ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պարզաբանումներ է տվել CNN-ի եթերում

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պարզաբանումներ է տվել CNN-ի եթերում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը CNN-ի ուղիղ եթերում խոսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNN-ին, հայտնում է, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ղարաբաղյան կողմի տեսակետը հայտնելու հնարավորություն է ստացել հեռուստալրագրող Բեկի Անդերսոնի հետ զրույցում:

«Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ի վաղ առավոտից սկսած ադրբեջանական ռազմական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ մշտական կրակի տակ պահելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը: Պետք է նշել, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն օգտագործում է նաեւ ծանր զինտեխնիկա, օդուժ՝ չխուսափելով կրակի տակ պահել անգամ խաղաղ բնակչությամբ բնակեցված տարածքները»,- ասել է Միրզոյանը:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը CNN-ի եթերում նաեւ պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն պնդմանը, թե իբր ադրբեջանական կողմն ամենից շատն է հետաքրքրված խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու հարցում, սակայն միայն այն դիտանկյունից, ըստ որի ադրբեջանական տարածքները «բռնազավթման մեջ են»: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ տարածքների հարցում վաղուց արդեն որոշակիություն կա. «Դեռեւս 25 տարի առաջ ժողովուրդն իր խոսքն է ասել՝ քվեարկելով հանուն անկախության: Պաշտոնական Բաքուն չի կարող հաշվի չնստել այդ մարդկանց որոշման հետ՝ փորձելով ոչ միայն դիվանագիտական, այլեւ ռազմական ուղով հարցին լուծում տալ: Սա վտանգավոր զարգացման է տանում: Մենք հույս ունենք դիվանագիտական ուղով լուծում տալու հարցին, որը հնարավորություն կտա խաղաղ գոյակցելու տարածաշրջանում»:

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ զսպվածություն ցուցաբերելու կոչին, Միրզոյանը նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը շնորհակալ է ինչպես նախարար Լավրովին, այնպես էլ մյուս գործընկերներին՝ ի դեմս ԱՄՆ պետքարտուղարության, Ֆրանսիայի ԱԳՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության. «Ցավալի է, որ Ադրբեջանը ականջալուր չէ միջազգային հանրությանը: Ադրբեջանական կողմը շարունակում է ռազմական սադրանքների դիմել ընդդեմ ԼՂՀ ժողովրդի: Ի վերջո, եկել է ժամանակը հասկանալու, թե ով է իրական մեղավորն այս հակամարտության մեջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում