«Ջավախք» հայրենակցական միությունը դատապարտել է վրացի ոստիկանների անվայելուչ խոսքը Հայոց ցեղասպանության հասցեին

«Ջավախք» հայրենակցական միությունը դատապարտել է վրացի ոստիկանների անվայելուչ խոսքը Հայոց ցեղասպանության հասցեին

«Ջավախք» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել ապրիլի 23-ին Ախալցխայի հայկական մի շարք գյուղերի երիտասարդների մասնակցությամբ տեղի ուենցած միջադեպի առնչությամբ, որում ասվում է.

«Սույն թվականի ապրիլի 23-­ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան, կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը:

Մենք գտնում ենք, որ բարեկամ երկրում տեղի հայության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների նման վարքագիծն անընդունելի է: Հույս ենք հայտնում, որ կատարվածի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որը և կհարթի այդ տգեղ միջադեպը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում