Ես հիմա խուճապի չէի մատնվի և տագնապ հայտարարի. Լավրովը՝ ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագծից

Ես հիմա խուճապի չէի մատնվի և տագնապ հայտարարի. Լավրովը՝ ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագծից

Մոսկվան խուճապի պատճառ չի տեսնում՝ կապված հայ խորհրդարանականների` Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության հետ, քանի որ Երևանը հայտարարել է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով:  Այս մասին ՌԻԱ նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Զարուհի Փոստանջյանը «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ խոսակցություններին, դա չէ՞ որ Հայաստանը չի քննարկում: Այն խորհրդարանի երկու անդամի առաջարկ է: Եվ Հայաստանի կառավարությունը, իրենց օրենքներով, ինչպես նրանք բոլորին բացատրել են՝ հանդարտեցնելով կրքերը, պետք է եզրակացություն պատրաստի այդ օրինագծի վերաբերյալ: Ես հիմա խուճապի չէի մատնվի և տագնապ հայտարարի»,-ընդգծել է Լավրովը և հավելել, որ և Երևան այցի, և հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ, և այնուհետ ապրիլյան դեպքերից հետո Մոսկվայում իրեն հստակ վստահեցրել են, որ Երևանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

«Սա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում, և ոչ թե միակողմանի կարգով»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում