Մեր տարբերությունը նրանում է, որ գիտենք ինչի համար ենք պայքարում, իրենք՝ ոչ. Հարություն Բադալյան (տեսանյութ)

Մեր տարբերությունը նրանում է, որ գիտենք ինչի համար ենք պայքարում, իրենք՝ ոչ. Հարություն  Բադալյան (տեսանյութ)

Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանը Հանրային հեռուստատեսության «Հանրային օրակարգ» հաղորդման ժամանակ մանրամասնելով  ադրբեջանական ռազմական գործողությունների մեկնարկը, նշել է, որ իրենց համար ականանետային կրակը սովորական երևույթ էր, բայց երբ կիրառվեցին այլ զինատեսակներ, հասկացան՝ ավելի լուրջ և վտանգավոր բան է տեղի ունենում:

«Վախ ընդհանրապես պետք չի զգալ, պետք է այդ պահին միանգամից մարտական ոգիդ հավաքես և  ամենակարևորը՝ չխառնվես: Եթե չխառնվեցիր, հաստատ դու քո գործն անելու ես: Իհարկե, երբ թշնամին հարձակվում է կարող է սկզբից մի փոքր վախ լինել, ի վերջո, փորձում է քեզ վնասել, բայց դա ցածր վախ է, օգնող վախ է, որ դու միանգամից կենտրոնանաս ու հավաքվես»,-ասել է հերոսը և հավելել. «Մեր տարբերությունը  նրանում է, որ մենք  գիտենք ինչի համար ենք պայքարում, իսկ իրենք չգիտեն,  դրա համար մեր մարտական ոգին ավելի բարձր է»:

Հարություն Բադալյանը տեղեկացրել էր, որ իրենց դիրքից ոչ մի կորուստ չեն ունեցել, բայց զորամասից ոչ շատ ունեցել են: Իսկ ադրբեջանական ռազմական գործողությունները սկսել են ապրիլի լույս 2-ի գիշերը ժամը երեքին. նախ ականանետային գրոհ է սկսվել, այնուհետ ժամը հինգին մտել են դիրք: Ինքը Բադալյանն այդ ժամանակ եղել է դիտակետում և երբ նկատել է թշնամու կուտակումները, անմիջապես զեկուցել է, որից հետո անցել շրջանաձև պաշտպանության:

«Նկատեցի, որ մոտենում են կացարանին՝ նախ երկուսին, գնացի այդ ուղղությամբ ու առաջինին խփեցի, երկրորդը կողքից մի քիչ էն կողմ գնաց, որովհետև վախեցավ, իրան էլ սպանեցի: Մնացածն արդեն փախան դեպի էն ուղղությամբ, որով եկել էին: Այդ ժամանակ արդեն վիրավոր էի, նռնակ էին շպրտել և ես ոտքից վիրավոր էի: Ընկա, բայց հետո ուժ գտա մեջս, վերկացա և վազեցի էդ ուղղությամբ…ցավը ուժեղ էր, ընկա, բայց ընկած ժամանակ էլ շարունակեցի կրակել, որ փախնեն, հետ չգան դիակները տանեն կամ այլ բան անեն»,-պատմել է Բադալյանը՝ նշելով, որ միայն իրենց դիրքի ուղղությամբ թշնամու ավելի քան 10-ը զինյալ է եղել:

Այս պահին «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիրը հետվիրահատական փուլում է, ասում է, որ ամեն ինչ անելու է, որ շուտ վերադառնա դիրքեր, հատկապես երբ ծառայության ավարտին 1.5 ամիս է մնացել:

«Կարևոր չի ինչքան է մնացել, ինչքան պետք եղավ, ես էլի մնալու եմ»,- ընդգծել է նա՝ նշելով, որ  «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանանալու համար ուրախ է, բայց ուրախությունը լիարժեք չէ. իր զորամասից ընկերներ է կորցրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում