Արևմուտքը 25 տարվա մեջ անվտանգային այլընտրանք չի ցանկացել լինել. մեզ ՆԱՏՕ-ում չեն սպասում

Արևմուտքը 25 տարվա մեջ անվտանգային այլընտրանք չի ցանկացել լինել. մեզ ՆԱՏՕ-ում չեն սպասում

Դիվանագիտությունը պահանջում է  գաղտնիություն և հանրայնացման որոշակի աստիճան: Այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողներից մեկի հարցին, թե մինչ Սերժ Սարգսյանի Բլումբերգին տված հարցազրույցը տեղյա՞կ էին, որ Հայաստանը կողմ է Կազանյան փաստաթղթին:

«Գաղտնի կարող էին լինել բանակցություների դետալները, արտաքին քաղաքականության մեջ չեք գտնի ոչ մի դրվագ դրսևորում, երբ բանակցություններն օնլայն ռեժիմով ռեալիթի շոուի են վերածվել»,-ընդգծեց Աշոտյանը՝ շեշտելով, թե Bloomberg գործակալությանը տված հարցազրույցն ապացուցեց, որ գործ ունենք ուժեղացված պետության ուժեղ ղեկավարի հետ, ավելի ճիշտ՝ ուժեղացված  պետությունների ուժեղ ղեկավարների:

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ նախքան ապրիլյան պատերազմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում էին մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ հիմքում ունենալով երեք հիմնական սկզբունք՝ անվտանգության երաշխիք, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն: Ապրիլյան պատերազմից հետո բանակցություններ սկսելու համար ըստ Աշոտյանի, ՀՀ նախագահը նախապայմաններ է առաջ քաշել. խնդիր ունենք, որ միջազգային հանրությունն անի հասցեական հայտարարություններ, տա միջազգային երաշխիքներ, որ ադրբեջանական արկածախնդրությունն այլևս չի կրկնվի: Այս համատեքստում Աշոտյանը հարկ համարեց ընդգծել՝  առաջիկայում չօգտագործել փոխզիջում ձևակերպումը, եւ չնշել, որ Հայաստանը դուրս է եկել բանակցային գոծընթացից: 

«Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ռազմաքաղաքական առումով անմեղսունակ է, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը: Կարելի է խոսել, պայմանավորվել այդ մարդու հետ, երբ իմանաս, որ նա  ապաշխարել է, կամ ստիպել են, որ իրեն նորմալ պահի: Ակնհայտ է, որ Ալիևը չունի այդ մտավոր ներուժն ու քաղաքական կամքը, որ ապաշխարի»,-շեշտեց նա:

Խոսելով Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի դասերից, Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բազմաթիվ միֆեր կոտրվեցին.

1. կոտրվեց այն միֆը, որ Ադրբեջանն ունի ռազմատեխնիկական ջախջախիչ առավելություն, 

2. այն, որ նոր սերունդը պատրաստ չէ հաղթանակի,

3. այն, որ նախորդ պատերազմը Հայաստանը հաղթել է արտաքին ուժերի աջակցման շնորհիվ,

4. կոտրվեց այն միֆը, որ մեր հասարակությունը պառակտված է, ևառաջին ցնցման դեպքում փլուզվելու է պետությունը:

Լրագրողներից մեկի լրացմանը՝ կոտրվեց նաև այն միֆը, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Ռուսաստանը մնում է մեր ռազմավարական դաշնակիցը: Դուք գիտեք ՀՀ իշխանությունների կարծիքը զենքի վաճառքի շուրջ: Նորից քննարկել, քննարկել, կներեք, ինչ-որ սադոմազոխիստիկ հաճույք ստանալ այս ամենից չի կարելի: Արտաքին քաղաքականությունն այսօր պահանջում է բացառապես այն հույզերը, որոնք կարող են սնել բանականությունը: Եթե հույզը չի սնում բանականություն՝ վնաս է տալիս: ՀՀ-ն իր հույսը դրել է բացառապես և նախևառաջ իր ուժերի վրա, իսկ արտաքին աշխարհից խռովել ու նեղանալ չի կարելի: Պաշարված ամրոցի հոգեբանությունը շատ վտանգավոր է, երբ քեզ թվում է, թե ամբողջ աշխարհը քո դեմ է, դա կործանարար է»:

Շարունակելով միտքը ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ ՀԱՊԿ-ն ունի պայմանագիր, որի  հոդվածները դեռեւս կյանքի չեն կոչվել. ՀՀ-ն դեռեւս չի դիմել ՀԱՊԿ-ին, այնտեղի գործընկերներն էլ ինքնակամ քայլերի չեն գնացել: Ըստ Աշոտյանի՝ Հայաստանն այն միություններում է, որտեղ Ռուսաստանն է՝ այլ անդամների վրա հույս չեն դնում, թեպետ նրանք որոշակի պարտավորություններ ունեն:

«Երևան-Աստանա, Երևան-Մինսկ ճանապարհն անցնում է Մոսկվայով»,-ընդգծեց նա:

Ակնարկին, թե ՀԱՊԿ-ին այլընտրանք կարող էր լինել ՆԱՏՕ-ն, Աշոտյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի դռները փակ են անգամ այնտեղ 20 տարի մտնելու ցանկություն ունեցող Վրաստանի և Ուկրաինայի համար, ո՞վ է մեզ սպասում ՆԱՏՕ-ում: Երկրորդ՝ Արևմուտքը (ԱՄՆ+ ԵՄ) ՀՀ-ին 25 տարվա ընթացքում այլընտրանքային անվտանգության առաջարկ չի արել: Այսինքն՝ պետք չէ կտրվել իրականությունից: 

«Ո՞րն է անվտանգության այն անձրևանոցը, որի տակ մենք պետք է լինենք: Եթե ՀԱՊԿ չէ, ապա ի՞նչ, ՆԱՏՕ՞: Մեզ չեն սպասում ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում: Ինչո՞ւ ենք կտրվում իրական կյանքից: 25 տարի մենք անկախ պետություն ենք, ասում եք՝ իսկ ՀԱՊԿ-ն, ՌԴ-ն արե՞լ է, այո, մնացածը չեն արել՝ ֆիքսե՛ք սա: ՀՀ-ում առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք չի եղել իշխանություն, որը հարցականի տակ դնի ՌԴ-ի դաշնության հետ ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունը: Պայմանագիրը կնքվել է առաջին նախագահի օրոք, խորացվել երկրորդ նախագահի օրոք, երկարացվել՝ երրորդ նախագահի օրոք: Էդ բոլորը սխալ են եղել, արևմտամետ վերլուծաբաննե՞րն են ճիշտ: Միևնույն ժամանակ սպասել, որ Մոսկվայում կամ Վաշինգտոնում որեւէ մեկը կլուծի մեր խնդիրները՝ միամտություն է: Ուժն է ծնում իրավունք»,- նկատեց Աշոտյանը՝ հավելելով, որ պիտի բոլորից ստանանք այն, ինչ պետք է, իսկ իշխանություններն ապացուցել են, որ ճիշտ հաշվարկ անել գիտեն:

Ըստ նրա՝  մեր ակնկալիքները ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից դեռ չենք սպառել: Իսկ հակառուսական ալիք ՀՀ-ում բարձրացնելու ցանկությունը, ըստ նրա, անկեղծ չէ. «8 տարի անընդմեջ մեզ խոստացվել է, որ ցեղասպանություն բառը հնչելու է ԱՄՆ նախագահի շուրթերից, մի հատ պիկետ հիշո՞ւմ եք: Կրկնակի ստանդարտները վնաս են, գեոպոլիտիկ ճաշակի ժամանակը չէ այսօր: Աշխարհաքաղաքականությունը շոր չէ, որ պետք է մոդային համապատասխան գնես»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում