Ալիեւի հերթական անհեթեթ հայտարարությունը. Ադրբեջանի բնակչության 91 տոկոսն «առողջ» է

Ալիեւի հերթական անհեթեթ հայտարարությունը. Ադրբեջանի բնակչության 91 տոկոսն «առողջ» է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 29-ին Աղսուի շրջանի կենտրոնական հիվանդանոցի նոր շենքի բացման արարողության ժամանակ հանդես է եկել հանրության մոտ ծիծաղ առաջացրած հերթական հայտարարությամբ այն մասին, թե երկրի բնակչության 91 տոկոսն, իբր, առողջ է եւ որեւէ հիվանդություն չունի:

«Մի քանի տարի է` իմ հանձնարարությամբ երկրով մեկ դիսպանսերիզացիա է անցկացվում: Այս տարի մոտ 5 մլն մարդ բժշկական քննության է ենթարկվել, եւ ինձ հաղորդված տեղեկության համաձայն` նրանց 91 տոկոսը լրիվ առողջ է», – ասել է նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիեւի այդ հերթական անհեթեթ հայտարարությունից զարմացած «Ազադլըգ» թերթը գրում է, որ երկրի ղեկավարի բարձրաձայնած թիվն է «հիվանդ», քանի որ չի կարելի խոսել 91 տոկոս առողջության մասին, այն դեպքում, երբ Ադրբեջանի հիվանդանոցներում, դեղատներում հերթեր են, հարյուր հազարավոր մարդիկ բուժման համար մեկնում են Իրան, Թուրքիա, Վրաստան:

Թերթը Ալիեւի անհիմն լավատեսությանը, անիրական փաստարկին պատասխանել է թվերի լեզվով, միաժամանակ նշելով, որ բերվող ցուցակն ամբողջական չէ եւ Ադրբեջանում հստակ թիվը չիմացված տասնյակ հիվանդությունների կրողներ կան:

Ադրբեջանում մոտ 400 հազար հաշմանդամության թոշակ ստացող անձինք կան, որոնք չեն կարող առողջ համարվել:

Առողջապահության նախարարության 2014 թվականի վերջի տվյալներով` Ադրբեջանում 40 հազարից ավելի օնկոլոգիական հիվանդ կա:

ԶԻԱՀ-ի դեմ պայքարի վարչության տվյալներով` մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ ինֆեկցիա կրող 5 հազար պաշտոնապես գրանցված անձինք կան:

Վերջին տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հազար շաքարային դիաբետով հիվանդ կա: Պետվիճկոմի տվյալներով` երկրում մոտ 12 հազար թոքախտով հիվանդ կա:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 4 հազարից ավելի տալասեմիայով հիվանդ կա, իսկ հեմոֆիլիայով հիվանդների թիվը գերազանցում է 1500-ը: Ընդհանուր առմամբ, երկրի բնակչության յուրաքանչյուր 9 հոգուց մեկը տալասեմիա հիվանդության կրող է:

2013 թվականի տվյալներով` Ադրբեջանում մոտ 125 հազար մարդ հոգեկան հիվանդության ախտորոշում ունի: Պաշտոնական տվյալներով` երկրում 2 հազարից ավելի հեմոդիալիզով հիվանդներ կան, գրել է թերթը:

Թերթը նշում է, որ հաղորդված թվերը վերաբերվում են Ադրբեջանում ավելի շատ տարածված հիվանդություններին, սակայն, երկրում մեծ թվով ասթմայով, հեպատիտով հիվանդ, ոսկրային հիվանդություններով տառապող հիվանդներ, ստամոքսա-աղիքային, սրտի անբավարարության եւ այլ հիվանդությունների կրողներ կան:

«Ընդամենը մի քանի հիվանդություններ նշելով մենք ցույց տվեցինք, որ Իլհամ Ալիեւի հնչեցրած թիվը ցանկություն է, իրականություն չէ», -ամփոփել է թերթը:

Modern.az կայքը, հղում կատարելով Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Զոհրա Ալիմիրզաեւային, ի գիտություն Ալիեւին հայտնում է, որ 2014 թվականին Ալիեւի ստորագրած հայտնի օրենքով 2015 թվականի հունիսի 1-ից հետո մինչ օրս ամուսնությունից առաջ պարտադիր բժշկական քննություն անցած 130 հազար երիտասարդներից 415 հոգու մոտ հայտնաբերվել է սիֆիլիս, 75 հոգու մոտ` ՄԻԱՎ/ԶԻԱՀ, 6921 հոգու մոտ էլ տալասսեմիա հիվանդություն:

Sputnik.az լրատվական կայքն էլ հայտնում է, որ 2015 թվականի տվյալներով` Ադրբեջանում հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդների թիվը կազմել է մոտ 3 հազար հոգի, որոնցից 337-ը 1-15 տարեկան երեխաներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում