Սպառողների շահերի պաշտպանները կանխատեսում են գազի սակագնի իջեցման դրական ազդեցությունը քաղաքացիների վրա

Սպառողների շահերի պաշտպանները կանխատեսում են գազի սակագնի իջեցման դրական ազդեցությունը քաղաքացիների վրա

Գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա սպառողների վրա: Այս հարցում համակարծիք են տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը եւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Մայիսի 4-ին հրավիրված ասուլիսում նրանք նշեցին, որ գազի սակագնի փոփոխությունը կարող է հանգեցնել նաև էլեկտրաէներգիայի էժանացման, գների նվազման` շինարարական և ջերմոցային ոլորտներում:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին գազի գնի հարցում նկատվում է իջեցման միտում: «Վերջին 2 տարում գազի սակագինը 40 դոլարով իջել է»,-ասաց նա: Հայասանում, սակայն, գների առումով ավելի զգայուն են բարձրացման հարցում, քան նվազման: «Ամբողջ աշխարհում է այդ խնդիրը՝ գները ավելի հեշտ բարձրացնում, քան իջեցնում են: Բիզնեսը հակված չէ իջեցնելու թողարկած ապրանքի գինը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա և նշեց, որ դրա պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նկատեց, որ Հայաստանում ընտանիքների ծախսերի 60 տոկոսը բաժին է ընկնում սննդին, 28 տոկոսը բաժին է ընկնում այլ ծառայությունների: «Քաղաքակիրթ երկրներում աղքատության գիծ է համարվում, եթե ծախսերի 25 տոկոսից ավելին բաժին է ընկնում սննդին»,- նշեց Պողոսյանը` նշելով, որ Հայաստանում գները բարձրանում են, բայց եկամուտները չեն աճում:

Գազամատակարար ընկերությունն՝ ի դեմս «Գազպրոմ Արմենիա»-ի պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայություններ կատարող հանձնաժողովին սպառողներին մատակարարվող գազի գինը նվազեցնելու առաջարկությամբ: Ընկերությունը մտադիր է 1000 խմ գազի դիմաց սպառողից 156 հազար դրամի փոխարեն գանձել 146,7 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում