ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով. Ֆինլանդիայի ԱԳՆ

ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով. Ֆինլանդիայի ԱԳՆ

Մայիսի 2-ին պաշտոնական այցով Հելսինկի ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարևորվել է խորհրդարանների միջև շփումների խթանումը։ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները ընդգծել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:

Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի իր գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազ մական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: «Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով», – շեշտել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:

Թիմո Սոինին այս առումով ընդգծել է, որ Ֆինլանդիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ապահովելուն ուղղված նրանց նախաձեռնությունները։ Ֆինլանդիայի արտգործնախարարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։

Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը:

Էդվարդ Նալբանդյանը Թիմո Սոինիին հրավիրել է այցելել Հայաստան:

Հանդիպման ավարտին նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում