«Հրազդան-ցեմենտին» գործելու հնարավորություն պետք է տալ

«Հրազդան-ցեմենտին» գործելու հնարավորություն պետք է տալ

 «Հրազդան-ցեմենտ» ընկերությունն անցյալ տարվա 4-րդ եռամսյակից վերագործարկվել է, թողարկելով շուրջ 75 հազ տոննա կամ 2,7 մլրդ դրամի ցեմենտ: Ընկերությունում ներկա պահի դրությամբ աշխատում է 470 մարդ: Երբեմնի արդյունաբերական քաղաք Հրազդանում նման ձեռնարկության վերագործարկման նշանակության մասին խոսելը երեւի թե ավելորդ է: Դժբախտաբար, 2008-2009-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին շինարարության կտրուկ անկման հետևանքով, ինչպես ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի՝ արդեն ավանդական դարձած անարդյունավետ կառարման պատճառով, «Հրազդան-ցեմենտը» հայտնվեց ծանր վիճակում՝ կուտակելով ֆինանսական պարտավորություններ:

Մասնավորապես, 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ ընկերության պարտքը պետական բյուջեի նկատմամբ կազմել է 806 մլն դրամ , որից մոտ 394 մլն դրամը մայր պարտքն է, իսկ մեծ մասը՝ 412 մլն դրամը՝ տույժերը: Թեեւ օգոստոս ամսին մարվել է 151,8 մլն դրամ, սակայն տույժերը շարունակել են ավելանալ եւ 2016-ի փետրվարի փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933,3 մլն դրամ: Ընդ որում, «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի կողմից, որտեղ գրավադրված են «Հրազդան-ցեմենտի» գույքն ու հաշիվները, տրամադրել է լրացուցիչ վարկ՝ 179 մլն դրամ աշխատակիցների աշխատավարձը մարելու և 122 մլն դրամ՝ հոսանքի դիմաց վճարումներ կատարելու նպատակով:

Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ, նախատեսելով ցեմենտի արտադրության 2016 թվականի տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազար տոննայի, որի արդյունքում պետական բյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկեր, կպահպանվեն աշխատատեղերը, հնարավորություններ կառաջանա արտադրության զարգացման համար: Այդ նպատակով, «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, որպես շահագրգիռ կողմ` նախորդ ժամանակահատվածում հարկերի ուշացման պատճառով կուտակված տույժերից ազատելու դեպքում, պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ ֆինանսավորել ընկերությանը: Բանկն արդեն իսկ «Հրազդան-ցեմենտին» տրամադրել է 4,6 մլն դոլարի վարկ: Խնդիրը մնում է միայն ընկերությանը տույժերից ազատելը, որպեսզի նրա գործունեության արդյունքում հնարավոր լինի մարել նաեւ հիմնական պարտքը: Սակայն խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությամբ դա մերժվեց: Թերեւս անհրաժեշտ կլինի այս հարցը կրկին բարձրացնել Ազգային Ժողովում, քանի որ անձնական, կուսակցական կամ գործարար շահերից ավելի, կարեւոր է մի քանի հարյուր մարդկանց աշխատանքով ապահովելն ու մեր արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից մեկի կանոնավոր գործելը: Ի դեպ, աշխատատեղեր ստեղծելու, տնտեսություն զարգացնելու կոչերով պատգամավորները հաճախ են հանդես գալիս, իսկ հիմա երբ եկել է պահը գործնականում դա իրականացնելու, փաստացի հանդես են գալիս դրա դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում