Ադրբեջանում կես միլիոն վարկառուներ ի վիճակի չեն վերադարձնել պարտքը

Ադրբեջանում կես միլիոն վարկառուներ ի վիճակի չեն վերադարձնել պարտքը

Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած վարկերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով marja.az կայքը, հայտնում է moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը, որը Ադրբեջանի բանկային հատվածում պրոբլեմային վարկերի տեսակարար կշիռը գնահատել է 20 տոկոս մակարդակի:

«Ադրբեջանում տնտեսական անկման եւ արժույթի արժեզրկման զուգակցությունը շարունակում է վիժեցնել բանկային համակարգի կայունությունը: Մանաթի արժեզրկումը հանգեցրել է ոչ միայն արտասահմանյան արժույթով ավանդների աճին, այլ նաեւ բանկերի պրոբլեմային վարկերի աճին: Ներկայում Ադրբեջանում վարկային ներդրունների 20 տոկոսը կազմում են պրոբլեմային վարկերը»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Fins.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված երկրից դուրս գալ 115 իրավաբանական եւ 216 ֆիզիկական անձանց:

Դատարանների կողմից արգելքը սահմանվել է Ադրբեջանի օրեսնդրության պահանջով` վարկառուի կողմից վարկային պարտքերը չմարելու հետ կապված դատարանների որոշումների համաձայն: Դա նշանակում է, որ մինչեւ ամբողջությամբ չմարեն վարկերը, հիշյալ անձանց չի թույլատրվելու դուրս գալ Ադրբեջանից:

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում 40450 աշխատատեղ է փակվել (modern.az):

Պաշտոնական տվյալներով` անցյալ տարի 40450 վերացված աշխատատեղերի 19,2 տոկոսը փակվել է առեւտրի, փոխադրամիջոցների վերանորոգման բնագավառում, 15,5 տոկոսը` տրանսպորտի եւ պահեստային տնտեսության, 8,3 տոկոսը` շինարարության, 6,4 տոկոսը` պետական կառավարման, պաշտպանության եւ սոցիալական ապահովման, 5,5 տոկոսը` վերամշակող արդյունաբերության, 4,7 տոկոսը` մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության բնագավառներում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների արագորեն նվազման, ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարեժքը 100 տոկոսով ընկնելու հետեւանքով, հիմնականում նավթարդյունաբերությունից կախված, Ադրբեջանում փակվել են մեծ թվով պետական եւ մասնավոր ձեռնարկություններ եւ հաստատություններ, ինչի հետեւանքով վերացվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր:

Marja.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել, վարկային փոխառուների թիվը հասել է 2,6 մլն մարդու:

Դա նշանակում է, որ Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խոր տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում