Հենց իրենց աղբյուրներից մի նոր զոհ ենք գտել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի կորուստերի մասին

Հենց իրենց աղբյուրներից մի նոր զոհ ենք գտել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի կորուստերի մասին

Ադրբեջանը հիմա, քան երբևէ, արգելափակել է իր տեղեկատվական հոսքերը, հետևաբար՝ դժվար է իմանալ, թե վերջին ռազմական գործողությունների հետևանքով որքան զոհ է ունեցել ադրբեջանական կողմը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա փոխանցեց՝ հենց երեկ ադրբեջանական աղբյուրներից  մի նոր զոհ են գտել: 

«Այսքան վերահսկողության տակ, որ մենք շաբաթը մեկ մեկ-երկուսին  գտնում ենք իրենց մոտ՝ սոցցանցերում, պատահական նկարներում, ինչ-որ քոմենթներում ենք էդ անունը գտնում, հետո փորձում գնալ դրա հետևից: Բավականին բարդ աշխատանք է կատարվում: Հստակ թիվ ասելը շատ դժվար է: Ի վերջո,  նրանց զորքերն էլ են բերված մարտական բարձր աստիճանի և տեղակայված համապատասխան վայրերում ու առօրյա շփումներից, որ ունեին իրենց ընտանիքների հետ, այժմ  զրկված են, հետևաբար այդ թվերը ստանալը հնարավոր չէ», -ասաց Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե որքա՞ն են կազմում հակառակորդի կորուստները, քանի որ նախկինում խոսվում էր հազարավոր զոհերի մասին: 

Հովհաննիսյանն  այն կարծիքին է, որ պատերազմական իրավիճակի մեղմացումից և խաղաղության հաստատումից հետո ադրբեջանական կորուստների թիվը չի զարմացնի և մոտ կլինի հայկական կողմի կանխատեսումներին. «Պաշտպանության բանակը հայտնեց երկու հազար զոհի մասին, միգուցե դրանք բոլորն անմիջապես ռազմաճակատում զոհվածները չեն, բայց դրանցում շատ մեծ է ծանր վիրավորների թիվը, հատկապես՝ հրետանային կրակից: Մենք ասում էինք, որ մեր հրետանին շատ փայլուն գործողություն է կատարել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում