Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ ընտրակեղծիքների դեմ հարկավոր է պայքարել օրենքով

Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ ընտրակեղծիքների դեմ հարկավոր է պայքարել օրենքով

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կողմ է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի առաջարկին, թե քաղաքական ուժերը պետք է ջենտլմենական համաձայնագիր ստորագրեն, որ ընտրակաշառք չեն բաժանելու: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցներ ի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ ողջունում է այդ «բարի առաջարկը», սակայն կարծում է, որ դրա դեմը նաև օրենքով է պետք առնել: «Պարզապես պետք է քրեական օրենսգրքում խստացնել ընտրակեղծիքների համար պատիժները: Իհարկե, համաձայն եմ, որ մենք կարող ենք նաև ջենտլմենական համաձայնագիր ստորագրենք, բայց դա բավարար չէ: Պետք է համապատասխան օրենքներ ընդունել ու խստացնել պատիժները ընտրակեղծիքների համար»,- «Արմենպրես»-ի հաղցորդմամբ՝ նշեց Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ գործող քրեական օրենսգրքով ընտրակեղծիքների համար նախատեսված պատիժները շատ մեղմ են: «Օրինակ, եթե գողանում ես քվեատուփը, պետք է տուգանվես 200 հազար դրամով: Ասում են, եթե քվեատուփը գողացել ես կեղծելու նպատակով, ուրեմն քրեական պատիժ է հասնում, բայց եթե կեղծելու նպատակով չի արվել, վարչական պատասխանատվության ես ենթարկվում: Ի՞նչ է, քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս: Բնականաբար, քվեատուփը գողանում են ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով, և այստեղ այլ լուծումներ են պետք»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ այդ նախագծի շուրջ կոնսենսուս չի կայացել, քանի որ խորհրդարանում ներկայացված 7-8 քաղաքական ուժեր դեմ են արտահայտվել նախագծին և դեմ են քվեարկել կամ չեն մասնակցել քվեարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում