Աշխարհին պետք է անհանգստացնի այն, որ Ադրբեջանը դառնում է չարիքի կենտրոն. Հրանուշ Հակոբյան

Աշխարհին պետք է անհանգստացնի այն, որ Ադրբեջանը դառնում է չարիքի կենտրոն. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 4-ին ընդունել է ավստրալահայ բազմավաստակ ուսուցիչ, Սիդնեյի «Արշակ և Սոֆի Գոլստոն» ամենօրյա վարժարանի նախկին տնօրեն, ներկայումս Ավստրալիայում ԼՂՀ ներկայացուցիչ Քայլար Միքայելյանին՝ տիկնոջ հետ: Զրույցն ընթացել է ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի և սփյուռքահայ համայնքների կողմից իրականացվող աջակցությունն առավել նպատակային դարձնելու խնդրի շուրջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրությունում նշված է. «Քայլար Միքայելյանը նախարարին տեղեկացրեց, որ Ավստրալիայի հայ համայնքը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ադրբեջանական ագրեսիայից, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան ինչպես ԼՂՀ պաշտպանության բանակում, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում և պատրաստ է աջակցել զոհվածների ընտանիքներին և վիրավոր զինվորներին:

Նախարար Հրանուշ Հակոբյանն՝ ի դեմս Քայլար Միքայելյանի, երախտագիտություն հայտնեց ամբողջ ավստրալահայ համայնքին և ընդգծեց, որ «Ադրբեջանը ո՛չ միայն ագրեսոր է, ո՛չ միայն հայատյացության քարոզիչ է, այլ նախ և առաջ երկրի առաջին դեմքի մակարդակով պետական, պաշտոնական ձևով ահաբեկչությունը քարոզող, ահաբեկչությունը խրախուսող և պաշտպանող երկիր է: Այն քայլը, որ երկրի նախագահը պարգևատրում է զինվոր գլխատած ստահակին, արդեն իսկ ցույց է տալիս նրա իրական դեմքը: Դրա նախադեպն աշխարհն արդեն իսկ տեսել էր Ռամիլ Սաֆարովի օրինակով, և քանի որ ժամանակին ինչպես հարկն է չդատապարտվեց հայ քնած սպայի դաժան սպանությունը՝ այսօր այդ բարբարոսությունն առավել լպիրշ դրսևորումներով է ի հայտ գալիս: Պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչության հետ, պետական մակարդակով ահաբեկիչներ պատրաստելու փաստի հետ: Աշխարհին պետք է անհանգստացնի այն, որ Ադրբեջանը դառնում է չարիքի կենտրոն, ինչը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայատյացության և ռասիզմի ակնհայտ դրսևորում է կատարվում նաև Թուրքիայում, երբ երկրի բարձրագույն օրենսդիր ատյանում՝ մեջլիսում, բռնություններ կիրառելով՝ փորձում են լռեցնել հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, ով դատապարտում է ցեղասպանությունը, ձայն բարձրացնում հանուն ճշմարտության, հանուն արդարության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր՝ ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ, Թուրքիայում շարունակում են լռեցնել հայերին»:

Իր հերթին Քայլար Միքայելյանը նշեց, որ սփյուռքահայությունը չի ուզում հանդուրժել հայության հանդեպ դարեր շարունակ գործադրվող բռնությունները, ցեղասպանությունը և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցնեով սատար կանգնել Հայրենիքին և Լեռնային Ղարաբաղին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Ղարաբաղին տրվող օգնության ձևերին և հնարավորություններին առնչվող այլ հարցեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում