«Հայկական ժամանակ». ԱԳ նախարարը 7300 դոլար արժողության բիզնես դասի ավիատոմս է գնել

«Հայկական ժամանակ». ԱԳ նախարարը 7300 դոլար արժողության բիզնես դասի ավիատոմս է գնել

Պարզվում է թանկ կամ բիզնես դասի ավիատոմսերից օգտվելու սովորություն ունի նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կառավարության կայքից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է, որ մարտի 27-30-ը Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար ԱԳՆ-ն «Ատլանտիս տուր-4+1» ընկերությանը վճարել է 3 մլն 579 հազար 578 դրամ կամ 7300 դոլար: Իսկ նույն չվերթի արդեն էկոնոմ դասի մեկ ավիատոմսի համար վճարել է մոտ երեք անգամ ավելի քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ, բիզնես դասի տոմսը գնվել է Նալբանդյանի, իսկ էկոնոմ դասինը՝ նրան ուղեկցող որևէ պաշտոնյայի համար: Ստացվում է, որ այդ ողջ ճանապարհին նախարարը վայելել է լիակատար հարմարավետություն և չի շփվել օդանավի հետին նստատեղերից մեկում նստած իր ենթակայի հետ: Բայց խնդիրն այն է, որ ԱԳՆ-ն միայն այս 2 ավիատոմսի համար վճարել է մոտ 10.000 դոլար: 

«Ավելացնենք նաև, որ ապրիլյան այն օրերին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր էին գնում, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զբաղված էր իր նոր տարածքների ներքին հարդարմամբ: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պատերազմական ամենաթեժ օրերին՝ ապրիլի 4-ին, ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Անի դիզայն» ընկերության հետ, որ 8,5 մլն դրամով գնի մոտ 650 մետր վարագույր ու 40 մետր վարագույրի քիվեր: Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն մի քանի այլ նախարարությունների հետ միասին վերջերս տեղափոխվեց Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող կառավարության նոր շենքը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում