Լավրովն ու Քերին ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ դարձյալ հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Քերին ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ դարձյալ հեռախոսազրույց են ունեցել

Այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Լավրովը և Քերին ԼՂ խնդրի շուրջ տիրող իրավիճակի շուրջ հեռախոսային քննարկում էին ունեցել ապրիլի 29-ին:

«Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ»,– ասված է ՌԴ ԱԳՆ մայիսի 2-ի հաղորդագրության մեջ:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարները: Նրանք հակամարտող կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը:

Հեռախոսազրույցին անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին: Լավրովն ընդգծել է Օդեսայում 2014թ. մայիսին տեղի ունեցած ողբերգության հետաքննությանը հասնելու անհրաժեշտությունը: Շեշտվել է, որ մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարմանն այլընտրանք չկա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում