AM | RU
USD
EUR
RUB

Իշխանություններից հաշիվ պահանջելու ժամանակը չէ. պատերազմը տեղափոխվելու է դժվարագույն բանակցությունների ճակատ

«Ի Լուր»-ի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

– Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։

– Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին» նվիրված հրապարակային առաջարկս, եւ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը։

– Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանին փոխանցեցիք հանդիպման առաջարկը՝ միջնորդի միջոցով, թե՞ անմիջականորեն։ Գուցե սա մանրուք թվա, բայց ամեն դեպքում հետաքրքիր է հասարակության համար։

– Այս հարցում ոչ մի խորհրդավորություն չպետք է փնտրել։ Քանի որ ես բաց, ոչ կուլիսային քաղաքականության կողմնակից եմ, հասարակությունից թաքցնելու բան չունեմ։ Ապրիլի 5-ին ես Սերժ Սարգսյանին ուղարկեցի հետեւյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։ Քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը լինելու էր Գերմանիայում, նա ինձ հեռախոսով պատասխանեց, որ կհանդիպենք վերադառնալուց հետո իմ տանը, ինչը եւ տեղի ունեցավ։

 

– Այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ Ձեր ունեցած չափազանց բարդ հարաբերությունների, փոխադարձ խիստ մեղադրանքների առկայության պարագայում անհնար էր պատկերացնել, որ մեր իրականության մեջ այդպիսի քաղաքակիրթ հանդիպում կարող է կայանալ, ինչը պատիվ է բերում թե՛ Ձեզ, թե՛ Սերժ Սարգսյանին։

– Նախ՝ քաղաքական վարվեցողության ասպարեզում ոչինչ անհնար չէ, եւ երկրորդ՝ ինչն անհնար է թվում մեր իրականության մեջ, ամենեւին անհնար չէ նորմալ, կայացած պետություններում։ Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը։ Եթե մեզ մոտ դեռ, ցավոք, այդպես չէ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ լինելով ընդամենը 25 տարվա անկախությամբ օժտված պետություն, մեզ մոտ առայժմ բացակայում են պետական մտածողության անհրաժեշտ ավանդույթները։ Թեեւ այս առումով բավականին հուսադրող պետք է համարել ղարաբաղա-ադրբեջանական վերջին ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ ազատամարտիկների ինքնաբուխ համախմբման օրինակելի դրսեւորումը։

– Դատելով էլեկտրոնային մամուլի եւ ֆեյսբուքյան արձագանքներից, հասարակությունն իսկապես նկատելիորեն հուսադրվել ու դրական է գնահատել Ձեր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, բայց կան նաեւ, մեղմ ասած, կասկածամիտներ ու չարակամներ, ովքեր ուզում են ստվեր նետել այդ փաստի վրա։

– Դավադրության տեսության կողմնակիցներ ու ամեն ինչի ետեւում խարդավանքներ որոնողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Բայց սովորաբար այդպիսի մարդիկ քաղաքական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չեն գործում, ուստի անիմաստ է նրանց ասածներին ուշադրություն դարձնել։ Կարեւորը հասարակության մեծամասնության կարծիքն է։

– Շատերի ընկալմամբ՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ տարիներ առաջ Ձեր կատարած կանխատեսումներն իրականանում են։ Դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին։

– Կանխատեսություն ասվածի մեջ մոգական բան չպետք է փնտրել. դրանք ընդամենը եղել են գնահատականներ, բխած քաղաքական գործընթացների զարգացման միտումների իմ ըմբռնումից։ Եթե ոմանց թվում է, թե ես պետք է բավարարված լինեմ իմ «կանխատեսումների» իրականացման փաստից, ապա այդ մարդիկ մոլորվում են։ Ես շատ ավելի ուրախ կզգայի, որ սխալված լինեի ու դրանք չիրականանային։ «Բա որ ասում էի» տիպի «խորիմաստ» մտքերն ինձ համար անպտուղ տափակաբանություններ են։ Որ ասում էիր, քեզ ժամանակին պիտի լսեին։ Հիմա այդ ասածներդ որեւէ արժեք չունեն։ Ո՞ւմ է պետք հետին խելքը։

– Պարոն նախագահ, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանի սանձազերծած վերջին արյունալի ռազմական արկածախնդրությունը։

– Ղարաբաղա-ադրբեջանական լայնածավալ սահմանային բախումն ինձ հիշեցնում է 1973թ. արաբա-իսրայելյան, այսպես կոչված, «Յոմ Կիպուրի» պատերազմի սցենարը։ Քանի որ, վստահաբար, շատերը ծանոթ չեն այդ սցենարին, ըստ երեւույթին, հարկ կա մի քանի բառով բացատրել նրա էությունը։ Պատերազմը, Իսրայելի համար լիովին անակնկալ, սկսվեց Եգիպտոսի եւ Սիրիայի հուժկու նախահարձակմամբ։ Ու թեեւ ի վերջո այն ավարտվեց արաբական կողմի պարտությամբ, սակայն ռազմական գործողությունների ծավալման սկզբնական շրջանում ձեռքբերած լուրջ հաջողության շնորհիվ Եգիպտոսի ղեկավարությունը, նախագահ Անվար Սադաթի գլխավորությամբ փրկեց իր դեմքը, եւ դա հաղթաթղթի վերածելով, 1979 թվականին Քեմպ-Դեվիդում, համարձակորեն հաշտություն կնքեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ, արդյունքում ետ ստանալով նաեւ Սինայի թերակղզին։ Նույն կերպ, ուրեմն, Ալիեւը, թեեւ մեծ զոհերի գնով, անակնկալ գործողության շնորհիվ հայկական կողմին զգալի մարդկային կորուստներ պատճառելու եւ մի քանի դիրքեր գրավելու փաստի սիմվոլիկ «հաղթաթղթով» փորձելու է շահել սեփական ժողովրդի համակրանքը եւ ուժեղացնել իր դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։

– Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ զինադադարի լուրջ խախտումները կրկնվեն։

– Քանի որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, դա նշանակում է, որ, մանր-մունր փոխհրաձգությունները  չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները։ Որպես հետեւանք, այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։

– Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ փաստաթուղթ է դրվելու բանակցությունների սեղանին եւ արդյոք այն պարունակելո՞ւ է որոշ տարածքների վերադարձմանը եւ խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող դրույթներ։

– Այդ հարցը ցույց է տալիս, թե ինչպիսի շփոթ են ստեղծել մեր հարգելի վերլուծաբաններն ու քաղաքագետները։ Քննարկվելիք փաստաթուղթը վաղուց հայտնի է եւ կոչվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված եւ կողմերի միջեւ մեծ մասամբ համաձայնեցված ծրագիր, որը պարունակում է թե՛ տարածքների վերադարձմանը, թե՛ խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող հոդվածներ։ Մադրիդյան սկզբունքներն ու նրանց հիման վրա մշակված համապարփակ ծրագիրը բազմիցս հաստատվել են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններով, արժանացել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սկզբունքային համաձայնությանը։ Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, եւ նրան այդ հարցում անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։ Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Ի դեպ, նա է ընդառաջել նաեւ Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, եւ նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը։ Ես գնահատականներ չեմ տալիս, այլ ընդամենն արձանագրում եմ առկա անժխտելի իրողությունները։

– Շնորհակալություն այս հանգամանալից պարզաբանումների համար, իսկ այժմ մի վերջին հարց. ի՞նչ դիրք պետք է որդեգրի հայկական կողմը սպասվող բանակցություններում, եւ ի՞նչ պարտավորություններ պետք է ստանձնեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակությունը տվյալ խնդրում։

– Հայկական կողմը, բնականաբար, կոշտ, բայց կառուցողական մոտեցումով բանակցությունների արդյունքում պետք է ձգտի ձեռքբերել հնարավոր առավելագույնը։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի եւ հասարակության դերակատարությանը, ապա դա պետք է լինի ներքին տարաձայնությունները ժամանակավորապես սառեցնելուց եւ ազգային համախմբվածությունից բացի, ոչինչ ավելի։ Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաեւ վերջինիս հետ)։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Բայց, միաժամանակ, արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցությանը, նրա գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։ Իշխանությունների եւ հասարակության հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միակողմանի վերաբերմունքի, այլ փոխվստահության եւ փոխաջակցության վրա։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը։

iLur.am, 11.04.2016

Լրահոս
Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման. ՄԻՊ արձագանքը քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի նոր կարգին Ջորջ Քլունին 500 հազ. դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համար Մադագասկարի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը Երևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են «Հրապարակ». Լոսանջելեսահայերը խնդրում են ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել ավագանու ՀՀԿ անդամներին «Ժամանակ». «Տրանսգազի» Կոլյան զբաղված է թոռներին ազատելու գործով «Հրապարակ». Վարդան Մամիկոնյանը հրաժեշտ է տվել Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին «Հրապարակ». Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում «Ժողովուրդ». Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Բորիս Դեմիրխանյանը «Ժողովուրդ». Այս քրեական գործը դեռ շատ ջուր է քաշելու «Ժամանակ». Փոխվարչապետի հարմար թեկնածուները «Ժողովուրդ». Կառավարությունն օրերս կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը «Ժամանակ». «Ճվճըվ Արոյի» որդիներն ազատության մեջ կհայտնվեն ապրիլին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Ֆորումը քննարկել է համայնքների աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Սերժ Սարգսյանն իր ուղերձում շեշտեց՝ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել. Միհրան Հակոբյան Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Լևոն Ալթունյանը և Սերգեյ Կրաևոյը քննարկել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալն անհամեմատ հեշտացվել է Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Պոլիկլինիկաները և ամբուլատորիաները երեք տարում իրականացրել են 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Վահան Մարտիրոսյանն այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի և Լիբանանի նախագահները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ Հարկային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ շահութահարկի գծով. պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan