Արցախյան քառօրյա պատերազմը և ԱՄՆ-ի դիրքորշումը

Արցախյան քառօրյա պատերազմը  և ԱՄՆ-ի դիրքորշումը

Արցախում վերսկսված քառօրյա պատերազմը ոչ թե սպոնտան իրադարձություն էր, այլ  Ալիևի  առաջնորդությամբ մանրակրկիտ մշակված մի պլան, որտեղ հաշվի էին առել յուրաքանչյուր տարր` սկսած եղանակային պայմաններինց մինչ միջազգային հանրության արձագանքը: Նախքան ԱՄՆ-ը մեկնելը, Ալիևը փորձեց հող նախապատրաստել ադրբեջանա-ամերիկյան բարդ հարաբերություններում առկա լարվածությունը մեղմելու համար: Այդ կապակցությամբ Ալիևը Նովրուզին ընդառաջ ներում շնորհեց տասնչորս քաղբանտարկյալների, որը դրական ազդակ ընկալվեց, ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի կողմից: Արևմուտքը, որն ադրբեջանական խորհրդարանական ընտրություններից հետո երես էր թեքել Ադրբեջանից, Ալիևի այդ քայլը բարեհաճությամբ ընդունեց: Այսպես, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, ողջունելով Ադրբեջանի կառավարության այս դրական քայլը, կոչ էր արել ազատել մնացյալ անձանց, որոնք «ընդհանուր կարծիքով բանտարկվել են իրենց ազատությունների իրագործման համար, ու դադարեցնել ազատ արձակվածների տեղաշարժի սահմանափակումները»։

Բավականին զգուշավոր էին նաև Արցախյան ագրեսիայից հետո ԱՄՆ-ի արձագանքը: Պաշտոնական հաղորդագրություններում հնչում էին միայն անհասցե կոչեր, պարտավորություն, որ Պետդեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը պետք է կատարարեր: Այս ամենը մի փոքր տարօրինակ է թվում,  քանի որ ամիսներ առաջ ԱՄՆ-ն բավականին ակտիովերն նախաձեռնել էր Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Հանդես էր գալիս նոր առաջարկություններով և տպավորություն էր ստեղծվել, որ ԱՄՆ-ն ցանկանում էր շոշափելի առաջընթաց գրանցել փակուղի մտած բանակցային գործընթացում:

Հիշեցնենք, որ hունվարի 6-ին կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում էր կազմակերպել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ: Ավելի վաղ Էդ Ռոյսը և հանձնաժողովի դեմոկրատական փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էին հղել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էին 85 կոնգրեսական: Նրանք ներկայացրել էին առաջարկություններ, որոնք վերաբերում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բռնության աճը կասեցնելուն ուղղված կոնկրետ քայլերին: Կոչ է արվում շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում, շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը, շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Այս ամենին հետևեց նաև Եվրոպայի հարցերով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ի ազգային անվտանգության Եվրոպայի հարցերով պատասխաանատու Չարլզ Կուպչանի Ադրբեջան և Հայաստան կատարած այցերը, որոնց շրջանակներում քննարկման հիմնական թեման ևս եղել է Արցախյան կարգավորման հարցը: Այս ամենն անշուշտ, դրական արձագանք չէր կարող գտնել Ռուսաստանում, որը չնայած Արցախյան կարգավորման հարցում գործող եռանախագահության ինստիտուտի առկայությանը, տարածաշրջանը համարում է իր շահերի գոտին և խանդով է ընդունում ցանկացած կողմնակի միջամտություն:

Եվս մեկ ուշագրավ փաստ, որ նախորդեց Արցախյան քառօրյա պատերազմին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 14-ի երեկոյան Սիրիայից զորքերը դուրս բերելու հրաման էր տվել: Նրա խոսքով, Ռուսաստանի զինված ուժերը ընդհանուր առմամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Այս բացատրությունն այնքան էլ համոզիչ չէր հնչում և հաճախ էին հնչում կարծիքներ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անդրկուլիսյան պայմանավորվածություններ են ձեռք բերել, սակայն հստակություն չկար թե ինչի շուրջ: Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքը թույլ են տալիս եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն և ՌԴ-ն աշխարհի քարտեզը կրկին սկսել են բաժանել և ընտրել իրենց ազդեցության գոտիները: Սիրիայից զորքերը դուրս գալու դիմաց, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն խոստացել է այլևս նախաձեռնողականություն չցուցաբերել Արցախում և Դոնբասում: Այս ամենը Ռուսաստանին անարգել գործելու հնարավորություն է ընձեռում տարածաշրջանում:

Ի տարբերություն նախորդ տարի աշնանը, երբ ամերիկյան խորհրդարանականները կոչ էին անում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ և ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները խիստ սրված էին, ներկայումս ամերիկյան կողմը բավականին զուսպ կեցվածք որդեգրեց: Նման դիրքորոշման վրա ազդող գործոններից է Ալիևի կողմից քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը, որն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն դրական ժեստ է համարում: Բացի այդ Ադրբեջանի հետ հարաբերությունների սրման պատճառով մեծանում է ռուս-ադրբեջանական մերձեցման հավանականությունը և այդ մտավախությունից ելնելով, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն խուսափեց Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելուց: Այսպիսով, Արցախյան իրադարձությունների վերաբերյալ ամերիկյան արձագանքը և դրան հաջորդող գործողությունները թույլ են տալիս եզրակացնել, որ ռուս-ամերիկյան ներքին պայմանավորվածություն կա, ըստ որի էլ Արցախյան հակամարտությունը կամ պատերազմը գտնվում է միայն ռուսական վերահսկողության գոտում և արտաքին այլ դերակատարները պետք է  բավարարվեն միայն հայտարարություններով և կոչերով:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում