Հայաստանը և Ադրբեջանը պետք է պատրաստ լինեն հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը

Հայաստանը  և Ադրբեջանը  պետք է պատրաստ լինեն  հակամարտության  խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագիրը, որն  իրականացնում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը՝  ՄԱԿ-ի Զարգազման ծրագրի հետ համագործակցությամբ: Այս շրջանակում միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու  նպատակով ԵՄ-ից Հայաստանը կստանա 10 մլն եվրո: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր  Սվիտալսկին:

«Միգրացիոն հարցերը Հայաստան-ԵՄ երկխոսության կարևոր գործոն է: Հայ-վրացական սահմանին Եվրամիությունը բավականին  տեսանելի է. ՄԱԿ-ի գրասենյակների հետ մեկտեղ մենք աջակցում ենք Բագրատաշենի սահմանային բարելավմանը և բարեկարգմանը»,-նշեց դեսպանը:

Այս համատեքստում ԵՄ պատվիրակության ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ի ամենաերկար սահմանը Թուրքիայի հետ է, որը փակ է, մյուսը Ադրբեջանի հետ է, որը կրակի տակ է. «Բաց և խաղաղ սահմանները Հայաստանին կօգնեն առաջընթաց արձանագրել և տնտեսական օգուտներ ունենալ, ինչպես նաև զարգացնել ենթակառուցվածքն ու տնտեսությունն առհասարակ: Անցած շաբաթ  Տավուշի մարզում էի, և դուք գիտեք, որ  շատ եվրոպական երկրները խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին  ճանապարհորդել  հյուսիսաին սահման՝ Իջևանի հատված, որը մոտ է Ադրբեջանի սահմանին: Մինչդեռ այդ շրջանը հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջության տեսանկյունից ամենատեսարժան և  գեղեցիկ վայրն է, որը կարող է գրավել օտարերկրյա զբոսաշրջիկներին:  Թուքիայի հետ սահմանն իր հերթին  կուժեղացնի առևտուրը,  շփումները  մարդկանց միջև, մասնավորապես՝ եթե գյումրեցիները կարողանան ազատ ճամփորդել Կարս, իսկ Կարսի ժողովուրդը Գյումրի, սա տնտեսական մեծ եկամուտներ կբերի: Իհարկե,  նախևառաջ պետք է փորձենք  խաղաղ լուծումներ գտնել ԼՂ-ի հակամարտության համար, որից հետո Թուրքիայի հետ
հարաբերությունները կարգավորել, ինչը հայ ժողովրդի համար բարենպաստ պայմաններ կստեղծի»:

Պյոտր  Սվիտալսկին վստահեցրեց, որ Եվրամիությունը ծրագրեր և առանձնացրած գումար ունի Հայաստանի  և Ադրբեջանի ժողովուրդների միջև  բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար, ինչը դժվար է իրականացնել,  քանի որ գոյություն ունեն որոշակի նախապաշարմունքներ, բայց իրենք  պատրաստ են անգամ այս դեպքում  ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ:

«Ունենք երկարաժամկետ իրականացվող ծրագիր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը միտված: Համերաշխությունը մեր ինքնության մի մասն է, եթե այս տարածաշրջանն ուզում է Եվրոպաի մաս կազմել, ապա պիտի ստեղծի այդ համերաշխությունը»,- շեշտեց Սվիտալսկին:

Հակադարձմանը, թե ինչպե՞ս եք պատկերացնում դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական քաղաքականությունը և ԼՂ հակամարտության գոտում վերջին ռազմական գործողությունները, դեսպանը խուսափեց պատասխանից.«Մի օր երկար կխոսենք,  բայց իմ ուղերձը հետևյալն է ՀՀ-ին և Ադրբեջանին՝ պետք է պատրաստ լինել  հակամարտության  խաղաղ հանգուցալուծմանը»:

Times.am-ի  դիտարկմանը, թե Եվրոպան ունի՞ ինչ-որ առումով մեղքի իր բաժինը, կամ կարելի՞ է ասել, որ Հարավային Կովկասում  համերաշխության հաստատման Եվրոպայի ձեր ասած ջանքերը ձախողվել են տարբեր հանգամանքներից ելնելով,  ԵՄ դեսպանը դարձյալ խոստացավ թեմային մի օր երկար անդրադառնալ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում