«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման նպատակը համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման նպատակը համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է

ՀՀ կառավարությունը գիտակցում է, որ զարգացումը հնարավոր է այն երկրներում, որտեղ մեծագույն ուշադրություն է դարձվում կրթությանը, գիտությանը և բարձր տեխնոլոգիական նվաճումներին: Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«ՀՀ կառավարության անունից ողջունում եմ «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին: Այս միջոցառման նպատակը Հայաստանում համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է: ՀՀ-ն առաջին անգամ հյուրընկալել է բժշկագիտության ոլորտի հինգ նոբելյան մրցանակի դափնեկիրների: Դարավոր գիտական ավանդույթներ ունեցող մեր երկրում նման միջոցառում անցկացնելն եզակի հնարավորություն է ոչ միայն համաշխարհային գիտության մեջ ակնառու գիտնականների դասախոսությունները լսելու, հետաքրքրքիր բանավեճեր և քննարկումներ անցկացնելու, այլև ՀՀ գիտության տեղն ու դերը ևս մեկ անգամ իմաստավորելու, անելիքները նախանշելու, նոր գիտական գաղափարներ ու ծրագրեր քննարկելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ փոխվարչապետի խոսքով` մեր երկրի ջանքերն ուղղված են Հայաստանի գիտնականների և համաշխարհային գիտական կենտրոնների միջև համագործակցության համար նպաստավոր միջավայր ստեղծելուն:

«Լիահույս եմ, որ, բացի կարևոր առաքելությունից, նոբելյան մրցանակի դափնեկիրները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի մշակույթին»,-հավելեց Վաչե Գաբրիելյանը:

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումն անցկացվում է ապրիլի 12-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ: Այն տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն է տալու կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր համբավ վայելող անհատականությունների հետ: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը հավակնում է դառնալ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական իրադարձություններից: Մասնակիցների թվում են նոբելյան մրցանակակիրներ Ահարոն Չիխանովերը, Էյ-Իշի Նեգիշին, Դեն Շեխտմանը, Ադա Յոն աթը, Ջոն Ուորենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում