Մեզ շատ հետաքրքիր ճանապարհ է սպասվում…

Մեզ շատ հետաքրքիր ճանապարհ է սպասվում…

Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ այնպիսի պետություն Ռուսաստանի համար, ինչպիսին Իսրայելն է ԱՄՆ-ի համար, ապա այդ ուղղությամբ պետք է օր ու գիշեր աշխատել ու որակապես նոր մոտեցումներ մշակել: Հակառակ դեպքում Հայաստանը Ռուսաստանի շահերի ու պատկերացումների շրջանակում զբաղեցնելու է միայն այնպիսի տեղ, որն ամրագրված է ռուսաստանյան ազգային-պետական շահերի «կովկասյան քաղաքականության» ընկալումներում ու չհրապարակված հայեցակարգերում: Եթե չենք կարողանում դուրս գալ համապատասխան մետամակարդակ, եթե մեր դաշնակցային հարաբերությունները «level up» անելու համապատասխան ինտելեկտուալ կարողություններ չունենք, ապա ստիպված ենք լինելու գոհ ու շնորհակալ լինել Աստծուց, որ Ռուսաստանի այսօրեական շահը համապատասխանում է մեր շահի հետ:

Ինչպես պատերազմն է ժամանակավոր, այնպես էլ՝ խաղաղությունը: Պատերազմի ու խաղաղության համընդգրկուն սկզբունքներն ու տիեզերական օրենքներն անընդհատ խախտողը մի օր վատ վիճակում է հայտնվելու, մեր դեպքում՝ նոր ցեղասպանության: Այս օրերին շատ են խոսում, թե պատերազմական գործողությունները ռազմի դաշտից տեղափոխվել են դիվանագիտության դաշտ: Բավականին պրիմիտիվ պնդում է: Դիվանագետներն (հայ, ադրբեջանցի, ռուս, ամերիկացի, ֆրանսիացի, չինացի և այլն) այսօր խաղարկում են այն ստատուս-քվոն, այն ռազմական հավասարակշռությունը, որը մարտի դաշտում ստեղծել են բանակները: Դիվանագիտությունն ու պատերազմը միահյուսված երևույթներ են, մեկը մյուսին փոխլրացնող, նախորդող ու հաջորդող գործընթացներ:

Պատերազմական գործողությունները ռազմի դաշտից տեղափոխվել են ԱՇԽԱՏԱՆՔԻ դաշտ: Մենք մեզ չպետք է համոզենք, թե Արցախի հարցում հաջողելու ենք միջազգային հանրության կամ մեր ռազմաքաղաքական դաշնակցի բարի կամքի շնորհիվ: Մենք հաջողելու մեկ ճանապարհ ունենք՝ աշխատանքը ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում, տնտեսության բնագավառում, հասարակական հարաբերություններում…

Եթե մենք չենք ցանկանում զիջումների գնալ՝ մարտի դաշտում կամ բանակցային գործընթացներում, իսկ մենք հաստատ չենք ցանկանում, ուրեմն արտաքին և ներքին քաղաքական գործընթացներում պետք է փոխենք մեր վարքագիծը, տնտեսությունն ու հասարակական-քաղաքական դաշտն ադապտացնենք ստեղծված իրողություններին: Եթե ցանկանում ենք գործոն լինել, թելադրող լինել, ուրեմն պետք է համապատասխան բանակ ունենանք՝ օդային և ցամաքային հարվածային հնարավորություններով, իսկ դրա ձեռքբերման, պահպանման ու շահագործման համար համապատասխան տնտեսություն է պետք:

Ակնհայտ է, որ մենք այլևս 2016-ի ապրիլի մեկյան Հայաստանում չենք ապրում, իրավիճակ է փոխվել: Իշխանություն, ընդդիմություն, պետական ապարատ, հասարակական հատված, բանակ, բիզնես… Ամենը պետք է համապատասխանեցվի առկա ու սպասվելիք մարտահրավերների դիմակայությանը: Մեզ շատ հետաքրքիր ճանապարհ է սպասվում…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում