Էդվարդ Աղաբեկյան. «Մենք շատ քիչ ժամանակ ունենք մեր թերությունները շտկելու համար»

Էդվարդ Աղաբեկյան. «Մենք շատ քիչ ժամանակ ունենք մեր թերությունները շտկելու համար»

Միանշանակ դեմ ենք Կազանյան, Մադրիդյան սկզբունքներին: Այդ փաստաթղթի բոլոր կետերն էլ ձեռնտու են Ադրբեջանին,- համոզված է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդվարդ Աղաբեկյանը:

Ադրբեջանի նախաձեռնած կայծակնային պատերազմն, անշուշտ, նաև քաղաքական նպատակներ էր հետապնդում: Ձեր կարծիքով, ի՞նչ էր ուզում և ի՞նչ ստացավ Ադրբեջանը քառօրյա պատերազմով:

Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունն, ըստ իս, մի քանի նպատակ էր հետապնդում: Պարզ է, որ 7-8 հազար հոգով, այն էլ իրենց բանակի էլիտար կազմավորումներով ու ողջ զինանոցի ժամանակակից զինտեխնիկայի ընդգրկումով 4 օր տևած պատերազմի նպատակը այն 200-300 մ տարածությունը չէ, որը ձեռք բերեցին բավական մեծ կորստի գնով: Նրանք շատ ավելի կարևոր խնդիրներ էին ուզում լուծել, ուրիշ արդյունքներ էին նախատեսել: Ինչ-որ տեղ նաև երևի իրենց ռազմական ղեկավարության մեծ-մեծ խոսելն է նրանց մոտ պատերազմին պատրաստ լինելու պատրանք ստեղծել: Նրանց հաջողվեց հասնել միայն կայծակնային պատերազմի` իրենց հասարակությանը վերաբերող նպատակներին միայն: Այսինքն, կարողացան ժողովրդի ուշադրությունը շեղել օֆշորային սկանդալներից, տնտեսության անկման, մանաթի արժեզրկման և այլ խնդիրներից: Մի քիչ էլ ժողովրդի տրամադրությունները փոխվեցին: Եթե մինչ այդ ադրբեջանական դրոշն արժեր 3 մանաթ, ապա այժմ այն արժե 7 մանաթ:

Սա փորձություն էր նաև մեզ համար: Ի՞նչ ցույց տվեց այս պատերազմը:

Իհարկե, այն վեր հանեց մեր մեջ առկա խնդիրները: Մենք շատ քիչ ժամանակ ունենք մեր թերությունները շտկելու համար: Որովհետև արցախյան երրորդ պատերազմը լիովին տարբերվելու է նախորդներից: Մեր կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ 1994թ հետո ամեն մի օրը մեզ ավելի է մոտեցնում հաջորդ պատերազմին: Որ կողմը որ պատրաստ եղավ պատերազմին, նա է մնալու պատմության թատերաբեմին: Իսկ որ պատերազմ լինելու է, ես կասկած չունեմ: Համենայանդեպս, մեր թշնամին մեզ այլընտրանք չի թողնում:

Ես իմ խոնարհումն եմ բերում հայ զինվորին: Երևի նկատել եք, որ ոչ մի զինվոր ու ոչ մի սպա դիրքերից հետքայլ չի կատարել: Նրանք գերադասել զենքը ձեռքին զոհվել, բայց մնալ տեղում: Սա է ամենահիմնական մեսիջը, ուղենիշն ու գաղափարը, որ նրանք փոխանցել են քաղաքական և պետական իշխանությանը:

Ըստ Ձեզ, այսուհետ ի՞նչ ուղղությամբ պետք է գնան բանակցային գործընթացի զարգացումները:

Ճիշտն ասած, ես թքած ունեմ բանակցային գործընթացի վրա: Այսօր թիվ մեկ խնդիրը ժողովրդի անվտանգությունն է, զինվորի խոցելիության աստիճանը նվազեցնելն ու ժամանակակից զենքի ձեռքբերումը: Ինչու՞ չէ, նաև պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, որոնց անբարեխիղճ աշխատանքի պատճառով անդառնալի կորուստներ ունեցանք:

Մադրիդյան սկզբունքներ: Ինչպիսի՞նն է ձեր դիրքորոշումը այս փաստաղթի վերաբերյալ:

Միանշանակ դեմ ենք Կազանյան, Մադրիդյան սկզբունքներին: Այդ փաստաթղթի բոլոր կետերն էլ ձեռնտու են Ադրբեջանին: Այդ փաստաթղթի միայն մի կետն է, որի մշուշոտ ապագան, քիչ թե շատ, թվում է թե պետք է մեր շահերից բխի: Դա ռեֆերենդումի մասին կետն է, որի նշանակությունն, ահա տարիներ շարունակ, Ադրբեջանը փորձում է նսեմացնել: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ հետաձգված ռեֆերենդում անցկացնեն:

Այդ փաստաթուղթը ենթադրում է նաև տարածքային զիջուներ:

Տարածքների մասին, իհարկե, կարելի է խոսել: Բայց ո՞ր տարածքների: Մենք դեռ հողեր ունենք շփման գծից այն կողմ: Դրանց մասին է պետք խոսել: Մեր ազատագրված տարածքները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության ավտանգության երաշխիքներն ու բաղադրիչներն են: Ադրբեջանը այն պետությունը չէ, որի խոսքին կարելի է հավատալ: Եթե նույնիսկ միջազգային ճանաչման դիմաց գոնե մի թիզ հող տանք նրանց, միևնույն է, էլի երաշխիք չէ հետագա բնականոն հարաբերությունների:

Մենք այլ տարբերակ չունենք: Պետք է զինվենք ու պատրաստվենք: Հաջորդ պատերազմի դեպքում Ադրբեջանի ողջ զինանոցը պետք է վերածվի մետաղաթափոնի կամ ռազմավարի: Այս կայծակնային պատերազմը մեր` 1994թ գործած սխալի հետևանքն է: Դա մեր ամենամեծ սխալն էր: Եթե 30 կմ էլ առաջ գնայինք, Ադրբեջան պետությունը ինչպես արհեստականորեն ստեղծվել է, նույնպես էլ կանհետանար:

Նույնիսկ Արցախի միջազգային ճանաչումը չի կարող մեզ անվտանգության լիարժեք երաշիքներ տալ: Այն, իհարկե, անվտանգության միջազգային երաշխիքներ է ենթադրում: Բայց, միևնույն է, դրանց վրա հույս դնել չի կարելի: Մեր միակ հույսը մեր ավտագնության երաշխավորը, մեր դաշնակիցը բանակն է ու զինվորը: Սա պատմական սխալներն ուղղելու մեր վերջին հնարավորությունն է:

Զրույցը վարեց Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում