չկարողացան ղեկը պահել ու դեմ են առան ճամփեզրի կաղնուն: Երկու Արմենները գնացին դեպի մեքենան, վարորդները փախուստի դիմեցին:

Մարտի ընթացքում մենք ժամանակ չունեինք ներքևում սպասող մեր տղաներին օգնության կանչել, բայց կրակահերթի ակտիվությունը լսելով` բարձրացել էին: Սկսում ենք միասին մաքրել տարածքը: Ողջ մնացած թուրքերը սկսում են խրամատներում պայթեցնել իրենց: Մեկի գրպանում նամակ գտանք, որտեղ իր սիրած աղջկան խոստանում էր` տուն գալուց հետն անպայման հայի ականջ բերել…

Մինչ մենք կմաքրեինք տեղանքն ու կդիրքվորվեինք, որպեսզի թշնամու հնարավոր հրետանու հարվածներից պաշտպանվենք, Խաչենի ջոկատի հրամանատար Վիտալին կապվում է մեզ հետ: Տեղեկանալով իրադրությանը` օգնություն է խնդրում: Նրանք առաջադրանք ունեին, որը չէին կարողանում կատարել: Որոշեցի, որ ես 8-9 հոգով գնամ դեպի Խաչեն, իսկ մնացածները մնան ու դիրքավորվեն Տիգրանակերտում: Այդ 8-9 հոգուց մեկը գնդացրորդ էր, մեկը` նռնականետորդ, մյուսներս` ինքնաձիգներով էինք: Բարձունքն իջած նկատեցինք, որ նռնականետում ընդամենը երկու նռնակ ունենք: Ճանապարհին` պարիսպի հետևում, տեսանք թշնամու զորքը` հանգիստ ու անվրդով. մեքենաներ, տանկ, ՀՄՄ, կենդանի զորք: Մեզ տեսնելուց էլ` ոչինչ չձեռնարկեցին, երևի թուրքի տեղ էին դրել: Սկսեցինք ինքնաձիգով ու գնդացրով կրակել: Առաջին իսկ կրակոցներից ամբողջ տեխնիկան շրջվեց ու, առաջ` դեպի փախուստ…

Գետի ափն էինք հասել, երբ Վիտալին նորից կապվեց մեզ հետ` ասելով, որ վերացնենք գետի մոտ գտնվող նորակռույց շինության հետևում թաքնված թշնամական տեխնիկան, որի միայն ալեհավաքն էր երևում: Կրակելու պատիվը Անդրեյին տրվեց: Ասացի` խփիր պատի վերևի հատվածին, երբ պատից քարեր թափվեն, տեխնիկան թողնելու-փախչելու է: Ես զգում էի հակառակորդին, նա տրամադրված չէր մարտի մեջ մտնելու, դիմադրելու: Այդ պահին մենք կարող էինք, անգամ, ավելի առաջ գնալ: Այդպես էլ եղավ, պատի փլվելն ու տեխնիկայի պոկվելը մեկ է լինում: Ու այդ պահին մի պայթյուն է որոտում: Վիտալին կապվում, շնորհակալություն է հայտնում աջակցության համար ու ասում, որ իրենց առաջադրանքը կատարված է` կամուրջը պայթեցրել են: Որքան մեծ էր իմ ափսոսանքը: Հաղթական օրվա անիմաստ ավարտ: Ճանապարհն արդեն մեր վերահսկողության տակ էինք առել, կամուրջը պայթեցնելն անիմաստ էր: Եթե իմանայի, որ դա է նրանց առաջադրանքը, հաստատ օգնողը չէի…

Որոշեցինք բարձրանալ Տիգրանակերտի բարձունքը: ճանապարհին դեպի բարձունք շտապող մի ՀՄՄ տեսանք: Չգիտեինք` մեր տեխնիկան է, թե՞ թշնամու: Կապվեցի հրամանատարիս հետ` մեր անելիքն իմանալու համար: Նա ասաց, որ մերոնք են, դուրս են եկել Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղին, հանկարծ չխփենք: Ես էլ հրամայեցի մեր` արդեն կրակելու պատրաստ նռնականետորդին, որ չխփի: ՀՄՄ-ն եկել-հասել էր մեզ, երբ հարմանատարը նորից կապվեց ու ասաց, որ դա թշնամու տեխնիկան է ու խփել է պետք: Մինչ մեր մռնականետորդը դիրքավորվեց, որ խփի, ՀՄՄ-ն մեծ արագությամբ վեր բարձրացավ, չկարողացանք վնասազերծել այն:

Մարմնովս սարսուռ անցավ, սառը քրտինքը պատեց ինձ: Երկու Արմենները ճանապարհին էին` ԶԻԼ մեքենայի մոտ ու անտեղյակ թշնամու ՀՄՄ-ից: Կապի միջոցն էլ անջատել էին, չէի կարողանում նրանց տեղյակ պահել վերահաս վտանգի մասին: Մենք, խելագարի պես, վազում էինք տեխնիկայի հետևից, բայց, բնական է, չէինք կարող հասնել: ՀՄՄ-ից պարբերաբար գլուխները դուրս էին հանում, ինչ-որ անուններ էին կանչում: Երևում է` եկել էին իրենց ընկերների հետևից: Մենք վազում-մոտենում էինք տեխնիկային: Բայց ի՞նչ անեինք: Նռնականետ ունեինք`մեջը նռնակ չկար: Տղաներից մեկի մոտ հակատանկային նռնակ կար: Վերցրեցի ու վազեցի` ավելի մոտենալով տեխնիկային: 10 մ էր ինձ բաժանում ՀՄՄ-ից, երբ տղաները հետևիցս կանչեցին, թե` հրամանատար, նռնակի մեջ զապալ չկա… Չէ, դուք պատկերացնու՞մ եք իմ վիճակը… Ոտ ու ձեռս թուլացած, շվարած կանգնել էի ՀՄՄ-ից 10 մ հեռավորության վրա, անզեն, ընկերներիս կորցնելու վտանգն էլ` սրտումս: Մի քիչ հետ եկա, որ տղաները զապալը գցեն, հետո գնամ: Բայց այդ պահին ՀՄՄ-ն շրջվում, փախչում է: Առանց մի կրակոցի…

Բարձրացա, գտա իմ երկու Արմեններին, որ կապն անջատել, ԶԻԼ-ի մեջ եղած զենքերն էին ուսումնասիրում:

Այդպես էր Տիգրանակերտի բարձունքի առումը: 1993-ի հուլիսի 4-ին` աղջկաս` Մետաքսեի ծննդյան օրը: Թուրքերը երկար չէին համակերկպվում այդ կորստի հետ: 9 օր շարունակ ամեն օր հրետանին կարկուտ էր թափում այդ բլրի վրա: Բայց բարձունքը մերն էր, ու մենք այն հետ տալու միտք չունեինք:

Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում