Չպետք է մոռանանք ԼՂՀ տարածքային ամբողջականության մասին՝ Ադրբեջանն ունի, ԼՂՀ-ն՝ չունի՞. Գագիկ Մելիքյան

Չպետք է մոռանանք ԼՂՀ տարածքային ամբողջականության մասին՝ Ադրբեջանն ունի, ԼՂՀ-ն՝ չունի՞. Գագիկ Մելիքյան

Արցախի անկախության ճանաչումը պետք է օրակարգային խնդիր դառնա Հայաստանում: Այս մասին «ԼՂՀ անկախության ճանաչման հնարավոր հետևանքները» թեմայով կայացած բանավեճին նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի եզրակացությանը հավանություն տալու կառավարության որոշմանը:

«Ես կարծում եմ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը մեկ քայլ առաջ անի՝ ապացուցելու աշխարհին և Ադրբեջանին, որ երբ մենք ասում էինք, թե պատերազմի վերսկսման դեպքում միանգամից նախաձեռնելու ենք ճանաչման խնդիրը, չենք ասել ուղղակի ասելու համար»,- նշեց Պողոսյանը՝ նկատելով, որ նույն կերպ միջազգային հանրությունը երկար ժամանակ չէր հավատում հայկական կողմի նախազգուշացումներին, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, երբ Ադրբեջանն ակտիվորեն սպառազինվում էր: Սա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը սանձազերծեց ապրիլյան պատերազմը:

«Հիմա մենք պետք է գործով ցույց տանք բոլորին, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ճանաչելու ենք Արցախի անկախությունը, որ ճանապարհ ենք հարթում գալու այն կետին, որպեսզի հավատան՝ լուրջ ենք տրամադրված ու  պատրաստ ենք և ռազմական ճանապարհով պաշտպանելու այս հարցը, և անհրաժեշտության դեպքում հաջորդ քայլը կլինի քաղաքական, դրա համար ճանաչումը պիտի օրակարգային հարց դառնա»,- շեշտեց  պատգամավորը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այն կարծիքին է, որ եթե Ադրբեջանի կողմից սանձազերծվի լայնամասշտաբ պատերազմ, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը. «Գործընթացի սկիզբ է, որը հետագայում կարող է քննարկման դրվել Ազգային ժողովում, եթե իրավիճակի լուրջ փոփոխություններ և մեզ համար արտաքին նպաստավոր պայմաններ արձանագրվեն կամ տեսնենք»:

ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն իր հերթին ակնարկեց, թե իշխանություններն ականջալուր են եղել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ. հանրահավաքներից մեկի ժամանակ արված առաջարկին, թե ժամանակն է, որ ՀՀ Ազգային ժողովը ճանաչի Արցախի անկախությունը, համապատասխան արձանագրությունն ուղարկի նախագահական, որտեղ հարցը կարող է ժամանակավորապես առկախվել ու օգտագործվել այն պահին, երբ անհրաժեշտ լինի:

«Ես պարոն Մելիքյանի ասածի մեջ նման տարրեր տեսա: Եթե ինչ-որ մի փուլ անցնի, իսկ մենք տեսանք, որ առաջին փուլը դա կառավարության կողմից նախագծի եզրակացությանը հավանություն տալն է, նախագիծը կարող է գնալ Ազգային ժողով, որտեղ այս թեմայի վերաբերյալ կարող են բովանդակային քննարկումներ լինել: Ես որևէ վտանգ չեմ տեսնում, որ Ազգային ժողովն էլ քննարկի և հանդես գա համապատասխան որոշմամբ»,- եզրափակեց Կարապետյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի դիտարկմամբ, Արցախի անկախությունը ճանաչելու հարցը Հայաստանը մշտապես օգտագործել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ «որպես վերջին փամփուշտ»:

Նրա գնահատմամբ՝  Արցախի անկախությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնության եզրակացության վերաբերյալ կառավարության որոշումը չի նշանակում, որ օրինագիծն անմիջապես քննարկվելու է ԱԺ-ում և  ընդունելու. «Ես կարծում եմ, որ սա մի փոքր ավելի երկար գործընթաց է լինելու՝ տեսնելու համար ընդհանուր զարգացումները»:

Ըստ քաղաքագետի՝  հակամարտող կողմերը տեսնում են, որ բանակցային ճանապարհով ԼՂ հարցը լուծում չունի,  բայցև ոչ մեկ չի ցանկանում բուն մեղադրանքն իր վրա վերցնել՝ խափանելու  համար բանակցային գործընթացը:

Արա Պապյանը չափազանցված է համարում այն տեսակետը, թե Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն Ադրբեջանի համար ռազմական գործողություններ սկսելու առիթ կհանդիսանա. Ադրբեջանը ռազմական գործողությունները չի ձեռնարկում Արցախի անկախությունը ճանաչելու շուրջ, այլ դա անում է, երբ նպատակահարմար է գտնում՝ ըստ իր հնարավորության, Հայաստանի ներքին վիճակի և աշխարհաքաղաքական իրավիճակի: Նրա կարծիքով, այս ամիս գուցե Ադրբեջանը սպասի և չիրականացնի ռազմական գործողություններ, բայց սպասումը երկար չի տևի. «Ադրբեջանը կանի հարձակման երկրորդ փորձը, ավելին՝  3-6 ամիսը մեկ ապրիլյան գործողությունների նման գործողություններ կանի՝ մինչև ինչպես հարկն է պատժենք և նրանք հասկանան, որ ամեն գործողությունից հետո պատժվելու են»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը լրացրեց՝ եթե ԼՂՀ ճանաչման գործը մինչև վերջ տարվի, այն լուրջ ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Իհարկե, այս պահին քաղաքական գործիչը չի գտնում, որ  այսօր բանակցություններն այն փուլում են, որ պետք է ՀՀ-ն գնա նման որոշման կայացմանը:

ՀՀԿ անդամ  Գագիկ Մելիքյանը պնդեց՝ ԼՂՀ անկախությունը  պետք է ճանաչվի, այլ հարց է՝ բանակցային գործընթացով, թե՞ ռազմական ճանապարհով, ինչպես ցանկանում է Ադրբեջանը: Մի բան հստակ է՝  սկսված գործընթացը բխում է մեր շահից, ի վերջո բանակցություններում դրված է ԼՂՀ կարգավիճակի հարցը.«Միջազգային հանրությունն Ադրբեջանին պիտի ասի՝ ընկեր, ոչ բանակցային ճանապարհով եք գործընթացն առաջ տանում, ոչ ռազմական ճանապարհով եք կարողանում ձեր հարցը լուծել, վերջին հաշվով՝ ինչ եք ուզում»: 

Այս համատեքստում Մելիքյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը չի կարող ասել, թե  ԼՂՀ-ն կամ ժողովուրդներն ինքնորոշման իրավունք չունեն: Երբ նրան հիշեցրեցին տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, պատգամավորը հակադարձեց. «Չպետք է մոռանալ ԼՂՀ տարածքային ամբողջականության մասին, ով ասեց, որ Ադրբեջանն ունի տարածքային ամբողջականություն, ԼՂՀ-ն՝ չունի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում