Հայաստանում հաշմանդամների համար կենսապայմանների հարմարեցումը թափ է առնում

Հայաստանում հաշմանդամների համար կենսապայմանների հարմարեցումը թափ է առնում

Հայաստանում հաշմանդամների իրավունքների պաշտպանվածության աստիճանը 10 բալանոց սանդղակով կարելի է գնահատել 5-6 բալ: Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրվա` մայիսի 5-ի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: «Խորհրդային ժամանակներից Հայաստանին բաժին է հասել հաշմանդամների համար ոչ հարմարեցված միջավայր: Հիմա հերոսական ջանքեր են գործադրվում` լրացնելու բացթողումները և առավել հարմարավետ կենսպայամաններ ստեղծելու համար»,- ասում է Աբրահամյանը: Որոշ ոլորտներում արդեն գրանցվում են հաջողություններ, մի մասն էլ դեռ ժամանակ է պահանջում` խնդիրների լուծման համար: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանում վավերացվել է 2010թ. մայիսին, ենթադրում է օրենսդրական փոփոխություններ: Աբրահամյանի խոսքով` հատկապես վերջին շրջանում ակնհայտորեն զգացվում են Քաղաքապետարանի նախաձեռնած ակտիվ գործունեությունն ու համագործակցությունը տարբեր ՀԿ-ների հետ` հաշմանդամություն ունեցող մարդկանց առավել հարմար կենսապայմաններով ապահովելու համար: «Երևանում տեղաշարժման մատչելիությունը թափ է առնում. հարմարեցումը սկսվեց կենտրոնից, այժմ նույն պայմաններն են ստեղծվում նաև քաղաքի ծայրամասերում: Արդեն կան նաև հատուկ տրանսպորտային միջոցներ»,- հավելեց «Փյունիկ»-ի նախագահը:

Պետության կողմից նախաձեռնված քայլերից նա մասնավորապես առանձնացրեց ԱԻՆ-ում հաշմանդամություն ունեցող մոտ 36 անձանց աշխատանքով ապահովելը: Որոշ մասնավոր ընկերություններ ևս աշխատատեղեր են հատկացրել հաշմանդամների համար, սակայն Աբրահամյանի կարծիքով`որոշում կայացնող մարմինների աշխատակազմում ևս պետք է ներառել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Նա նաև նշեց, որ հաշմանդամների աշխատանքային ներգրավվածությունն անշուշտ բարձրացել է, բայց շատ գործատուներ դա համարում են բարեգործություն, մինչդեռ հաշմանդամների զբաղվածության ապահովման պետական երաշխիքների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՄԱԿ-ի կողմից Հաշմանդամների իրավունքների կոնվենցիան, որն ընդունվել է2006թ., Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2007թ մարտ և վավերացվել 2010թ. մայիսին: Կոնվենցիայի նախատեսում է հաշմանդամներին հասարակություն ներառմանն ուղղված քայլերի ակտիվացում,օրենսդրական դաշտի նորացում, որոշ մոտեցումների փոփոխություն:Ներկայումս ոլորտի քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն,որից ելնելով նաև անհրաժեշտություն է առաջանում վերանայել ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը,այն համապատասխանեցնելով Կոնվենցիայի դրույթներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքի տվյալներով`2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է` 200 117հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում 1-ին խումբ` 10268 կամ 5,1%, 2-րդ խումբ` 80328 կամ 40,1%, 3-րդ խումբ 101780 կամ 50,8%,հաշմանդամ երեխա` 7801 կամ 3,8%: Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6.7 %-ը:

Հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի (18-ից 63 տարեկան)անձիք կազմում են 63,4%, երիտասարդ տարիքի անձիք (18-ից 40 տարեկան)` 13,0%, 40-ից 63 տարեկան անձիք` 50,4%, կենսաթոշակային տարիքի անձիք` 32.6%:

Հետևեք մեզ նաև Telegram-ում