«Ավրորա» մրցանակաբաշխության անդամները ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

«Ավրորա» մրցանակաբաշխության անդամները ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Համաշխարհային մարդասիրական ասպարեզի մի շարք բացառիկ գործիչներ ապրիլի 22-ից մինչեւ 24-ը ժամանելու են Երեւան՝ մասնակցելու հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի շուրջ կազմակերպված քննարկումներին։ Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։

«Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մեծարանքի են արժանանալու այն բացառիկ ջանքերը, որ ներդրել են մրցանակի չորս հավակնորդներն ու նրանց առաջադրած կազմակերպությունները։

Ապրիլի 23-ին, մեկնարկելու է Aurora Dialogues մասնագիտական քննարկումների շարքը, որին մասնակցելու են մարդասիրության ոլորտի առաջատարներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, գիտնականներ եւ մի շարք նախկին պետական պաշտոնյաներ։ Նախատեսվում են հատուկ նիստեր, որտեղ քննարկվելու են փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության ասպարեզում կանանց՝ իբրեւ սոցիալական փոփոխության գործոնի դերը եւ հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

Քննարկումների ընթացքում կներկայացվեն «Ավրորա» մրցանակի համար անցկացված Humanitarian Index հետազոտության արդյունքները։ Սա բացառիկ հետազոտություն է, որն ուսումնասիրել է միջազգային հանրության պատկերացումները հումանիտար միջամտության արդյունավետության եւ ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաեւ այն շարժառիթները, որ ընկած են հանուն մարդասիրության կայացրած որոշումների հիմքում։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման եւ հիշատակի օրը, մասնակիցները Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկներ կդնեն անմող զոհերի հիշատակին:

Նույն օրվա երեկոյան «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի հաղթողին կշնորհի 100 հազար ԱՄՆ դոլարի պարգեւը։ Ապա դափնեկիրը հարթակ կհրավիրի իր առաջադրած կազմակերպությանը կամ կազմակերպություններին՝ ստանալու 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհը։

Բացի այդ, Ժուռնալիստների միջազգային կենտրոնը (ICFJ) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ կներկայացնի իր կողմից սահմանած «Սկզբունքային լրագրություն» մրցանակը, որը կոչված է ճանաչման արժանացնելու այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որոնք լրագրողը ցուցաբերել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում գտնվող վայրերից լրատվություն տրամադրելիս։

Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր։ Միջոցառումն ընթանալու է Հայաստանի տաղանդավոր կատարողների երաժշտական համարների ուղեկցությամբ։

Aurora Dialogues քննարկումների վերաբերյալ թարմ նորությունները եւ շաբաթվա ամփոփումը կտեղադրվեն 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի լրատվական կենտրոնի կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում