Մենք ունենք միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, իսկ 90-ականներին մեր ուժերով ՌԴ-ից լավ ՀՕՊ ստեղծեցինք

Մենք ունենք միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, իսկ 90-ականներին մեր ուժերով ՌԴ-ից լավ ՀՕՊ ստեղծեցինք

«Մենք ունենք միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, և ասեմ անգամ՝ մենք ունենք այն»,-Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հարցազրույց-ասուլիսին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, որ զենքն արդեն ստեղծված է և իր խոսքն ուղղված է Ադրբեջանին: Վերջինը  նշեց, որ պատերազմական գործողությունները շարունակվելու են, քանի որ Ադրբեջանի ռեսուրսները շատ են և դեռ երկար ժամանակ կարող է կրակել՝ փորձելով հայկական կողմին համբերությունը: Այստեղ Հրանտ Բագրատյանն առաջնային համարեց գիշերային տեսանելիության սարքերի ամբողջական լուծումը, ինչն ըստ նրա,  մի քանի միլիոն դոլարի պատմություն է: Վերջինը հիշեցրեց, որ դեռ 1993-ին, երբ դարձավ վարչապետ, ասել է, թե որոնք են բանակի առաջնային խնդիրները. առաջին՝ բանակում պետք է լինի կապ, որը 15 օր հետո եղավ, երկրորդ՝ չենք կարողանում տեսնել հակառակորդի ինքնաթիռները և խոցել, դա նույնպես եղավ անհավանական կերպով. Հայաստանն իր ուժերով՝ առանց որևէ մեկի օգնության, ստեղծեց հակաօդային պաշտպանություն, նույնիսկ ավելի լավը, քան ուներ Ռուսաստանը: Այսինքն՝ արդեն ոչնչացնում էինք ցանկացած ինքնաթիռ:

«Ռմբակոծում էին Ղափանը, մի օրում դա դադարեց՝ 1993-ի ապրիլի 20-ին, դա իմ վարչապետ դառնալուց մեկ տարի հետո էր: Վարչապետն երկրորդ մարդն էր, իսկ մինչև ինձ 3-4 վարչապետ կար, բայց ոչ մեկ չնստեց և անալիտիկ ձևով ասեց, թե սա ոնց պիտի արվի: Սա զինվորների, ազատամարտիկների, բանակի հերոսության խլում չէ իմ օգտին, պարզապես ասում եմ, թե ինչպես եղավ: Մենք հանկարծ հասկացանք՝ եթե Ադրբեջանն ունի 200-300 տանկ՝ մեր 70-80-ի դիմաց, այսօր մոտավորապես նույն հարաբերակցությունն է, դա վճռորոշ լինել չի կարող, երկրորդ՝ մեր զինվորը 10 կրակոցին մեկով էր բազմապատկում, հետո 5 նոր գործարան կառուցվեց փամփուշտների և արկերի: Բոլոր հաղթանակներն եղել են իմ վարչապետության օրոք: Այն ժամանակվա պատերազմի տեխնիկան սա էր: Հիմա այսօրվա իշխանությունը պարտավոր է այս հարցերը լուծել»,-ընդգծեց ՀՀ նախկին վարչապետը՝ հավելելով, որ իր գործունեության  մեծ մասը ոչ թե ռեֆորմներն, այլ բանակի խնդիրների լուծումն է եղել. «Այլ հարց է, որ մենք ուրիշ ձևով ենք ֆիքսել այդ պատմությունը՝ ինչ-որ տեղ մոռանալով, որ նաև թիկունքն է կարևոր: Չնայած նույն տեսանելիության սարքերի համար ունեցել ենք «Օրբիտա» գործարան, խորհրդային միության ժամանակ մենաշնորհը Հայաստանինն էր: Մենք անգամ տանկը վարելու հարցում առավելություն ունեինք: Այսօր որպես ընդդիմադիր գործիչ իմ խնդիրն է բարձրացնել այս հարցերը, որ փոխվեն»:

Անդրադառնալով  պաշտպանական համակարգում վերջին պաշտոնանկութուններին , Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում ում հանեցին, հատկապես, երբ ավելի լուրջ պաշտոնանկությունների անհրաժեշտություն կա, ըստ նրա, կարևորը վերը նշված խնդիրների լուծումն է:

«Ես ասել եմ՝ եթե ունեք կադրային ռեզերվ, ուրեմն պիտի փոխեք, եթե չունեք՝ չխոսենք: Եթե մենք պիտի անընդհատ նույն դեմքերը տեսնենք, որոնք թթվել մնացել են իրենց պաշտոններին, թող մնան: Եվ հարցն այստեղ տարիքը չէ. մարդը կարող է 60 տարեկան լինի և 17 տարեկանից առավել կրեատիվ: Հիմա պատերազմ է գնում և իմ խնդիրն անուններ տալը չէ»,-շարունակեց Բագրատյանը:

Հարցին՝ ինչ պիտի արվի, որ ռազմարդյունաբերական համալիրն աշխատի, ՀՀ նախկին վարչապետն արձագանքեց՝ «նախ դրա համար ես պիտի զբաղվեմ դրանով, չնայած կառավարություն չեմ ուզում գնալ». «Ոչ մեկ չկա, որ զբաղվի: Օրենք ընդունեցին, ռազմարդյունաբերական համալիրը վերացրեցին, թե դրա կարիքը չկա, մինչդեռ կառավարությունում միշտ եղել է ռազմարդյունաբերական հանձնաժողով: Այնպես ստացվեց, որը 90-ականների սկզբին որպես վարչապետ և էկոնոմիկայի նախարար գլխավորել եմ: Մենք զրոյից  6 նոր գործարան ենք հիմնել: Հիմա մեկ տարի առաջ ընդունել ենք նոր օրենք, ինչ կարիք կար 18 տարի հետո դա քանդել և նորից վերադառնալ նույնին: Մի քանի զինատեսակ կա, որ մենք պետք է արտադրենք, որովհետև այս պատեազմում արդեն կտեսնենք ադրբեջանական արտադրության հրթիռները, որոնք ամբողջովին հիմնված են, նշանառու հրացանները, որոնք որակով են: Իրենք նոր են հրացանի արտադրություն սկսել, իսկ Հայաստանինը պետք չէր փակել: Խնդիրը, որպեսզի լուծեք պետք է հարցերի բաժանեք, եթե վարչապետի ինտելեկտուալ կարողությունները չի հերիքում,  նա չի կարող վարչապետություն անի, անընդհատ ընդհանուր խոսելու է»:

Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ վարչապետների ակումբի շրջանակում այս մտահոգությունները գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է: Ըստ նրա՝ տնտեսությունը կենտրոնացված է մի քանի հոգու ձեռքում և խոսքը միլիարդների մասին է:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում