Այս պահին նախագահի հրաժարականը պահանջելը բարոյական չէ, իսկ կուլակաթափության պահանջը նեոբոլշևիզմի է տանում

Այս պահին նախագահի հրաժարականը պահանջելը բարոյական չէ, իսկ կուլակաթափության պահանջը նեոբոլշևիզմի է տանում

ՀՀ-ի ներքին և արտաքին կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց սկզբնաղբյուրը ԼՂ-ում ապրիլին սկսված պատերազմական գործողություններ են: Ըստ այդմ՝ Հայասանի արտաքին և ներքին օրակարգերը վերանայվեցին ոչ այնքան բովանդակային մասով, որքան փոփոխությունների տեմպի և խորություն: Հերթական անգամ հաստատվեց, որ անհրաժեշտ է ունենալ կազմակերպված պետություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, թե բացի իրական մարտահրավերներից ներհայաստանյան որոշ շրջանակներում  արհեստական օրակարգեր ստեղծելու միտում կա, որոնք պետության մարտունակության հետ որևէ առնչություն չունեն:

«Օրակարգեր, որոնք ավելի շատ  հայրենասիրական ալիքը սանձելու և նեղ հատվածական շահերի համար օգտագործելու փորձ են: Խոսքը վերաբերում է վաղուց օրակարգում եղած հարցերը կյանքի կոչելուն՝ կապված նաև ներքաղաքական կյանքի մշտական հարցի հետ, թե ո՞վ է լինելու իշխանություն»,- ասաց Աշոտյանն՝ ընդգծելով, որ Հայաստանում կա քաղաքական կոնսենուս, իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, ուստի բարոյական չէ պահանջել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, երբ պարտերազմը շարուանկվում է և կա ուժերի մոբիլիզացման կարիք: Ի դեպ, Աշոտյանը քաղաքական կարճատեսություն համարեց արտաքին քաղաքականությունում իշխանություններից կտրուկ փոփոխություններ պահանջելը:

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտը նախանախընտրական փուլում է, երբ ոմանք  դիրքերն են ուզում ազատագրել, ստանալ»,- շեշտեց ՀՀԿ փոխնախագահը:

Այս համատեքստում անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, Արմեն Աշոտյանը նկատեց, թե այդ փաստը վկայում է, որ նոր Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակ լեգիտիմ. «Այդ շրջանակներն էին, որ քննադատում էին կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը, ինտենսիվ «Ոչ»-ի քարոզ էին անում: Բայց այսօր իրենք նույնպես ընդունում են նոր խաղի կանոնը»:

Աշոտյանը հակասություն է տեսնում Օսկանյանի կուսակցության անվան և ստեղծման հիմքի միջև. «Կուսակցություն են ստեղծում  «Համախմբում» անունով, որը ԲՀԿ-ի տրոհման արդյունք է: Ինչպես ասում են` «նե վերյու»»:

Ինչ վերաբերում է օլիգարխներին կուլակաթափ անելու և  այդ գումարները բանակի սպառազինությանն ուղղելու կոչերին և պահանջներին, ՀՀԿ փոխնախագահը նկատեց, թե դա նեոբոլշևիզմի է տանում, կանգնեցնում  դասակարգային պայքարի եւ հասարակության տրոհման վտանգի առջև:

«Այսօր պետք է արագացնել սոցիալական արդարության ներդրման գործընթացը, մեղմացնել սոցիալական բևեռվածության երևույթները, ազգովի ասել` այլևս այդպես չենք անելու` իշխանությունից սկսած ընդդիմությունով վերջացրած: Կասե՞ն դա բոլորը: Ես խիստ կասկածում եմ» ասաց Արմեն Աշոտյանը:

Times.amի հակադարձմանը՝ եթե պատժվեն, կասեն, օրինակ՝ ՊՆ նախկին պաշտոնյան իր թույլ տված չարաշահման համար, Հերմինե Նաղդալյանն իր արած հայտարարության, իսկ եթե գործը մնա խղճին, չեն ասի, Աշոտյանն արձագանքեց. «Ժողովուրդ, մենք ի՞նչ ենք ուզում, անպայման ավերակ, արյուն, պայքար, մեկին ծեծեն, մեկին բռնեն»:

Լրագրողների ռեպլիկին՝ արյուն չենք ուզում, պատասխանատվություն ենք ուզում, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.  «Բոլորն իրենց պատասխանատվության չափաբաժինն ունեն՝ և իշխանությունը, և  ընդդիմությունը, և հասարակությունը: Մի բան ասեմ՝ չնեղանաք, մենք լավն ենք բոլորս իրար հետ, բայց ոչ ոք իրարից լավը չի՝ որակական իմաստով: Իրար հետ ենք լավը: Եթե ապաշխարհելու աստիճանի անկեղծություն ենք ուզում, ապա առնվազն պետք է տեր հայր լինենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ազգովի՞ ենք կարագ ներկրում՝ զուգարանի թղթի անվան տակ, հարկ չենք վճարում, Աշոտյանը նկատեց. «Ակնհայտ է, որ երկրում կան կուտակված խնդիրներ, երբ ասում ենք պետք է փոխվենք նախևառաջ նկատի ունենք իշխանություններին, ես չեմ գցում պատասխանատվությունը»:  

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում