Քաղաքագետը Հարավային Կովկաս Կի-մունի այցի չեղարկումը սպասելի ու ողջունելի է համարում

Քաղաքագետը Հարավային Կովկաս Կի-մունի այցի չեղարկումը սպասելի ու ողջունելի է համարում

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ողջունելի է համարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Հարավային Կովկաս այցի հետաձգումն ու Ադրբեջանում անցկացվող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին չմասնակցելու որոշումը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի որոշումը շատ ողջունելի է, դրանով նա ցույց տվեց իր դիրքորոշումը վերջին իրադարձություններին: Տեղյակ ենք, որ մեր արտաքին գործերի գերատեսչությունը ՄԱԿ-ին տեղեկացրել էր Արցախում այս ընթացքում տեղի ունեցած գործողությունների, Ադրբեջանի կողմից մի շարք կոնվենցիաների խախտման մասին: Ինձ համար անակնկալ չէր ու հույս ունեինք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից այսպիսի քայլ կլինի: Մյուս կողմից` Հայաստանի կողմից հայտարարությունը ու որոշումը ոչ միայն ֆորումին չմասնակցելու, այլև ամփոփիչ հայտարարությանը չմիանալու կապակցությամբ, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի հետ գործակցության շրջանակներում ունենք առաջընթաց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքագետը:

Նարեկ Գալստյանի խոսքով` ՄԱԿ-ը փորձել է պահպանել իր չեզոք իմիջը, քանի որ նրանք գիտեին, որ այցի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցեր են քննարկվելու: «Այն, որ Կի-մունը ֆորումին չի մասնակցում, ազդակ է, որ ՄԱԿ-ը այս հարցում հավատարիմ է մնում իր սկզբունքներին ու հարաբերական չեզոքություն է պահպանում այս գործընթացում: Չնայած սա քաղաքական իրական գործընթացների վրա մեծ ազդեցություն չի ունենա, բայց թեկուզ փոքրիկ, լավ հաջողություն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկից ստացված տեղեկության համաձայն` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը հաղորդել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցը հետաձգվում է: Այն տեղի կունենա ավելի ուշ, սակայն ժամկետների մասին ոչինչ չի ասվում: Նա ապրիլի վերջին ծրագրում էր առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում: Հայաստան այցը նախատեսվում էր ապրիլի 25-ին:

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:

«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել: Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»,-հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում