ՀՅԴ-ն անհետաձգելի առաջնահերթութուն է համարում ՀՀ և ԼՂՀ անվտանգության միասնական համակարգի ամրապնդումը

ՀՅԴ-ն  անհետաձգելի առաջնահերթութուն է համարում  ՀՀ և ԼՂՀ անվտանգության միասնական համակարգի ամրապնդումը

Հայ Հեղափոխական Դաշնակություն կուսակցությունը հայաստանյան կազմակերպության 20-րդ գերագույն ժողովի արդյունքներով հայտարարություն է տարածել:

Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, անդրադառնալով անցնող ժամանակահատվածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարե լով իրավիճակի համակողմանի վերլուծություն և արժևորում` Գերագույն ժողովը համախոհության և փոխըմբռման մթնոլորտում հաստատել է կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու մարտավարությունը:

Ժողովն արձանագրել է կուսակցության վճռականությունը` ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և մեխանիզմների շրջանակում նախանձախնդիր հետևողականորեն դերակատար դառնալու երկրում սոցիալական արդարություն, արդար դատական համակարգ սահմանող, մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող, արդյունավետ կառավարում, ազատ ընտրություններ ապահովող, աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը հաղթահարող համակարգ հաստատելու ուղղությամբ:

Գերագույն ժողովը կուսակցության առանձնակի ուշադրությունը հրավիրել է շարքերի երիտասարդացման, կանանց դերակատարության ընդլայնման, քարոզչության արդիական մեթոդներ որդեգրելու, հանրության տարբեր շերտերի հետ առավել գրավիչ միջոցներով աշխատելու, ազգային մտածողությամբ ու տեսլականով գաղափարական սերունդ պատրաստելու խնդիրների վրա:

Ժողովը գնահատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը` ձեռք բերված պայմանավորվածությունների և առաջնահերթությունների հետևողական իրագործումը դիտելով որպես երկրում արմատական ու որակական փոփոխություններ ապահովող գործողությունների ծրագիր:

Առաջիկա տեղական ինքնակառավարման և ՀՀ ԱԺ ընտրություններին Հ.Յ.Դաշնակցությունը մասնակցելու է իր ներուժի ողջ կարողականությամբ, կառույցի կազմակերպվածությամբ` տարբեր մակարդակներում ընդլայնելով իր ներկայությունը, նպատակ հետապնդելով առավել գործուն ազդեցություն ունենալ երկրին ուղղված մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման գործում:

ՀՅԴ-ն շարունակելու է համահայկական կառույցի ողջ ներուժն ուղղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման, հայապահպանության, Հայ Դատի, ինչպես նաև ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին:

Գերագույն ժողովը բացառիկ սևեռումով քննել է ԼՂՀ շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն ու ընթացող պատերազմը: Այս համատեքստում արձանագրված համազգային միասնականության ոգին ու համախմբումի փաստն արժևորվել է որպես երկրում որակական թռիչք ապահովող անգնահատելի նախապայման:

Բարձր գնահատելով հայկական զինած ուժերի մարտունակությունը, հակառակորդի լայնածավալ հարձակումը անձնազոհաբար կասեցնելու կամքը` Գերագույն ժողովը խոնարհվում է հերոսաբար զոհվածների հիշատակի առաջ և վշտակցում նրանց հարազատներին: Ժողովը միաժամանակ խոր մտահոգություն է հայտնել այն բացթողումների, խնդիրների ու մարտահրավերների առնչությամբ, որոնք ի հայտ եկան քառօրյա պատերազմի ընթացքում:

Գերագույն ժողովը վերահաստատել է Արցախի ազգաբնակչության ազատ կամաարտահայտությամբ դրսևորված հիմքերով ԼՂ հիմնախնդիրը հանգուցալուծելու ՀՅԴ անզիջում վճռականությունը, շեշտել է հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով կարգավորելու, ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելու, ինչպես նաև միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ ամբողջական անվտանգության երաշխիքներն ամրագրելու անհրաժեշտությունը:

Բանակցային գործընթացը դիտելով որպես ԼՂ հիմախնդրի կարգավորման միակ նախընտրելի տարբերակ` Գերագույն ժողովն անհետաձգելի առաջնահերթություն է գնահատել ՀՀ և ԼՂՀ պետականությանն ու ազգաբնակչության անվտանգությանն ուղղված ադրբեջանական շարունակական ագրեսիայի չեզոքացման գործողությունների ծրագիրը:

Գերագույն ժողովը անհետաձգելի առաջնահերթություն որակեց ՀՀ և ԼՂՀ անվտանգության միասնական համակարգի ամրապնդումը, արձանագրեց բանակաշինության, պաշտպանական ոլորտում գրանցված մարտահրավերներն ու թերացումները` ընդգծելով այդ ուղղությամ բ անհրաժեշտ քայլերի և համարժեք պատասխանատվության կարևորությունը:

Գերագույն ժողովը վերահաստատել է Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները դիմագրավելու` կուսակցության հանձնառությունը` պատասխանատվություն ստանձնելով համահայկական իր ողջ կարողականությունը նպատակաուղղելու Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը, երկրում ժողովրդավարության ամրապնդման, սոցիալ-տնտեսական առաջընթացի և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում