Դավութօղլուի վարչապետական ամբիցիան չներեց, բայց Ալիևին Էրդողանի «ձեռքը» չի հասնի. ՌԴ-ն «կկտրի»

Դավութօղլուի վարչապետական ամբիցիան չներեց, բայց Ալիևին Էրդողանի «ձեռքը» չի հասնի. ՌԴ-ն «կկտրի»

Թուրքիայում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում. Ահմեթ Դավութօղլուն հրաժարական չտվեց, նրան ստիպեցին հեռանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Պոստմոդեռնից «դոստմոդեռն». Էրդողանը չներեց Դավութօղլուի վարչապետ լինելու ամբիցիան

Թուրքիայում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում. Դավութօղլուն հրաժարական չտվեց, նրան ստիպեցին հեռանալ: Թուրքիայում նույնիսկ զավեշտով ասում են՝ եթե 1997-ի փետրվարի 28-ին տեղի ունեցավ «պոստմոդեռն» հեղաշրջում՝ զինվորականների մասնակցությամբ, ապա հիմա «դոստմոդեռն», երբ Դավութօղլուի բարեկամներն իր դեմ հեղաշրջում իրականացրեցին:

Թուրքագետի դիտարկմամբ, պալատական այս հեղաշրջումը  տեղի ունեցավ 2 փուլով՝ ապրիլի 29-ին և մայիսի 4-ին: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր վրա վերցրեց մարզային կուսակցական պաշտոնյաների նշանակման լիազորությունը: Այս քայլով փաստորեն Էրդողանը փորձեց նվազեցնել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ազդեցությունը երկրում: Իսկ մայիսի 4-ին նրան արդեն Էրդողանի պալատում հասկացրեցին, որ պիտի գնա: Իրավական առումով Թուրքիայի նախագահը որևէ կապ չունի վարչապետին հանելու հետ, նրան պարտադրեցին: Իսկ Էրդողան-Դավութօղլու հակասություններն ըստ Անդրանիկ Իսպիրյանի, սկսվեցին Դավութօղլուի վարչապետ նշանակվելուց հետո. նա մտածեց, թե պետք է դառնա վարչապետ, բայց Էրդողանը նրան հիշեցրեց, որ իր կողմից է նշանակվել: Երկրորդ՝ 2015-ի սեպտեմբերին կուսակցության ղեկավար խորհուրդում ձայն ունենալու համար Դավութօղլուն փորձեց բերել իր կողմնակիցներին, ինչը նրան թույլ չտվեցին և Էրդողանն իր մարդկանց բերեց: Երրորդ՝ Դավութօղլուն դեմ էր ընդդիմախոսներին՝ մտավորական, հասարակական գործիչ և այլն, ձերբակալությունների միջոցով ճնշմանը, արտաքին քաղաքական հարթությունում էլ կային տարաձայնություններ:

«Էրդողանը չներեց Դավութօղլուին, քանի որ նա փորձում էր վարչապետ լինել և վարչապետ զգալ, մինչդեռ Էրդողանը նշանակել էր ուղղակի վարչապետ աշխատելու»,-ընդգծեց Անդրանիկ Իսպիրյանը` հավելելով, թե  Էրդողանն անգամ հրահանգում էր, որ մամուլի առաջին էջում չլինի Դավութօղլուն, գումար է տվել, որ Օբաման նրա հետ չհանդիպի:

«Այս որոշումը իմ պատճառով չէ, այլ ի հայտ եկած անհրաժեշտության հետևանքն է»,-հեռանալիս հայտարարել էր Դավութօղլուն՝ ասելով, որ մինչև վերջին շունչը կպաշտպանի Էրդողանին, որ նրա ընտանիքն իր ընտանիքն է: Իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր խոսքում ասել էր. «Դա իր անձնական որոշումն էր, բարով գնա, մի օր իրեն են տվել այդ պաշտոնը, ինքն էլ ուրիշին է տալիս»: 

Գրքով լողալ սովորողը պրակտիկայում ջախջախվեց. վերջ դրվեց հայ-թուրքական տխրահռչակ հարաբերություններին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճարտարապետն Ահմեդ Դավութօղլուն էր. 7 տարի առաջ այս ժամանակները նա դարձավ ԱԳ նախարար և այդ 7 տարվա ընթացքում փորձեց կառուցել իր քաղաքականությունը, բայց ստացավ տապալում: Տապալվեց 13 անգամ վերահրատարակված «Ռազմավարական խորություն» գրքի հեղինակը. նա սկսեց  հարևանների հետ «զրո խնդիրով», մուտքը բավական բուռն էր, և հիմա, ըստ թուրքագետի, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալով վերջ դրվեց հայ-թուրքական տխրահռչակ հարաբերություններին. «Հայ-թուրքական հարաբերությունների այդ կարգավորումներն այսուհետ որևէ նշանակություն և արժեք չունեն առանց Դավութօղլուի: Անգամ Էրդողանի 2015-ի ապրիլքսանչորսյան ցավակցական տեքստն Դավութօղլուն էր գրել»:

Անդրանիկ Իսպիրյանը հավելում է՝ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի հետ ջերմացումը ևս նրա շնորհիվ էր, ի վերջո Էրդողանի արտաքին հարցերով խորհրդականն էր:

Թուրքագետի գնահատմամբ՝ հակառակ նրան, թե որքան անկանխատեսելի է Էրդողանը, Դավութօղլուն շատ հարցերում ավելի մեղմ էր, Էրդողանի կոպիտ քաղաքականությունն ու սխալները Դավութօղլուն իր դիվանագիտությամբ փորձում էր մեղմացնել, նա իր էությամբ բավականին հավասարակշիռ էր, մտավորական, ակադեմիական աշխարհի ներկայացուցիչ էր: Հիմա արդեն իրավիճակը բացառապես տիրապետելու է Էրդողանը, ուստի որևէ դիվանագիտական, քաղաքակրթական քայլից  խոսելն անիմաստ է դառնում. Թուրքիան թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ դառնում է բացառապես Էրդողանի կողմից կառավարվող, այսինքն՝ բացարձակ անկանխատեսելի:

«Դավութօղլուն հեռատես չէ՝ թե արտաքին և ներքին քաղաքական դաշտում. նա տեսավ կուսակցական ընկերների անկումը՝ Գյուլ, Ջեմիլ Չիչեք և այլոց, բայց Դավութօղլուն մտածեց մամուլն իրենով կանի, սակայն քաղաքակա նվաստացուցիչ ավարտի ականատեսը եղանք»,-արդեն Times.am -ի հետ զրույցում նկատեց Անդրանիկ Իսպիրյանն՝ ակնարկելով, որ Թուրքիայի մասշտաբով Էրդողանն ավելի բարձր վարկանիշ ունի՝ շնորհիվ ազգայնական կոչերի:

Էրդողանի ձեռքը չի հասնի Ալիևին.  ՌԴ-ն կօգնի, որ նա մնա գահին

Թուրքիայի արտաքին քաղաքականության անկանխատեսելիությունն ազդում է իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Թուրքիան ՌԴ-ի հետ բախումը փորձում է տեղափոխել այն հատվածներ, որոնք  կապ ունեն ռուսական պետության հետ. հաքերները Պորոշենկոյի անունից էրդողանին էին զանգել, որի ժամանակ ասվել էր՝ ամեն ինչ արեք, որ նեղեք, Ղրիմի թաթարներին են ֆինանսավորում, դեռ չեչենական պատերազմի ժամանակից ՌԴ-ի դեմ կռվող գրոհայինները ստացել են Թուրքիայի աջակցությունը: Այսօր էլ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, որոնք հարձակվում են ԼՂՀ-ի վրա, պատրաստվում են Թուրքիայում: Ուստի, պատահական չէր թուրքական հրճվանքն ապրիլյան պատերազմի օրերին: Մյուս կողմից մեզ հետ զրույցում Անդրանիկ Իսպիրյանը նկատեց, որ Թուրքիան դարձավ ադրբեջանական քարոզչամեքենայի զոհը, երբ մարտադաշտում երևաց ադրբեջանական բանակի  իրական դեմքը: Այստեղ թուրքագետը նկատում է՝ ճիշտ է Դավութօղլուն խոսում Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից, բայց մի փոքր կայծ և ողջ զինանոցը ցուցադրեցին:

Մեր դիտարկմանը՝ թե կան տեսակետներ, որ Ալիևը հնազանդվում է մեծ եղբորը, քանի որ վտանգ կա, որ Էրդողանն Ադրբեջանում էթնիկ ժողովուրդների միջոցով իշխանափոխություն կիրականացնի և Ալիևին կհեռացնի իշխանության ղեկից, թուրքագետը շեշտեց.«Ադրբեջանը բռնատիրական երկիր է, այնտեղ ընդդիմություն չկա հեղաշրջում անելու համար, Ալիևին  հեռացնելը ևս հեշտ չէ. ռուսական գործոնը կա և ՌԴ-ն կօգնի, որ դա չլինի, որ Ալիևը մնա»:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում