Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում՝ հողերի հետ կապված. Բակո Սահակյան (տեսանյութ)

Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում՝ հողերի հետ կապված. Բակո Սահակյան (տեսանյութ)

Առանց Արցախի մասնակցության անհնար է լուծել ԼՂ հիմնախնդիրը. դրա համար չկա ոչ մի հավանական զարգացում: Այս մասին ապրիլյան իրադարձություններից հետո առաջին հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ շեշտելով, որ նման բան չի կարող լինել:

«Ունենալով այդպիսի հստակ մոտեցում, միաժամանակ հայտարարել և հայտարարում ենք, որ մեզ համար մի քանի անգամ նախընտրելի են խանգարված ձևաչափով բանակցությունները,  քան պատերազմական գործողությունները:  Բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր դիրքորոշումից, մեր սկզբունքից, դա չի նշանակում, որ մեր տեսակետը հիմնախնդրի լուծման հետ կապված փոփոխության է ենթարկվել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր փորձելու ենք ազդել, որ հավանական բանակցային գործընթաց սկսվելու դեպքում Արցախը լինի բանակցային լիարժեք կողմ: Այսօրվա դրությամբ նման հնարավորություն չենք տեսնում, որովհետև այն, ինչ իրեն թույլ է տվել Ադրբեջանը, որևէ կերպ չի խոսում նրա մասին, որ մոտ ապագայում վերադառնալու ենք բանակցային սեղան: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունն այս երկար տարիների ընթացքում հնարավորություն է ունեցել  համոզվել՝ հայկական կողմը ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցային գործիքների գործադրմամբ»,-ասել է Բակո Սահակյանը:

Այս համատեքստում անդրադառնալով տարածքներ վերադարձնելու շուրջ խոսակցություններին, ԼՂՀ նախագահը հայտարարել է. «Կցանկանայի, որ դադարեցվեր այդ անհիմն քննարկումները, որոնք  չեն նպաստում  մեր առաջադրանքների կատարմանը: Եվ ելնելով այդ պահանջից՝ անհրաժեշտություն կա կտրուկ դադարեցնել մեր առաջադրանքների կատարմանը չնպաստող  գնահատականներ տալը, տեսակետներ հնչեցնելը և այլն: Այս տարիներին բազմաթիվ անգամ մեր կողմից հայտարարվել է, որ վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում՝ հողերի հետ կապված: Մենք հնարավորություն ենք ունեցել մեր քաղաքացիներին ներկայացնելու մեր տեսակետը՝ նշելով, որ լիազորությունները ներկայիս իրավիճակի և հողերի հետ կապված վերապահված է ժողովրդին: Անհրաժեշտ է նաև դադարեցնել հակասություններ փնտրել  ՀՀ-ի և ԼՂՀ-ի տեսակետների միջև, որովհետև  այդպիսի բան չի կարող լինել. մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, և մենք չենք կարող ունենալ հակասություններ»:

Բակո Սահակյանը նշել է, որ շարունակում են հետևողական աշխատանքներ տանել հակամարտության կարգավորման հարթությունում, բայց Ադրբեջանից  դեռ չեն ստացել հիմնական պատասխան՝ ընդունու՞մ են ԼՂՀ անկախությունը, թե՝ ոչ. «Եթե չեն ընդունում, ուրեմն այն, ինչ քննարկվում է, ինչ խոսվում է, դրանք առոչինչ են: Ցանկանում եմ, որ մեր ռազմավարությունը և քաղաքականությունն այս ճշմարտության վրա կառուցված լինի»:

Համապատասխան հատվածը 25:57-ից

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում