ԵՄ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների գաղափարը իրականություն պետք է դարձնի

ԵՄ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների գաղափարը իրականություն պետք է դարձնի

Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12-ի իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ Հարկ է փաստել, որ ի տարբերության Եվրոպայի խորհրդի, որտեղ ադրբեջանական միլիոններն իրենց սև գործը հաճախ կարողանում են անել, ԵԽ-ում բավականին հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերվեց Արցախում տեղի ունեցող վերջին թեժացումների նկատմամբ: Ելույթ ունեցավ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, իսկ այնուհետև թեմայի շուրջ իրենց տեսակետներն հնչեցրեցին Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, որոնց գերակշիռ մասը հանդես եկավ հայամետ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները։

Մոգերինին իր ելույթում շեշտեց. «Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խիստ պահպանման և խաղաղ գործընթացում առաջ շարժվելու վրա: Մասնավորապես, քաղաքացիական անձանց թիրախավորումը պետք է դադարի: Սակայն ակնհայտորեն մենք չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին և մեր քաղաքական նպատակը պետք է լինի, որ կողմերը վերսկսեն բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»:

Ապրիլի առաջին տասնօրյակում Արցախյան հակամարտության թեժացման մեջ հաճախ փորձ է կատարվում արտաքին խաղացողների հետքեր փնտրել: Այս համատեքստում փորձենք դիտարկել իրավիճակը և հասկանալ՝ ԵՄ-ն ինչ է ցանկանում մեր տարածաշրջանից և ուժերի ինչպիսի դասավորությունն է առավել ձեռնտու այս միավորմանը: Ի տարբերություն 2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցող իրադարձությունների, որտեղ ԵՄ-ն հանդես եկավ միջնորդի դերակատարում և մատնանշեց տարածաշրջանում իր ազդեցության մեծացման փաստը, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ-ի ներգրավվածությունը բավականին համեստ է `ներկայացված է միայն Ֆրանսիայի տեսքով:

ԵՄ-ի համար Արցախում պատերազմի բռնկումը ամենաանցանկալի սցենարներից մեկը կարող է լինել: Դեռևս 2003թ-ին ընդունված Եվրոպական անվտանգության ռազմավարության մեջ ԵՄ-ն, որպես հիմնական սպառնալիք մատնանշել է տարածաշրջանային կոնֆլիկտների առկայությունը: Գնալով ընդլայնվող ԵՄ-ն, որ արդեն դարձել է մեր տարածաշրջանի հարևանը, ցանկանում է հարևանության գոտում տեսնել կայուն զարգացող և կոնֆլիկտներից զերծ տարածաշրջան: Յուրաքանչյուր ցնցում եվրոպական հարևանության գոտում ցնցում է նաև առանց այն էլ փխրուն ԵՄ-ի հիմքերը: Ուկրաինայի և հատկապես Սիրիայի հակամարտությունները ԵՄ-ին կանգնեցրել են միգրացիոն լուրջ ճգնաժամի առջևՙ և նոր հակամարտությունն իր բոլոր հետևանքներով, ամենևին էլ ԵՄ-ի համար ցանկալի սցենար չէ:

Բացի այս չպետք է մոռանանք նաև տարածաշրջանի էներգետիկ նշանակության մասին: Չնայած Ադրբեջանի գազային պաշարները ԵՄ-ի էներգետիկ պահանջարկի տեսանկյունից շատ չնչին խնդիր են լուծում, սակայն էներգետիկ անվտանգության` աղբյուրների և ուղիների բազմազանեցման տեսանկյունից, որոշակի կարևորություն ունեն: Ներկա պահին, երբ Իրանի, Թուրքմենստանի հետ գազային գործարքներն իրականություն չեն դարձել ադրբեջանական գազը Ռուսաստանը շրջանցող եզակի աղբյուրներից է, որից ԵՄ-ն չի ցանկանա հրաժարվել: Միաժամանակ չպետք է մոռանանք, որ դեպի ԵՄ հասնող գազամուղերի և ադրբեջանական հանքավայրերի շահագործման մեջ ներգրավված են նաև եվրոպական տարբեր պետությունների վերազգային կազմակերպությունները, որոնք բավականին մեծ ազդեցություն ունեն իրենց պետությունների վրա: Որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, իսկ եվրոպական ներդրումներն ապարդյուն չկորեն, հարկավոր է տարբեր կառույցների կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` սթափեցնելու այդ երկրի ղեկավարությանը:

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցող քննարկումների ժամանակ բավականին հետաքրքիր մտքեր հնչեցին, որոնք ցանկալի է կյանքի կոչել: Մասնավորապես` Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի անդամ Ֆրենկ Էնգելը հայտարարել է. «Միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է, քանի որ այսօր Ադրբեջանը ագրեսորն է և ագրեսոր է եղել 24 տարի առաջ և շարունակաբար խախտել է հրադադարը: Բաքուն փառաբանում է դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին և կարծում է, որ հայերը պետք է վերանան տարածաշրջանից»:

Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Էլենի Թիոչերսը հաստատել է իր աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին`շեշտելով, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Բաքվի նկատմամբ և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հնչեցված այս երկու գաղափարները պետք է անկյունաքարային դառնան Արցախի նկատմամ իրականացվող ԵՄ-ի արտաքին քաղաքականության համար: Հասունացել է պահը միջազգային հանրության և, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու համար: Արցախին հստակ տրվող կարգավիճակը առաջնային խնդիր է, որ պետք է լուծվի, որից հետո կարելի խոսել մնացած հարցերի շուրջ: Կարևոր է, որպեսզի ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը չհայտնվի ամենաթողության պայմաններում: ԵՄ-ի ամբիոններից բազմաթիվ կոչեր են հնչել և նույնիսկ առաջարկներ արվել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել երկրում ժողովրդավարական արժեքները նման կերպ անարգելու համար, սակայն դրանք մնացել են միայն հայտարարությունների մակարդակում, այդ պատճառով էլ Իլհամ Ալիևն սանձարձակ վարքագիծը ծնեց ապրիլյան պատերազմը: Եթե նմանօրինակ քայլը ևս պատիժ չգտավ, ԵՄ-ն իր սահմաններում ստիպված կլինի գործ ունենալ պայթունավտանգ օջախի հետ, որի ժայթքումը անկայունության նոր օջախ կստեղծի եվրոպական հարևանության գոտում:

Այս նպատակով կարևոր է որպեսզի Հայաստանը գործի դնի իր դիվանագիտական ողջ ներուժը: Ընդ որում, այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն գործադիր մարմնին, այլ նաև խորհրդարանական դիվանագիտությանը: Կարևոր է նաև միջկուսակցական երկխոսությունը: Հայաստանի երեք կուսակցություններ ԵԺԿ անդամ են, որն ամենամեծ կուսակցությունն է ԵԽ-ում: Սփյուռքի հայկական կառույցները պետք է շարունակեն իրազեկության արշավը և թիրախավորված աշխատեն յուրաքանչյուր կուսակցության և յուրաքանչյուր պատգամավորի հետ: Այս միահամուռ ջանքերի շնորհիվ գուցե հնարավոր լինի ապահովել ոչ միայն ԵՄ-ի դիվանագիտական չեզոքությունը, այլ նաև օբյեկտիվ դիրքորոշում ձևավորել Արցախյան հակամարտության նկատմամբ: ԵՄ-ի մասով մեր ողջ քաղաքականությունը պետք է միտված լինի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, մանավանդ որ ԵԽ-ում պարարտ հող կա նախապատրաստված: Ժամանակն է արդեն, որ ԵՄ-ն Ադրբեջանի հարցում անատամ կոչերից անցնի գործնական խիստ քայլերի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում