Ակնհայտ է, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի լուրջ աջակցության չէր կարող նման քայլերի գնալ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ակնհայտ է, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի լուրջ աջակցության չէր կարող նման քայլերի գնալ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ իրենց սադրիչ գործողությունների համար սահմանափակող հանգամանք չկա:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են հայկական երկու պետություններին, ինչպես նաև միջնորդ երկրներին: Այնպիսի ժամանակ է ընտրվել, որ հնարավորինս մեծ արձագանք գտնի միջազգային հանրության կողմից: Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը շանտաժի միջոցով որոշակի արդյունքների հասնելն է: Նման գործողությունները պայմանավորված են վերջերս Էրդողան-Ալիև հանդիպմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը առանց լուրջ աջակցության չէր կարող նման քայլերի գնալ: Սա փաստացի լայնամասշտաբ պատերազմ սկսելու փորձ է»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում Ալիևի հանդիպումներին` քաղաքագետը նշեց, որ այստեղ կարելի է խոսել իրավիճակը խեղելու և իրադրությունը կեղծ ներկայացնելու մասին:

«Բանակցություններում մի բանի մասին են խոսում, գործնականում մեկ այլ բան անում: Հետաքրքիր է, որ Ադրբեջանը սպասել է հանդիպումների ավարտին, նոր է նման գործողություններ սկսել՝ կարծես փորձելով խուսափել անմիջական պատասխանատվությունից»,-ավելացրեց քաղաքագետը:

Ո՞րը պետք է լինի հայկական կողմի անելիքը, հարցին ի պատասխան Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այս պահի դրությամբ թշնամու ազդեցությանը հակադարձելն է:

«Հայկական զինված ուժերը զգոն են եղել, ժամանակին արձագանքել են, խափանել են լայնամասշտաբ գրոհը: Իհարկե, դիվանագիտական լուրջ աշխատանք է սպասվում մեր ԱԳՆ-ին: Պետք է ֆիքսել, որ Ադրբեջանը պատերազմ է սանձահարում»,-եզրափակեց քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում