Արցախյան հակամարտության վրացական արձագանքը

Արցախյան հակամարտության վրացական արձագանքը

Արցախում կայունության խարխլումը իրական մարտահրավեր է ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված երեք պետությունների անվտանգության, այլ նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության համակարգերի համար: Ներկայումս աշխարհն այնքան փոխկապակցված է, տարբեր տարածաշրջանների և պետությունների անվտանգության համակարգերն այնքան միահյուսված, որ ցանկացած ռազմական միջադեպ կարող է անվտանգության ճգանաժամ առաջացնել ամբողջ աշխարհում:

Այս համատեքստում դիտարկենք Արցախյան հակամարտության նկատմամաբ վրացական արձագանքը: Վրացական կողմից հնչեցին ամենատարբեր մեկնաբանություններն ու բացատրությունները: Վրացական հասարակության և քաղաքական դաշտում առկա ուժերը հաճախ միմյանց հակասական կարծիքներ արտահայտեցին, տարբեր առաջարկներ և կոչեր եղան: Անդրադառնանք դրանցից մի քանիսին: Այս ընթացքում Վրաստանի վարչապետը, արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը մշտական կապի մեջ են գտնվել հայ և ադրբեջանցի իրենց գործընկերների հետ: Վրացական հասարակությունը Արցախում պատերազմի բռնկումը մեծամասամբ դիտարկեց հակառուսականության պրիզմայով: Հասկանալի է, որ 2008թ-ի հնգօրյա պատերազմից հետո Վրաստանում ռուսաֆոբության չափաքանակը զգալիորեն մեծացել է, նպաստելով նաև կույր թուրքաֆիլության աճին, սակայն վերջին իրադարձությունների մասին արձագանքները վկայեցին, որ վրացական հասարակությունում գերդոզավորում է: Վրացական կողմը, գուցե նաև փորձելով արդարացնել իր ռազմավարական դաշնակիցների` Թուրքիայի և Ադրբեջանի նախահարձակ գործողությունները, Արցախյան պատերազմի վերսկսման մեջ ռուսական հետք տեսան: Վրացական կողմից տեսակետեր էին հնչում, թե ռուսական կողմի դրդմամբ հայկական կողմն անցել է ռազմական գործողությունների: Անշուշտ, իրականության վերաբերյալ վրացական պատկերացումները շաղախված էին միայն թուրք-ադրբեջանական քարոզչությամբ: Վրացական կողմից անգամ կոչեր հնչեցին ադրբեջանական բանակին օգնություն ուղարկել և չթողել, որ երկրի օդային տարածքով Ռուսաստանը զենք մատակարարի Հայաստանին: Ակնհայտորեն պարզ է, որ պատերազմի վերսկսման դեպքում Վրաստանը միակողմանի աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին և Հայաստանը հաղորդակցային տեսանկյունից գուցե հայտնվի բարդ դրության մեջ:

Միաժամանակ, հարկ է փաստել, որ Վրաստանի համար Արցախում պատեազմի վերսկսումը կամ էլ ավելի թեժացումն ամենաանցանկալի սցենարներից է: Օգոստոսյան պատերազմից հետո, երբ Վրաստանի վրա ռուսական ազդեցության լծակները մինիմումի հասցվեց, և Վրաստանն էլ ավելի համարձակ կերպով շարժվեց դեպի եվրոպական ուղով, վրացական կառավարությունը այնպիսի քաղաքական կեցվածք էր որդեգրել, կարծես դուրս է գտնվում Հարավային Կովկասից: Արցախյան պատերազմն սթափեցման ազդակ էր Վրաստանի համար, առ այն, որ որ տարածաշրջանային պետությունների անվտանգության համակարգերը շաղկապված են: Որքան էլ Վրաստանը եվրոպական նկրտումներ ունենա և իրեն Եվրոպայի մասնիկը համարը, անժխտելի է փաստը, որ Արցախյան պատերազմն ուղղակի ազդեցություն կունենա Վրաստանի վրա: Ռուսական գործոնի մեծացումից այնքան վախեցող Վրաստանը, ստիպված կլինի համակերպվել փաստի հետ, որ տարածաշրջանում, հետևաբար նաև Վրաստանում, ռուսական ազդեցությունն աներկբա աճելու է: ԵՄ-ն, որ այսօր խեղդված է իր սեփական խնդիրների մեջ, չի ցանկանա թաթախվել նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում և այն բացառապես թողել է տարածաշրջանային դերակատարների հույսին: Եվրոպայի հարևանության գոտում կայուն սահմաններ ունենալու հեռանկարն անգամ ԵՄ-ին չի ստիպում միջամտություն ունենալ Արցախյան հակամարտության մեջ` բավարարվելով միայն որոշ անատամ հայտարարություններով: Այն ջանքերը, որ ԵՄ-ն ներդրել է Վրաստանում` Ռուսաստանի փորատակում, ունենալու եվրոպական մոդելի պետություն, կարող են կարճ ժամանակամիջոցում հոդս ցնդել, եթե Արցախում պատերազմ բռնկվի: Գիտակցելով հանդերձ այս ամենն` այնպիսի տպավորություն է, որ ԵՄ-ն չի ցանկանում որևէ կերպ նպաստել իրավիճակի կայունությանը: Ցավալի է, սակայն նկատվում են միտումները, որ ԵՄ-ի համար հարևանության գոտին այլևս մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: ԵՄ-ն ներկայումս փորձում է իր ողջ ջանքերը կենտրոնացնել փլուզվող ԵՄ-ի հիմքերն ամրապնդելու վրա: Այս ամենը միանձնյա է դարձնում տարածաշրջանում ռուսական ազդեցությունը, ինչն անհանգստացնող պետք է լինի տարածաշրջանի բոլոր պետությունների, այդ թվում նաև Վրաստանի համար:

Այսպիսով, եթե ամփոփենք Արցախյան հակամարտության վերաբերյալ Վրաստանի մոտեցումները, ապա միանշանակ կարող ենք պնդել, որ պատերազմի թեժացումն ամենևին էլ Վրաստանի շահերից չի բխում, սակայն եթե օժանդակության և աջակցության հարց առաջանա, ապա վրացական կողմը կկատարի ռազմավարական դաշնակցի իր պարտավորությունները: Մեզ համար վտանգավոր են վրացական կողմի դոգմատիկ մոտեցումները համաձայն որոնց, ռուսի դաշնակիցը մեզ թշնամի է: Հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի վրացական ուղղությամբ, որպեսզի հակառուսականության գաղափարներով կուրացած վրացիները հավասարակշիռ դիրքորուշում ցուցաբերեն և զերծ մնան ադրբեջանական կողմին աջակցություն ցուցաբերելուց: Վրաստանը մեզ համար կարևոր երկիր է և պատերազմի պայմաններում էլ ավելի կմեծանա նրա ռազմավարական և հաղորդակցային նշանակությունը, ուստի չպետք է այս խնդիրներին հպանցիկ մոտեցում ցուցաբերենք. առանց այն էլ ադրբեջանական ներդրումներն Վրաստանի դեմ կիրառելու արդեն իսկ բավականաչափ ազդեցության լծակներ են տվել :

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում