Ռուսական վարկով ՀՀ-ը ձեռք կբերի նաև կարևոր նշանակության հետախուզական սարքեր, կառավարման համակարգեր

Ռուսական վարկով  ՀՀ-ը ձեռք կբերի նաև կարևոր նշանակության  հետախուզական սարքեր, կառավարման համակարգեր

Զինատեսակներին սահմռկեցուցիչ որակելը այնքան էլ ճիշտ չէ, չկա ոչ սահմռկեցուցիչ զինատեսակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ադրբեջանական կողմը սահմռկեցուցիչ զինատեսակներ է կիրառում  հայկական բնակավայրերի ուղղությամբ:

«Ես ձեզ բոլորիդ խնդրում եմ էդ  «Սոլնցեպյոկ»-ի, Սմերչի ու մյուս հասկացություններին վերջ տվեք: Էդ յութուբյան գովազդների տպավորությունները զինվորականների մոտ երբեմն ծիծաղ է առաջացնում, որովհետև ամեն զենք իր նշանակությունն ունի, ամեն զենք իր վտանգավորության աստիճանն ունի: Եթե «Գրադ» կայանքը մոտ 30 տարի է օգտագործվում և դարձել է սոցորական, դա չի նշանակում, որ այն  պակաս սահմռկեցուցիչ է», -հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր զենք առաջին անգամ կիրառելիս հոգեբանական ազդեցություն թողնում է, բայց երկրորդ անգամ օգտագործելիս դրա դեմ արդեն իսկ հակամիջոց լինում է: Այսինքն՝ ամեն ինչի դեմ կա միջոց: 

«Վստահ եղեք, եթե աշխարհում ռազմագիտական զարգացած միտքը ինչ-որ մի բանի դեմ փորձում է պայքարի միջոց գտնել, մենք նրանց չենք զիջում: 14 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք) ենք խոցել, նշանակում է դրա դեմ պայքարի ձևերը, միջոցները գիտենք, ուղղակի ամեն ինչ չենք կարող բացել», -նկատեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով 80-ականների զենքեր օգտագործելու շուրջ աղմուկին, ՊՆ մամուլի քարտուղարը հերթական  անգամ  պարզաբանեց, որ աշխարհի լավագույն զենքերը եղել են ութսունականների զենքերը, հատկապես՝ ռուսական զինանոցում:

Ինչ վերաբերում է ՀՀ զինուժի սպառազինման մակարդակին և ռուսական վարկով զենքի ձեռքբերմանը, Հովհաննիսյանը պնդեց, որ ՀՀ զինված ուժերի՝ նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը չի կարելի կապել միայն ռուսական  վարկի հետ. դա չի սկսվել և ավարտվում միայն սրանով. «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Հայաստանը պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը, այդ ժամանակ վարկի մասին խոսք լինել չէր կարող: Մեր կողմից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է ձեռք բերվել ոչ վարկով: Ինչպես գիտեք, դրանից հետո նաև, երբ զենքի տեսակների մասին հարցադրումներ էին լինում, մենք ասել ենք, որ մեր զինանոցում կան զենքեր, որոնք աշխարհի առաջատար երկրների համար  շատ լավն են, կարևոր ու շատերի համար երազելի»:

Արծրուն Հովհաննիսյանն այս համատեքստում տեղեկացրեց, որ ՌԴ վարկային համաձայնագրով Ռուսաստանից Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց սկսվել է, թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը, չգաղտնազերծվեց բնականաբար, բայցև հարկ համարվեց ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վարկային համաձայնագրով մատակարարվելու են ոչ միայն զենքեր, այլ նաև օպերատիվ հետախուզական սարքեր, կառավարման համակարգեր, որոնք  չեն կրակում, սակայն շատ կարևոր նշանակություն ունեն:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում