Աշխարհում միայն 15%-ն է Թուրքիան համարում որպես ամենամեծ թվով փախստականներ ընդունած պետություն. The Humanitarian Index

Աշխարհում  միայն 15%-ն է Թուրքիան համարում որպես ամենամեծ թվով փախստականներ ընդունած պետություն. The Humanitarian Index

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ընթացող Aurora Dialogues քննարկումների  առաջին հատվածում հրապարակվեցին The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման  արդյունքները։

Հետազոտության պատվիրատուն է «Ավրորա» մրցանակը, իսկ իրականացրել է Edelman Intelligence կազմակերպությունը 2016թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Հարցումն իրականացվել է 4.600 անձանց շրջանում և վեց պետություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում։ Ընտրանքը ներկայացուցչական էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի գլխավոր համախմբությունների համար տարիքի, սեռի եւ բնակության վայրի առումով։ Այն ներկայացուցչական էր նաև Լիբանանի եւ Իրանի առցանց բնակչության առումով. այսինքն՝ այդ երկրների ընտրանքում առավելապես ներկայացված է եղել բնակչության կրթված հատվածը։

Ըստ այդմ՝ հասարակությունն իր ընկալումներում փախստականների համաշխարհային ճգնաժամն անհամաչափորեն կապում է Սիրիայում իրավիճակի հետ՝ միաժամանակ անտեղյակություն դրսեւորելով Մյանմարում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առկա փախստականների ճգնաժամերի վերաբերյալ։

Հետազոտությունը բազմաթիվ հարցերում երևան է հանել ընկալումների եւ իրականության միջեւ մեծ անհամապատասխանություն։ Ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական հասարակությունները զգալիորեն թերագնահատել են սիրիացի փախստականների թիվը (համապատասխանաբար՝ 4.7 մլն, 4.5 մլն եւ 4.5 մլն)։ Ամերիկացիները մեծապես հետ են ընկնում աշխարհից հարկադիր միգրացիայի հարցում ցուցաբերած անբավարար մտահոգվածությամբ՝ հիմնահարցը դասելով յոթերորդն աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների շարքում։

Հարկադիր միգրացիայի հիմնախնդրի առնչությամբ արեւմտյան մի շարք հանրույթներ կարծում են, որ իրենց կառավարություններն արել են երկու անգամ ավելին՝ կարիքի մեջ ընկածներին ապահովելու անհրաժեշտ իրերով: Մեծ Բրիտանիայում համարում են, որ իրենց պետությունն ընդունել է կրկնակի ավելի փախստականների, քան իրականում այնտեղ կա։ Ֆրանսիայում եւ Գերմանիայում հակամարտության հետեւանքով ապաստան ստացած սիրիացիների թվի վերաբերյալ գնահատականները հնգապատիկ գերազանցում են իրական պատկերը։ 

     Սիրիան դարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամի հոմանիշ

Ընդհանրապես՝ հասարակությունը համարում է, որ Սիրիան է այն երկիրը, որից վերջին տասը տարիներին դուրս եկել է աշխարհի փախստականների մեծ մասը։ Ինչևէ, հասարակությունը տեղյակ չէ Աֆրիկայի եւ Ասիայի տարբեր երկրներից փախստականների մեծ ծավալներին։

Չնայած Սուդանից եւ Հարավային Սուդանից դուրս եկած ավելի քան մեկ միլիոն փախստականներին՝ հասարակության միայն 8%-ն է գիտակցում Հարավային Սուդանում հումանիտար ճգնաժամի մասշտաբները։

Հինգ ամերիկացիներից մեկը սխալմամբ մատնանշում է Մեքսիկան՝ որպես աշխարհում փախստականների ամենամեծ աղբյուր երկիր, իսկ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում գերագնահատում են Լիբիայից դուրս եկած փախստականների թիվը։

          Ապահով ապաստան եւ ճգնաժամի մասշտաբներ

Հասարակությունը թերագնահատում է հարեւան երկրների կատարած դերը փախստականների ընդունման հարցում։ Աշխարհում հարցվողների միայն 15%-ն է իրավամբ նշել Թուրքիան որպես ամենամեծ թվով փախստականներ ընդունած պետություն, եւ միայն 2%-ն է տեղյակ ապահով ապաստան տրամադրելու գործում Պակիստանի դերին։

Ի հակադրություն՝ հասարակությունը գերագնահատում է սեփական երկրներում ապաստանած սիրիացի փախստականների թվաքանակը։ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հասարակություններն այդ թիվը գերագնահատում են հինգ անգամ։

             Առաջնորդության վակուում

Համաշխարհային հանրությունը մեծամասամբ (70%) համամիտ է, որ միջազգային մարմիններն են լավագույնս լուծելու աշխարհում փախստականների ճգնաժամը, սակայն միեւնույն ժամանակ՝ երկուսից մեկը համարում է, որ միջազգային հանրությունը երես է թեքել սիրիացիներից։

Միջազգային առաջնորդության վակուումը տարածվում է ընդհուպ մինչեւ աշխարհի այն առաջնորդները, որոնք, ըստ հարցվողների, չեն կարողացել համարժեք որոշում ընդունել սիրիական ճգնաժամի առնչությամբ։ Հարցվողների շրջանում ընդհանուր կարծիք կա առ այն, որ այդ խնդիրն առավել ունակ են լուծելու երեք առաջնորդներ՝ Անգելա Մերկելը, Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը ։ Ընդ որում,  ֆրանսիացիներն ավելի մեծ հույս են տածում Անգելա Մերկելի նկատմամբ, քան Ֆրանսուա Օլանդի (համապատասխանաբար՝ 51% եւ 36%), իսկ բրիտանացիները համարում են, որ Մերկելը կարող է գործել նույն կերպ՝ ինչպես եւ Դեյվիդ Քամերոնը (համապատասխանաբար՝ 41% եւ 39%)։

Միացյալ Ազգերի Կազմակերպության քարտուղար Բան Կի-Մունը լավ արդյունքներ է գրանցել Լիբանանում (39%) եւ Իրանում (37%), այնինչ ամերիկացիների շրջանում ԱՄՆ նախագահության առավել հավանական թեկնածուներ Հիլարի Քլինթոնը (23%) եւ Դոնալդ Թրամփը (16%) լրջորեն ետ են ընկել համաշխարհային մնացյալ առաջնորդներից։

  Օգնությունը պատվի հարց է

Չնայած իներցիային եւ թերահավատությանը՝ հասարակությունն օգնությունը համարում է պատվի հարց։ Հարցվողների 71%-ը մեծ հարգանք ունի այն անհատների նկատմամբ, ովքեր մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով մեկնում են հակամարտությունների գոտիներ, իսկ 69%-ը հավատում է, որ մարդասիրական ոլորտի աշխատողները մեծագույն խիզախություն պետք է ունենան սեփական կյանքին սպառնացող վտանգի դեպքում այդ օգնությունը կարիքավորներին հասցնելու համար։ Պատասխանատվության սեփական զգացումը գնահատելիս՝ իրական քայլ կատարելու գործում ձեռնպահ մնացածների 49%-ն այդպես է վարվել այն մտավախությունից, թե ինչպես են գործածվելու իրենց դրամական հանգանակությունները։

Հասարակությունն ընդհանուր առմամբ համակարծիք է, թե ինչ է հարկավոր ապագայում քայլերի շարունակականությունն ապահովելու համար.

-անհատական պատասխանատվության հստակ զգացում օգնություն տրամադրելու հարցում,

-թափանցիկություն հանգանակությունների ուղղորդման հարցում,

-մարդասիրական օգնություն տրամադրողներին մեծարանքի արժանացնող հասարակության ձեւավորում աշխարհում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում