Թուրք մտավորականները պահանջել են չընդունել պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնող բանաձևը

Թուրք մտավորականները պահանջել են չընդունել պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնող բանաձևը

Մի խումբ թուրք ակադեմիկոսներ, իրավաբաններ, լրագրողներ, գրողներ ու քաղաքական գործիչներ կոչ են արել Թուրքիայի մեջլիսի պատգամավորներին ոչ ասել պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնող բանաձևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

53 մտավորականի ստորագրություն պարունակող հայտարարության մեջ նշվում է, որ պատգամավորների անձեռնմխելիության վերացման վերաբերյալ սահմանադրական փոփոխության առաջարկը, որն արել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, անընդունելի իրավական և քաղաքական սխալ է:

«Հորդորում ենք բոլոր պատգամավորներին չաջակցել և դեմ դուրս գալ համընդհանուր իրավական նորմերին հակասող, ժողովրդավարական քաղաքականությունը ոտնահարող այս առաջարկին»,- նշել են մտավորականները:

Հայտարարության տակ ստորագրել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Բասքըն Օրանը, Ֆեթհիյե Չեթինը, Հասան Ջեմալը, Ուֆուք Ուրասը, Սուլեյման Չելեբին, Իբրահիմ Քաբօղլուն, Ռըզա Թյուրմենը և այլք:

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը վավերացրել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավորների հետ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺԴԿ) խմբակցության որոշ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին սամանադրական փոփոխության առաջարկը, որը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խմբակցության հանձնարարականով խորհրդարան էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Առաջարկը թուրքական խորհրդարան էր ներկայացվել ապրիլի 1-ին, որով պահանջվել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԺԴԿ-ի համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին եւ կուսակցության մի շարք այլ պատգամավորների:

ԱԶԿ-ին դուր չի եկել, որ ԺԴԿ-ի պատգամավորները մասնակցում են թուրք-քրդական բախումներում զոհված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ազատամարտիկների հուղարկավորություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում