Ալիևի արկածախնդրությունը կստիպի արտասահմանյան ներդրողներին հեռանալ Ադրբեջանից

Ալիևի արկածախնդրությունը կստիպի արտասահմանյան ներդրողներին հեռանալ Ադրբեջանից

Այն պահից ի վեր, երբ հայր Ալիևին փոխարինեց որդին, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն Արցախի նկատմամբ վերածվեց իսկական արկածախնդրության: Եթե Հեյդար Ալիևն իրատեսական էր գնահատում Ադրբեջանի հնարավորությունները և բանակցային գործընթացում պատրաստ էր գնալ զիջումների, ապա որդին տարիներ շարունակ իրեն և Ադրբեջանի քաղաքացիներին սնում է այն ուտոպիայով, որ Արցախը վերադարձնելուց հետո կմտածեն նաև Սյունիքի և ՀՀ-ի այլ տարածքների մասին: Քանի դեռ նավթի գները բարձրանում էին և Ադրբեջանը հսկայական միջոցներ էր տրամադրում բանակի սպառազինությանը, և էլ ավելի շատ միջոցներ էլ այդ պատրվակակով յուրացվում էր ալիևյան ընտանիքի ու մերձավոր շրջապատի կողմից: Տպավորություն էր, կարծես  բնակչությունը չէր դժգոհում և սպասում էր այն «լուսավոր» օրվան, երբ Ալիևը կկատարեր իր խոստումները:

Իրավիճակը կտրուկ փոխվեց նավթի գների անկման և մանաթի արժեզրկումից հետո: 2015թ-ի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկն անցում կատարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի հետևանքով ադրբեջանական մանաթը կտրուկ արժեզրկվեց: Եթե համեմատենք մանաթի արժեզրկամն առաջին ալիքի հետ, ապա գրեթե 98 տոկոսով: 2016թ-ի առաջին երկու ամիսների կտրվածքով երկրի տնտեսությունն արդեն իսկ 3.2 տոկոս անկում է ապրել:Բնակչության կենսամակարդակը երկու տարի առաջվա համեմատ վատացել է գրեթե կրկնակի: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2014թ-ի 8000 դոլարի փոխարեն դարձել է 4000 դոլար և նվազելու միտումներ ունի:

Այս իրավիճակում Ալիևը ստիպված գնացել է նաև ռազմական ծախսերը մոտ 40%-ով կրճատելուն, որի մասին է վկայում Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկատվությունը: Հիմնական ծախսերը նույնիսկ ավելացել են 3.3%-ով, սակայն վերացել է «հատուկ նախագծեր և գործունեություն» բաժինը, որը 2011-ից կազմել է Ադրբեջանի ռազմական ծախսերի անբաժան մասն ու կազմել դրա մոտ 40%-ը:

Այս ամենը Ադրբեջանը կանգնեցրել էր ներքին պայթյունի առջև և Ալիևին այլ ելք չէր մնում, քան մի այնպիսի գործողություն ձեռնարկելն էր, որը բնակչության ուշադրությունը կշեղեր համատարած աղքատացումից: Բնականաբար, Արցախի վրա հարձակումը լավագույն տարբերակն էր, մանավանդ, որ արտաքին պայմանները ևս բարենպաստ էին և Թուրքիայի կողմից կար աջակցություն:

Եվ Ալիևի գնաց հերթական արկածախնդրությանը` հաշվի չանռելով, որ Արցախյան հակամարտության թեժացումն ուղղակի վնաս է հենց Ադրբեջանի տնտեսությանը: Մի կողմ դնելով մարդկային և տեխնիկական հսկայական կորուստները` որոնք դժվար թե հուզում են Ադրբեջանի առաջնորդին, Ալիևը կանգնել է լեգիտիմության լուրջ ճգնաժամի առջև: Տարիներ շարունակ իր իսկ կողմից փչված վեհափուչիկը, որ Արցախի զավթումը օրերի հարց է, պայթեց, և այդ պայթյունի ձայնը դեռ նոր կլսվի: Բնակչությունը դեռ էյֆորիայի մեջ է և դեռ վստահում է ադրբեջանական ֆոտոշոփի վարպետներին, որոնք բավականին անփութորեն նկարներ են պատրաստում ադրբեջանական զորքերի երևակայական հաջողությունների վերաբերյալ: Սակայն կեղծիքը բացահատվելու դեպքում, որն անշուշտ հնարավոր է, քանի որ ոչ մի Ադրբեջանի քաղաքացի չի կարող անցնել Թալիշ գյուղ և գտնել այնտեղ ադրբեջանական գրությամբ պաստառներ, Ալիևը ստիպված կլինի իր իշխանությունը երկարաձգելու նոր պատրվակներ հորինել:

Բնակչության արձագանքը, որը դեռևս կառավարելի է իշխանության կողմից առայժմ չի հուզում Ալիևին, սակայն տարածաշրջանային անկայունություն հրահրելը իսկապես թանկ կարող է նստել հենց երկիրը սնող հիմնական աղբյուրների վրա:
Խոսքը, բնականաբար, արտաքին ներդրումներին է վերաբերվում, որը ադրբեջանական տնտեսության կարևոր բաղկացուցիչներից է: Ադրբեջանական նավթագազային ոլորտում ընգրկված են բազմաթիվ արտասահմանյան մեգահսկաներ, որոնց ներդրումները դեռևս կենսունակ են պահում ադրբեջանական տնտեսությունը: Տնտեսական ճգնաժամի արդյունքում առանց այն էլ արտերկրյա խոշոր ընկերությունների արտահոսք էր նկատվում Ադրբեջանից։ Փետրվարին Արբեջանում իր դուստր ձեռնարկության փակման մասին է հայտարարել Exxon Corporation-ի կազմի մեջ մտնող Exxon South Caspian Limited ընկերությունը։ Exxon South Caspian Limited ընկերությունը 1999թ. ձեռք էր բերել «Արազ-Ալով-Շարգ» նավթահանքի 15%-ը:

Արցախում կոնֆլիկտի էսկալացիայի դեպքում բնականաբար նվազում է Ադրբեջանում ներդրումներ կատարելու վարկանիշը, և արտասահմանյան ընկերությունները ոչ միայն չեն ցանկանա նման երկրում նոր ներդրումներ կատարել, այլև կշտապեն ձեռքազատվել իրենց ներակայիս մասնաբաժիններից: Իսկ այդ ամենը ադրբեջանական տնտեսությունը կկանգնեցնի իսկական փլուզման շեմին:

Ստացվում է մի կողմից ադրբեջանական իշխանությունները փորձում էին բնակչության ուշադրությունը շեղել տնտեսական խնդիրներից, իսկ մյուս կողմից նպաստում են երկրում նոր տնտեսական դժվարությունների առաջացմանը: Առանց այն էլ նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանը շուրջ տաս միլիարդ դոլար գումար է կորցրել: Եթե միջազգային խոշոր ընկերությունները լքեն Ադրբեջանը, ապա երկրում էլ ավելի կմեծանա գործազրկության մակարդակը և դժգոհողների հսկայական բանակի դեմն առնելն այլևս հնարավոր չի լինի ու Ալիևին չի փրկի նույնիսկ երկրի զինված ուժերի անհաջող օպերացիաները:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում