Հայոց ցեղասպանության ժխտմամբ Թուրքիան խուսափում է բարոյական և ֆինանսական հետևանքներից. Էնցո Կանիցարո

Հայոց ցեղասպանության ժխտմամբ Թուրքիան խուսափում է բարոյական և ֆինանսական հետևանքներից. Էնցո Կանիցարո

Հայոց ցեղասպանության փաստի ժխտմամբ Թուրքիան նպատակ ունի խուսափել խնդրի բարոյական, ինչպես նաև ֆինանսական հետևանքներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի պրոֆեսոր Էնցո Կանիցարոն, ով այս օրերին գտնվում է Երևանում` մասնակցելու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին:

-Պրոֆեսոր Կանիցարո, Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:

-Թուրքիայի Հանրապետության ներկայիս դիրքորոշումը քաղաքական բնույթ ունի, դրանով երկիրը նպատակ ունի խուսափել իրադարձության բարոյական հետևանքներից: Ես հավատում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ջանքերն ավելացնի՝ հասնելու ճանաչման և փոխհատուցման որոշակի խորհրդանշական քայլի:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցում միջազգային հանրության դիրքորոշումը:

– Հայոց ցեղասպանության ճանաչումը թափ է առնում: Թեպետ և մեծ զգուշավորությամբ, սակայն շատ եվրոպական պետություններ կատարվածը որակել են որպես ցեղասպանություն: Սակայն շատ ավելին կարող է արվել ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային մակարդակով: Այդուհանդերձ, դժվար է ակնկալել առավել վճռական դիրքորոշում՝ հաշվի առնելով Թուրքիայի դերակատարությունը դաշինքի Արևմտյան համակարգում: Հայոց ցեղասպանությունը իրական քաղաքականության և բարոյական հրամայականների միջև նուրբ հավասարակշռության հստակ օրինակ է:

– 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիայում ընդգծվում էր այդ հանցանքի դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ կլինի ապագայ ում ցեղասպանությունները կանխելու հարցում:

– Կարծում եմ, որ ապագայում ցեղասպանությունների կանխարգելումը առանցքային խնդիր է լինելու: Իրավունքի միջազգային դատարանն արդեն ասել է, որ այն կանխարգելելու պարտականությունն օրինական պարտականություն է, և համապատասխանության պակասը ենթադրում է միջազգային պատասխանատվություն: Հայոց ցեղասպանության ճանաչումը միանաշանակ մեծապես կխթանի հետագայում ցեղասպանությունների կանխարգելման հարցում միջազգային համագործակցությունը:

– Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության հարցում այդ երկրի անպատժելիության հետևանքնեն:

– Ես շատ տեղեկատվություն չունեմ Թուրքիայի և Մերձավոր Արևելքում ակտիվ ահաբեկչական խմբերի մասին: Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման հարցում ավելի մեծ ջանքերի գործադրումը թերևս կվախեցնի պետություններին և պետությունների նման կառույցներին ապագայում ցեղասպանությունների իրականցման կամ այդ հարցում աջակցության ցուցաբերման հարցում:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ձեր կարծիքով` որքանով են կարևոր փոխհատւցման պահանջները:

-Անշուշտ, սա շատ կարևոր հարց է: Պետությունը կարող է չցանկանալ ճանաչել նախկին կառավարությունների դերակատարությունը ցեղասպանության իրականացման հարցում, որպեսզի չկրի դրա ֆինանսական հետևանքները, ինչպես տեղի ունեցավ Գերմանիան ընդդեմ Իտալիայի գործով, որի մասին 2014 թվականին որոշում ընդունեց Արդարության միջազգային դատարանը: Համաձայն միջազգային օրենքի՝ փոխհատուցում պետք է վճարվի բոլոր տուժած անձանց: Այդուհանդերձ, շահագրգիռ երկրները կարող են սահմանափակել իրենց ֆինանսական բեռը՝ դիմելով գլոբալ փոխհատուցման ձևերին: Իմ կարծիքով՝ ցեղասպանու թյան հարցում բարոյական փոխհատուցումը նյութական փոխհատուցումից ավելի կարևոր է: Փոխհատուցման շուրջ պնդումները կարող են հետագա խոչընդոտներ առաջացնել ցեղասպանության ճանաչման հարցում:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում